«Մեր դժբախտությունների համար մեղավոր ենք նախ եւ առաջ մենք»... Փորձում էի մտքերս ի մի բերել եւ արձագանքել այս վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ՝ խորհրդարանական քարոզներ, էլեկտացանցերի բումերանգ եւ լրտեսների բացահայտում, բայց ի վերջո հասկացա, որ ոչ մի նոր բան չեմ կարող ասել ավելին այն ամենից, ինչ ասել էր մեծն Գարեգին Նժդեհը դեռեւս 1926-ին, եւ ինձ մնում է ուղղակի մեջբերել նրա մարգարեական խոսքերը՝ ասված թերեւս այսօրվա համար.
«Մենք վերագնահատումի պիտի ենթարկենք ոչ միայն դեպքերի առարկայական բնույթը, այլ մանավանդ մեր հոգեւոր կյանքի ենթակայական տարրերը: Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք մեր դժբախտության իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վերքերը, ախտորոշման պիտի ենթարկենք մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն խոսք կարող է լինել բուժման մասին: Իսկապես, ինչո՞ւ պարտվեց եւ բարեկամներից լքվեց հայ ժողովուրդը: Ո՞վ է մեղավոր, երկրի աշխարհագրական դի՞րքը, քրիստոնեական Եւրոպա՞ն, մահմեդական Ասիա՞ն, թե ճակատագի՞րը: "Բոլորը՝ բացի մեզնից", - այսպես է տրամաբանում մեր անուղղելի քաղքենիամտությունը:
Հիվանդ, դժբախտ իմ ժողովուրդ, որ մինչեւ այժմ երկու առաքինություն է ունեցել՝ իր բոլոր դժբախտությունները վերագրել արտաքին պատճառների եւ փրկությունը հուսալ միայն արտաքին ուժերից: Այստեղ է պատճառը մեր տարօրինակ հավատի ու խանդավառության' երբ օտարը խոստումներ է կատարում, եւ նույնքան տարօրինակ հիասթափության ու հուսալքումի' երբ նա դրժում է այդ խոստումները: Աղետալի մի ինքնաժխտում, որ մեզ հոգեբանորեն այնքան անարժեք է դարձրել, որ անգամ մեր դժբախտության մեջ մեղքի որոշ բաժին էլ մեզ տալը զլանում ենք:
Մենք այնքան թերարժեք ենք թվում մեզ, որ չենք կարծում, թե քաղաքական աշխարհում որևէ բանի պատճառ, անգամ դժբախտությունների' մենք կարող ենք լինել: Ամեն ինչ լինում է, գուցեև մեզ համար, բայց մեզնից դուրս, անկախ մեզնից: Քաղաքական մի կույր պատեհապաշտություն, որ մթագնել է մեր բանականությունը անգամ մի կոպիտ, մի աղաղակող ճշմարտություն տեսնելու' դա այն է, որ մեր դժբախտությունների համար մեղավոր են ոչ թե բոլորը' բացի մեզնից, այլ նախ եւ առաջ' մենք...»: («Բաց նամակներ հայ մտավորականությանը»)
Ռուբեն Շուխյան