Ոչ վաղ անցյալում մամուլում լայն տարածում էր գտել Չեխական ավիաուղիների վերադարձի միտման մասին լուրը: Այսօր արդեն հայտնի է դարձել, որ վերջինս նախատեսում է վերամեկնարկել Երևան-Պրահա չվերթները 2015թ դեկտեմբերի 13-ից և դրա միակողմանի ավիատոմսի արժեքը կլինի սկսած 88,960 ՀՀ դրամից, իսկ երկկողմանի տոմսերի արժեքը' սկսած 162,460 ՀՀ դրամ, ներառյալ' հարկերը և վճարները:

 


Հայտնի է դարձել, որ Չեխական ավիաուղիները նախատեսում է իրականացնել շաբաթական երկու չվերթ Երևան-Պրահա և հետադարձ ուղղությամբ: Մեկնումը Երևանից կլինի երկուշաբթի և հինգշաբթի օրերին ժամը' առավոտյան 5:20, վերադարձը Պրահայից' չորեքշաբթի և կիրակի օրերին ժամը' 21:55, որը Զվարթնոց միջազգային օդանավակայն կհասնի առավոտյան ժամը 4:30, հաջորդ օրը: Չեխական ավիաուղիները կոնկրետ օրերի համար' 2015թ դեկտեմբերի 26-ին, 2016թ հունվարի 2-ին և 16-ին կավելացնի շաբաթական երրորդ հաճախականությունը շաբաթ օրերին:

 


Հատկանշական է, որ առավոտյան, տրանսպորտի հոսքի ժամին, Պրահա ժամանելու շնորհիվ, Երևանից եկող ուղևորները կկարողանան Պրահայի միջոցով շարունակել իրենց ճանապարհը դեպի օրինակ' Փարիզ, Հռոմ, Բարսելոնա, Մադրիդ, Ամստերդամ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ, Դյուսելդորֆ և այլն:
Չեխական ավիաուղիների կոմերցիոն, միավորման և մարկետինգի գծով տնօրեն Ժան Տոթը ասել է, որ չվերթների հետագա իրականացումը դեռևս ուսումնասիրության փուլում է: Քննարկվում են 2016թ ամռանը չվերթների իրականացման տարբեր մոդելներ, սակայն դեռ որևէ մոդել չի ընտրվել: Ամռանը չվերթների իրականացումը պետք է շատ լրջորեն ուսումնասիրվի և դրական որոշում կարող է կայացվել, եթե այն տնտեսապես արդարացված է երթուղու սպասարկման ամբողջ ժամանակաշրջանի համար:

 

Նարեկ Սարգսյան