
Գյուղացիական բերքի առատությունը, լիարժեք մթերման առումով, որոշակի խնդիրներ է առաջացրել:
Վերջին մի քանի օրերին Հայաստանի որոշ մարզերում գյուղացիների շրջանում դժգոհություններ են առաջացել: Վերջիններս ընկերություններից պահանջում են մթերել իրենց ամբողջ բերքը:
Այս հարցն ունի որոշակի նրբություններ: Առաջացած իրավիճակում արդարացի չէ մեղադրել ո՛չ գյուղացուն, և ո՛չ էլ մթերող ընկերություններին, որոնք որոշակի խնդիրներ ունեն արտաքին շուկաներում:
Ինչ խոսք, այս տարի մի շարք պատճառներով մթերման գործընթացը բարդ էր: Կոնյակագործների և գինեգործների համար արտահանման շուկաներում, մասնավորապես ռուսական շուկայում առաջացել էին խնդիրներ: Հիմնական խոչընդոտները կապված էին արևմուտքի երկրների կողմից կիրառվող պատժամիջոցների ու ռուսական ռուբլու արժեզրկման հետ:
Ակնհայտ է, որ այս պայմաններում մթերման գործընթացները կարելի էր նորմալ և կազմակերպված իրականացնել միայն խիստ վերահսկողության պայմաններում:
Պետության դերն այս գործընթացում կարևոր է, սակայն ոչ պակաս նշանակություն ունի նաև ֆերմերական տնտեսությունների արագ ինքնակազմակերպումն ու ստեղծված իրավիճակում ռացիոնալ լուծում գտնելը:
Այս համատեքստում, նշենք նաև , որ կառավարության նախորդ նիստում վարչապետը հանձնարարական էր տվել նաև գործադիրի վերահսկողական ծառայությանը և այդ ստորաբաժանումը մթերման կետերում իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ:
Կարեն Մկոյան