Էներգախնայողությունն ու էներգետիկ անվտանգությունը երկրի զարգացման ու կայուն վիճակի գլխավոր նախապայմաններից է: Օրերս կայացած կառավարության նիստում հավանություն է տրվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից ներկայացված Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտին առնչվող օրենսդրական փաթեթին:

 

Այժմ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հաստատված կարգով նախատեսվում է ապահովել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների' էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանով էլեկտրաէներգետիկական համակարգի հետ համատեղ աշխատանքը: Հատկանշական է, որ արդեն իսկ կա հաստատված պայմանագրի օրինակելի ձևը:
Հարկ է նշել, որ վերջին շրջանում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն և Հանձնաժողով են դիմում մի շարք ինքնավար էներգաարտադրողներ տեղեկացնելով, որ վերը նշված ակտերի համաձայն էլեկտրաէներգետիկական համակարգին միացումը և էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրի կնքումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից չեն իրականացվում, քանի որ հարկային օրենսդրության համաձայն հարկային ձևակերպումների կատարման առնչությամբ կան խնդիրներ:

 

Վերը նշվածի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որի պայմաններում հարկային օրենսդրությամբ հաշվի չեն առնված էներգետիկայի բնագավառը կարգավորող օրենսդրությամբ ինքնավար էներգաարտադրողների համար նախատեսված կարգավորման առանձնահատկությունները, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանով էլեկտրաէներգետիկական համակարգի հետ ինքնավար էներգաարտադրողների զուգահեռ աշխատանքը և համապատասխան կարգերի կիրառությունը դարձել են անհնար:

 

Հարկ է նշել, որ «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքներում համապատասխան լրացումները և փոփոխությունները կատարելու մասին օրենսդրական փաթեթով առաջարկվում է ապահովել վերականգնող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման փոխհոսքերը, իսկ կարգավորման դաշտից հանել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող էլեկտրական էներգիա արտադրող այն ինքնավար էներգաարտադրողներին, որոնց տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի տեղակայված իրենց սպառիչների ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավել քան 150 կիլովատտը:

 

Կարելի է փաստել, որ օրենսդրական նախաձեռնությունը ուղղված է Հայաստանում էներգախնայողության իրականացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը: Հանդիսանալով էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղի կնպաստի տնտեսության դիվերսիֆիկացմանը: Սույն նախագիծը կարևոր է էներգետիկ և տնտեսական անկախության և անվտանգության ամրապնդման տեսանկյունից, այն զգալիորեն կթեթևացնի էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը' նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից, ինչպես նաև հնարավորություն կտա բարձրացնել էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանը:

 

Մարինա Ներսեսյան