Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տնտեսական աճի առաջին կիսամյակի ցուցանիշները. առաջին եռամսյակում՝ մի քիչ ցածր, երկրորդ եռամսյակում՝ բարձր, ընդհանուրը կիսամյակի կտրվածքով արձանագրվել է շուրջ 4 տոկոս տնտեսական աճ:
Կառավարությունում ուրախացել են, որ ի հեճուկս հոռետեսների 4 տոկոս աճ է արձանագրվել և հանձնարարել են հանրությանը ներկայացնել կիսամյակի տնտեսական արդյունքները, լրատվամիջոցների մի մասն էլ տխրել է, որ տնտեսական անկման մասին իրենց կանխատեսումները չիրականացան և միահամուռ կասկածի տակ են դնում ԱՎԾ-ի ցուցանիշները:.
Հիմնական փաստարկներից մեկն էլ այն է, որ իբր քաղաքացին, շարքային սպառողը չի զգում տնտեսական աճի արդյունքները:

 


ԱՎԾ-ն, ընդհանրապես, «պեդանտ» կառույց է, գործ ունի չոր թվերի և փաստերի հետ: Գուցե թե տնտեսական իրական հատվածի, հատկապես արդյունաբերության, ներմուծման ու արտահանման ցուցանիշներն անմիջապես տեսանելի չեն, ապա նույնը չի կարելի ասել գյուղատնտեսության մասին: Այս տարին, իրոք, աննախադեպ էր գյուղմթերքների արտադրության և վաճառքի առումով: Շարքային քաղաքացին, համենայն դեպս, ոչ միայն զգացել է գյուղմթերքների առատությունն ու որպես դրա հետևանք անհամեմատ ցածր գները, այլև վայելում է ամռան ու արդեն նաև աշնան բարիքները:
Ըստ ԱՎԾ-ի, 2015թ. առաջին կիսամյակի տնտեսական աճի զգալի մասը կազմում է գյուղմթերքների արտադրությունը:

 


Եվ քանի որ առջևում բերքահավաքի և մթերումների ամենաեռուն շրջանն է, տնտեսության այս ոլորտի ազդեցությունը զգացվելու է նաև 2-րդ կիսամյակի տնտեսական աճի վրա:

 

Կարեն Մկոյան