Գաղտնիք չէ, որ Չինաստանը ՀՀ-ի համար հանդիսանում է կարևորագույն առևտրատնտեսական գործընկեր: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է մոտ 500 մլն ԱՄՆ դոլար: Ըստ պաշտոնական տվյալների ներմուծման տեսանկյունից Չինաստանը Հայաստանի, ՌԴ-ից հետո, 2-րդ գործընկերն է, որին բաժին է ընկնում մեր ներմուծման մոտ 9 տոկոսը: Հիմա Չինաստանի տնտեսությունը դինամիկ զարգանում է և թերևս դրանով կարելի է պայմանավորել այն հավակնոտ ծրագրերը, որոնք նախաձեռնում է Չինաստանը՝ ձգտելով էլ ավելի ամրապնդել սեփական դիրքերը համաշխարհային տնտեսությունում առհասարակ և ասիական տարածաշրջանում՝ մասնավորապես:
Վերը նշված հավակնոտ նախաձեռնությունների թվին է պատկանում «Մետաքսի ճանապարհը», որը նախատեսում է միավորել Հեռավոր Արևելքը, Միջին Արևելքն ու Եվրոպան՝ ստեղծելով յուրօրինակ տնտեսական գոտի: Այս նպատակի իրականացման համար չինացիները ստեղծել են Ենթակառուցվածքային հիմնադրամ շուրջ 40 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով: Նախատեսվում է ֆինանսական միջոցները հատկացնել երկաթուղիների, ավտոճանապարհների կառուցմանն ու էներգետիկ, արդյունաբերական խոշորամասշտաբ ծրագրերի իրականացմանը:
«Մետաքսի ճանապարհի» կառուցումը լուրջ խթան կհանդիսանա դրա մասը կազմող երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, միջազգային առևտրի զարգացման համար, ինչը լրացուցիչ դրական ազդակներ կհաղորդի տնտեսությունների զարգացմանը:
Հայսատանի և Չինաստանի Վարչապետերի հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունները հիմնականում ելում են այս մայրցամաքային տնտեսական ծրագրի տրամաբանությունից: Մասնավորապես համաձայն պաշտոնական հաղորդագրության Չինաստանը պատրաստ է օժանդակել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը: Նույնը կարելի է ասել Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման մասին: Այս ենթակառուցվածքների զարգացումը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն կունենա: Նախ պետք է ի նկատի ունենալ, որ կարճաժամկետ հատվածում դա ենթադրում է ներդրումների հոսք դեպի Հայաստան (Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը չինացի մասնագետների գնահատականներով կարժենա մոտ 3,2 մլրդ դոլար), ինչը կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր, կնպաստի տնտեսության աշխուժացմանը, իսկ երկարաժամկետում Հայաստան կարող է դառնալ միջազգային առևտրի տարանցիկ գոտի:
Վերջին շրջանի իրադարձությունները վերլուծելով կարող ենք փաստել, որ Չինաստանում ձեռքբերված պայմանավորվածությունները խիստ կարևոր են, եթե չասենք կենսական, ՀՀ տնտեսության համար: Մասնավորապես Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասով, քանի որ, գաղտնիք չէ, որ գոյություն ունի նաև այլընտրանքային տարբերակ, համաձայն որի Մետաքսի ճանապարհը կարող է շրջանցել Հայաստանը: Սակայն Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման պայմանավորվածությամբ այդ տարբերակը փաստորեն դառնում է անհավանական և ապահովվում է Հայաստանի ներգրավվածությունը նշված ծրագրին:
Մարինա Ներսեսյան