Վերջին շրջանում շատ է կարևորվում ՏՏ ոլորտի զարգացումը: Վերջինիս խթանմանն է ուղղված սույն ոլորտին կառավարության կողմից տրամադրված հարկային արտոնությունները: Գաղտնիք չէ, որ անցած տարի գործադիր մարմնի նախաձեռնությամբ խորհրդարանն ընդունեց տեղեկատվական ոլորտի պետական աջակցության մասին օրենքը։ Ըստ որի տնտեսության այս հատվածում գործունեություն իրականացնելու մտադրություն ունեցող նորաստեղծ ընկերությունները ստացան մի շարք հարկային արտոնություններ։
Հարկ է նշել, որ իրականացված օրենսդրական փոփոխություններով, վերջիներս ընդհանրապես ազատվեցին շահութահարկից, ինչպես նաև սահմանված չափանիշներին բավարարող ՏՏ նորաստեղծ ընկերությունները ստացան եկամտային հարկի արտոնություն և նրանց համար սահմանվեց 10% դրույքաչափ։ Մի բան, ինչը զգալիորեն ավելի ցածր է, այսպես կոչված, ոչ արտոնյալ դաշտում գործողների համար հաստատված նույնիսկ նվազագույն դրույքաչափից։ Ինչպես հայտնի է, այն կազմում է 24,4%։
Ճիշտ է, տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտի նորաստեղծ ընկերություններին տրամադրված արտոնությունից շատ ժամանակ չի անցել, բայց այնուհանդերձ դրական տեղաշարժերն արդեն ակընհայտ են։ Կարճ ժամանակահատվածի ընթացքում ոլորտում ստեղծվել են 40 նոր ընկերություններ՝ ավելի քան 200 աշխատատեղերով։
Տնտեսության սույն ոլորտում Հայաստանում բավական մեծ պոտենցյալ կա, ինչը իրացնելու համար բարենպաստ միջավայրի ստեղծումը միանգամայն արդարացված է։ Պատահական չէ, որ շահութահարկի և եկամտային հարկի գծով տրամադրված արտոնության ժամկետի ավարտից հետո, կառավարությունը պատրաստվում է քննարկել դրանք շարունակելու կամ հավելյալ խթաներ նախատեսելու հարցերը։
Վերը նշվածի մասին օրերս Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրում հայտարարեց նաև վարչապետը և ասաց, որ տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտը Հայաստանում ունի զարգացման մեծ ներուժ և կառավարությունը պատրաստ է քննարկել ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին օժանդակություն ցուցաբերելու յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ։
Նարեկ Սարգսյան