
2014 թ. դեկտեմբերին Հայաստանում ընդունվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը: Օրենքի ընդունումից հետո մինչ օրս ակտիվորեն շարունակվել են տվյալ ոլորտի բարեփոխումները:
Օրենքի շնորհիվ հնարավոր եղավ ընդունել դրա կիրառման համար անհրաժեշտ իրավական ակտերը և այժմ անցում է կատարվելու տեսչական մարմինների ձևավորման բուն գործընթացին:
Գործադիր մարմնի կողմից այսօր տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 13-րդ նիստը: Քննարկման է դրվել և արժանացել հավանության Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, դրա կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին հարցը:
Նորաստեղծ տեսչական մարմնում ներդրվելու են կառավարման նոր համակարգ, քննարկման նոր սկզբունքներ և հանրային իրազեկման նոր մոտեցումներ, ինչը կնպաստի տեսչական մարմնի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Վարչապետի կողմից հավանության արժանացած նոր ստեղծվելիք մարմինը կհանդիսանա առաջին տեսչական և պիլոտային մարմինը՝ տեսչական մարմինների ստեղծումն առավել սահուն իրականացնելու նպատակով:
Ըստ օրենքի ՝ մինչև 2018 թ. հունվարի 9-ը ստեղծված կլինեն բոլոր տեսչական մարմինները և գործող բոլոր տեսչությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը:
Առաջիկայում նախատեսվում է ստեղծել տեսչական մարմիններ ՀՀ ֆինանսների և ՀՀ առողջապահության նախարարություններում:
Նարեկ Սարգսյան