Երբ իրոք սիրում ես, դադարում է ամեն մի դատողություն, և սիրած մարդու գործողություններն ու բնավորությունը, վարքագիծը գնահատելիս ենթարկվում ես միայն ու միայն սիրո ձայնին, ենթարկվում քո զգացմունքներին: Բնականաբար հաճախ քեզ թվում է նա թերություններ չունի, անթերի է, կատարյալ ու միակը...

 


Փաստորեն, սիրո զգացմունքերի շնոհիվ եղած թերությունները նաև շատ հաճախ չենք նկատում, այլ այդ թերությունները թվում են ոչ միայն ներելի, այլ նաև սիրելի…Երբեմն նաև թվում է, որ կարծես դրանք ոչ թե թերություններ են, այլ նույնիսկ առաքինություններ, առավելություններ, թեև արտասովոր բնույթի: Մի խոսքով սիրում ես և վերջ, առանց դատողությունների, առանց մտածելու, առանց հաշվարկների:
Ցավոք, որքան ավելի մեծ է երջանկությունը, այնքան ավելի քիչ է դա նկատելի: Մենք այդ զգում ենք հատկապես այն կորցնելուց հետո և մեզ համար թանկ է դառնում, երբ այլևս չի բավարարում, երբ այլևս չունենք այն ու մենք սկսում ենք շնչահեղձ լինել և նոր զգալ, թե ինչ թանկ ու հարազատ,կարևոր, հրաշալի բան ենք կորցրել…
Իսկական սերը նաև օժտված է մի մեծ հատկությամբ.նա ոչ միայն գիտե հուսալ, այլև մոռանալ….Ու դու մոռանում ես նույնիսկ այն տհաճ րոպեները, խոսակցությունները, արարքները, որոնք չսիրելու դեպքում այլ վերաբերմունքի և գնահատականի կարժանանային: Սիրելով, դու միշտ հույսով ես ապրում նույնիսկ այն ժամանակ, երբ համոզված ես, որ այլևս հուսալու ոչինչ չկա…Իսկ երբ սիրված չես, բայց հավատարիմ են քեզ, առանց սիրո, առանց զգացման, առանց կրքի, առանց ջերմության ու ցանկության, ապա ավելի լավ է դա չլինի…Այո′, կարելի է լինել անսահման հավատարիմ և այնուամենայնիվ չսիրել…Հաճախ նաև այդ հավատարմությունը ինքնասիրության վրեժի, փոխհատուցման մի ձև է…Հավատարմություն և ոչ թե սեր, պարտքի զգացում և ոչ թե զգացմունքներ…

 


Մինչդեռ սերն անմնացորդ նվիրում է, առանց սառը հաշվարկների, առանց գիտակցության, առանց կուռ մտքի ու տրամաբանության…Այն տարերք է, զգացմունքների պոռթկում ու բնական, անկեղծ, հրաշալի զգացմունքների աշխարհ…Մարդու կյանքում եղած ամենա հրաշալի, լավ, հիասքանչ, գեղեցիկ բաներից մեկը' եթե ոչ ամենալավը…
Իսկ այդպիսի զգացում իմ կարծիքով մարդ կարող է ունենալ միայն ու միայն մեկ անգամ…Լիարժեք, անմնացորդ, անսահման, տիեզերական…
Ու այն երբեք չի մեռնում, երբեք չի մոռացվում և միշտ որպես Փյունիկ հառնում է մոխիրներից, աղոթք դառնում ու հավերժանում…Միշտ սիրտդ, հոգիդ ցավում է կորստի կսկիծից, բայց դա միաժամանակ նաև մի հրաշալի, աստվածային զգացում է… Դու սիրում ես, դու ապրում ես նրանով, միշտ, առհավետ, հավիտյան' միայն ու միայն նրանով, նրա հետ…

 


Ու միշտ պետք է հիշել ու սիրել առանց ցավեցնելու և խաբելու: Սերը միակ բանն է, որ չի ճանաչում ոչ մի սահման, ոչ մի բաժանում, ոչ մի սուտ ու կեղծիք…Այն տիեզերական է, անսահման, աստվածատուր…
Սիրեցե′ք և մի′ կորցրեք նրանց, ովքեր թեկուզ որոշ ժամանակ եղել են ձեր կյանքի իմաստը: Մի′ թողեք ձեր սիրելի մարդկանց…Երբեք…

 

Ռոբերտ Մելքոնյան