Ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն իր երկրի կյանքի քաղաքական կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ «ծանրակշիռ» կարծիք կամ քաղաքագիտական վերլուծություն չի շտապում հրապարակել: Որոշ պաուզա է տալիս, նայում շուրջբոլորը, և երբ առաջին «փոթորիկն» անցնում է, երբ թվում է, թե արդեն ամեն ինչ ասված է, ասպարեզ է իջնում և հավակնում դնել բանավեճի վերջակետը:
Սակայն Ահմեդօղլուն մի կարևոր առանձնահատկություն ունի. ի´նչ թեմայով էլ լինի բանավեճը, նա անպայման այնտեղ հայկական հետք է փնտրում- գտնում, անպայման հիշեցնում է «այդ հայերի» երեսից իր խեղճ ժողովրդի կրած տառապանքը:
Բացառություն չէ նաև Եվրախորհրդարանի վերջին բանաձևը, որը, ճիշտ է, նախագահ Ալիևն սկզբում «թղթի կտոր» անվանեց, բայց և ամբողջ երկրի մտավոր ներուժն ուղղեց եվրոպական այդ փաստաթղթի վարկաբեկմանը: Մամուլի ասուլիսի միջոցով Մուբարիզ Ահմեդօղլուն ևս այսօր արժեքավոր մտքեր է արտահայտել, բայց հայկական թեման «կարմիր թելի նման» անցնում է նրա դատողությունների դարավանդներով: Իբր թե դեռ 2010 թվականից սկսած, երբ Հայաստանի նախագահը եվրոպական երկրներ էր այցելում, տեղի հայերը բողոքել են, որ Ադրբեջանի դիրքերը Եվրոպայում ուժեղացել են և խորհուրդ են հարցրել, թե ինչ անեն: ՀՀ նախագահն, իբր, նրանց խորհուրդ է տվել զբաղվել Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրներով:
«Հայերն օգտագործեցին Եվրոպայի իրենց ամբողջ ռեսուրսը: ԱՄՆ- ի հայկական կազմակերպությունները վերստին ակտիվացան հակաադրբեջանական ուղղությամբ»,- լրագրողներին ասել է Ահմեդօղլուն: - Եվ հիմա էլ ահա ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական է նշանակվել մի հայ, ինչը հայերին ավելի մեծ վստահություն կտա»:
Ադրբեջանի ժողովուրդը, ըստ քաղաքագետ Ահմեդօղլուի, որոշակի վերաբերմունք ունի համաշխարհային հայության հանդեպ: «Համբերատար մինչև վերջ պետք է շարունակենք այս երկարատև պայքարը»,- ասել է Մուբարիզը և վերջում մի ինքնատիպ միտք էլ արտահայտել. «Եվրոպայի վերաբերմունքը հայերի հանդեպ Ադրբեջանը դարձնում է Ռուսաստանի դաշնակիցը»:
Եվ էլի՝ «Եվրոպայի և Ադրբեջանի ներկայիս խնդիրների հեղինակը եվրոպացիներն են: Այժմ մենք նրանցից այլ ուղերձ ենք սպասում: Հնարավոր ենք համարում քննարկել ու վերլուծել բոլոր հարցերը և ընդունել ընդհանուր որոշում»:
Մուբարիզն ակնարկում է, որ համապատասխան ուղերձը չստանալու դեպքում իր երկիրը այլևս ազատ կլինի կողմնորոշվել դեպի Ռուսաստան: Ի դեպ, Ահմեդօղլուն ադրբեջանցի առաջին քաղաքագետը չէ, որ այսպիսի միտք է արտահայտում:
Անի Սանոսյան