Նոր ուշագրավ զարգացումներ են ուրվագծվում սիրիական հակամարտության շրջանակներում: Ավելի քան 4.5 տարի շարունակվող ներքին զինված առճակատման ընթացքում եզակի անգամ երկրի իշխանությունների դեմ ուղղված աննախադեպ զանգվածային բողոքի գործողություն է տեղի ունեցել Արաբական Հանրապետության հարավային՝ հիմնականում սիրիական էթնոդավանական փոքրամասնություն հանդիսացող դրուզներով բնակեցված ալ-Սուվայդա նահանգում: 


Դեռևս սեպտեմբերի 4-ին նահանգի համանուն վարչական կենտրոնում՝ ալ-Սուվայդա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններից հետո, որոնց հետևանքով զոհվել է 25 մարդ, այդ թվում՝ անթաքույց հակաասադական դիրքորոշմամբ հայտնի դրուզ հոգևորական Վահիդ ալ-Բալուսը, հակաիշխանական բողոքի ակցիաներն ակնհայտորեն աճման միտում ունեն:


Թեպետ սիրիական իշխանությունները պնդում են, որ ահաբեկչական հարձակումների հետևում կանգնած է երկրում «ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «ալ-Նուսրայի ճակատ» կազմակերպությունն, իսկ ահաբեկչական հարձակման ենթադրյալ կազմակերպիչը, ով ևս դրուզ է, բայց անդամակցում է ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակ» կառույցի ճյուղավորումներից մեկին, այնուաեմնայնիվ ակնհայտ ընդդիմադիր դիրքորոշմամբ դրուզ հոգևորականի սպանությունը, հատկապես հակամարտության տվյալ շրջափուլում միանշանակ ձեռնտու էր իշխանություններին:


Այդ իսկ պատճառով բողոքի գործողությունները կրում են մեծամասամբ հակաիշխանական բնույթ: Որոշ դեպքերում դրանք ունեցել են ծայրահեղական դրսևորումներ, ինչի հետևանքով տուժել են քաղաքի վարչական հաստատություններն, անգամ վնասվել է Բաշար ալ-Ասադի հոր՝ ՍԱՀ նախկին նախագահ Հաֆիզ ալ-Ասադի արձանը: 


Դրուզական գործոնը բավականաչափ ուշագրավ տեղ ունի սիրիական հակամարտության շրջանակներում: Բանն այն է, որ այս համայնքը մինչև ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսները հիմնականում չեզոք դիրքորոշում ուներ, իսկ սիրիական հակամարտ գրեթե բոլոր կողմերը ամեն կերպ խուսափում էին դրուզների դեմ հարձակողական գործողություններ իրականացնել: Դրա պատճառներից մեկն էլ այն էր, որ հիմնականում Մերձավոր Արևելքի 4 երկրներում (Իսրայել, Սիրիա, Լիբանան, մասամբ նաև Հորդանան) ապրող դրուզների անվտանգության երաշխավորը արտաքին ուժերն էին և հատկապես՝ Իսրայելը:


Ասել է, թե՝ դրուզների դեմ որևէ մասշտաբային գործողություն բարոյական, հետագայում անշուշտ նաև իրավական հիմքեր կստեղծեր Հրեական պետության համար՝ սիրիական հակամարտությանն ուղղակիորեն և բացեիբաց միջամտելու. իսկ տևական ռազմական գործողություններից ուժասպառ եղած սիրիական հակամարտ կողմերից որևէ մեկը չէր ցանկանա առճակատման նոր ճակատ բացել և հատկապես՝ հանձին Իսրայելի:


Այս համատեքստում, անգամ սիրիական հակամարտության մասնակիցներից ամենառազմատենչը՝ «Իսլամական պետությունը», մայիս-հունիս ամիսներին դրուզների դեմ նախաձեռնած սահմանափակ գործողություններն այդպես էլ չընդարձակեց՝ քաջ գիտակցելով նման իրավիճակում Իսրայելի հետ բախվելու անխուսափելիությունը:


Իսկ վերջին զարգացումները, մասնավորապես՝ սիրիական հակամարտության շրջանակներում դրուզների դիրքորոշման փոփոխության հնարավորությունն՝ ընդդեմ սիրիական վարչակարգի, որն, անշուշտ, մանևրելու հերթական առիթ կստեղծի սիրիական հակամարտության արտաքին որոշ մասնակիցների համար, կարող է որակապես նոր զարգացումների հող նախապատրաստել փաստացի մասնատված Սիրիայում՝ դրուզների ինքնորոշման գործընթացից, մինչև՝ դարձյալ Հրեական պետության ուղղակի միջամտության լայն հավանականություն:


Արմեն Պետրոսյան