Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին սրտի համաշխարհային օրն է նշվում։
ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ առաջին անգամ այն նշվել է 1999թ.՝ Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ, որին միացել ու աջակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ՅՈՒՆԵՍԿՕ-ն, այլ կազմակերպություններ:
Օրվա նպատակն է քարոզել ակտիվ ու առողջ ապրելակերպ:
Աշխարհում ամեն տարի սրտանոթային հիվանդությունների պատճառով մահանում է շուրջ 17,3 մլն մարդ։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում և Արցախում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների աճը շարունակում է մնալ առողջապահության համակարգի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներից մեկը: Դիտարկելով բնակչության մահացության հիմնական պատճառները՝ մասնագետները փաստել են, որ արյան շրջանառության հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը կազմում են 48%:
Ցանկալի է խուսափել տապակած, աղի, կծու, թթու կերակուրներից, չափավորել սպիտակ հացի, խմորեղենի, մակարոնեղենի օգտագործումը, որոնց մեջ ալյուրը մեծ տոկոս է կազմում, փոխարենը ուտել ձուկ և բանջարեղեն: Մեր հանրապետությունում անցյալ տարի ԼՂՀ առողջապահության նախարարությունը Հայկական բժշկական ասոցիացիայի և ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության հետ համատեղ իրականացրել են սկրինինգային հետազոտություն:
Արցախի առողջապահության համակարգի համար կարևոր ձեռքբերում է ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում անգիոգրաֆիկ բաժանմունքի բացումը, որի շնորհիվ կանխվել են սրտանոթային մի շարք հիվանդություններ ու բարդություններ, փրկվել մարդկային կյանքեր։ ժամանակակից սարքավորումներով հագեցած անհետաձգելի բուժօգնության և անգիոգրաֆիկ բաժանմունքների մասնագետներն շտապ բուժօգնություն են ցուցաբերել կյանքի և մահվան պայքարի մեջ հայտնված մարդկանց: Ժամանակին հետազոտվել և ստենտավորվել են սրտանոթային խնդիրներով տասնյակ հիվանդներ. արդյունքում կանխվել են ինֆարկտներ ու մի շարք բարդություններ։
Վրեժ Հովսեփյան