Օրերս մամուլում լայն տարածում էր գտել ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը, ըստ որի միության կազմում եղած պետությունները ռազմավարական ապրանքների դեպքում պետք է անցում կատարեն ռուբլով հաշվարկին՝ հրաժարվելով առևտուրը դոլլարին կապելուց: Հատկանշական է, որ մինչ այդ, ՌԴ նախագահ Վ. Պուտինը Պետական դումա էր ներկայացրել օրինագիծ, որով առաջարկվում է Եվրասիական տնտեսական միության անդամների միջև առևտրաշրջանառությունն իրականացնելիս հրաժարվել դոլլարի ու եվրոյի միջանկյալ օգտագործումից և հաշվարկներն իրականացնել ազգային արժույթներով:


Վերը նշված լուրին անդրադարձել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տնտեսագիտության և կառավարման» ամբիոնի դոցենտ Սարգիս Մանուկյանը, ով ասել է, որ ճիշտ է ռուբլին այժմ անկայուն արժույթ, բայց Վարչապետը հատկապես կարևորել է ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտուրը ռուբլով կատարելու և դոլլարից հրաժարվելու գաղափարը:

 

Վերջին տարիներին, մեր իշխանությունները բազմիցս փորձել են համոզել ռուսներին, որպիսզի բնական գազի վճարումները Ռուսաստանին դոլլարի փոխարեն իրականացվեն ռուբլով, որին ռուսները չեն համաձայնել: Հիմա արդեն դա կարող է ռուսների նախաձեռնությամբ իրականանալ: Նա նաև նշել է, որ մենք կարող ենք շահել ոչ միայն բնական և հեղուկ գազի, այլ նաև նավթամթերքների, հացահատիկի, ադամանդի, անմշակ ալյումինի, ատոմակայանի համար նախատեսվող միջուկային վառելիքի համար ռուբլով վճարումներ կատարելու դեպքում, որտեղ միայն վերը նշված ապրանքների Ռուսաստանից ներմուծման գումարային մաքսային արժեքը նախորդ տարի կազմել է մոտ 800-900 մլն. դոլլար, որի մոտ կեսը կազում է բնական և հեղուկ գազի մաքսային արժեքը:


Սարգիս Մանուկյանը նշել է նաև, որ գործադիրի ղեկավարը, ռազմավարական ապրանքներ ասելով, բացի բնական և հեղուկ գազից, նաև այս ապրանքներն էլ հավանաբար նկատի է ունեցել: Այսինքն, տարեկան մոտ 1 մլրդ դոլլար արտարժույթ միայն արտաքին առևտրի կտրվածքով մեր երկրից դուրս չի գա՝ գաղտնիք չէ, թե ներկայումս որքան կարևոր են մեզ համար արտարժույթային պահուստները: Եթե իհարկե ռուսները ազնվորեն պահպանեն իրենց իսկ կողմից նախաձեռնած խաղի կանոնները, որին նա խիստ կասկածում է, և ռուբլին չփորձեն օգտագործել միայն իրենց շահերի համար և ի վնաս ԵՏՄ մյուս գործընկեր երկրներին:

 

Արմեն Վարդանյան