Գյուղացու բերքի ավելցուկը մասնավորապես խաղողագործության ոլորտում հանգեցրել է որոշակի խնդիրների: Այսօր Արարատի մարզի խաղողագործները փակ էին պահում Երևան-Արարատ մայրուղին և պահանջում էին հանդիպում վարչապետի կամ նախագահի հետ: Բանն այն է, որ վերջիններս պահանջում էին մթերել իրենց արտադրած խաղողի բերքը: Վարչապետի' քաղաքացիների հետ հանդիպումից հետո, ճանապարհը բացվեց: Ողջունելի է գյուղական բերքի նմանօրինակ առատությունը, սակայն արարատցիների այսօրվա խնդիրը գլոբալ առումով ո՛չ գյուղացու, և ո՛չ էլ մթերող կազմակերպության մեղավորությունը չէ:
Մի կողմից, գյուղացու' բերքը մթերելու պահանջը արդարացված է, քանի որ կլոր տարին աշխատանք ու ռեսուրս է օգտագործել խաղողն աճեցնելու համար, մյուս կողմից էլ մթերող ընկերությունն արտաքին շուկայի մարտահրավերների պայմաններում ի վիճակի չէ մթերել ամբողջ արտադրանքը: Ինչպես գիտենք, կոնյակի և գինու հիմնական սպառման շուկան ՀՀ-ի համար հանդիսանում է Ռուսաստանը, այդ իսկ պատճառով ռուսական ռուբլու արժեզրկումը բավականին խոշոր վնասներ է հասցրել կոնյակ արտահանող գործարարներին: Հետևաբար տվյալ ըներություններն այսօր հնարավորություն չունեն մթերել լրացուցիչ բերք:
Պետությունը նույնպես մեղավոր չէ, քանի որ չի կարող ստիպել տնտեսվարողներին մթերել ամբողջ բերքը: Այս պայմաններում մնում է միայն պետությունը մտածի լրացուցիչ մեխանիզմներ նմանօրինակ խնդիրները կասեցնելու և հնարավոր խոչընդոտներից զերծ մնալու համար: Վարչապետը խոստացել է հանդիպել մթերողների հետ և կոչ անել հնարավորությունների սահմանում աջակցել գյուղացիներին: Նման պայմաններում բոլոր կողմերը պետք է ըմբռնումով մոտենան, որպեսզի խնդիրը լուծվի նվազագույն վնասներով:
Կարեն Մկոյան