Ներկայումս աշխարհում տեղի են ունենում աշխարհաքաղաքական գործընթացներ, որոնք պայմանավորում են մի շարք երկրների այդ թվում նաև որոշ գերհզոր երկրների տնտեսական դժվարությունները: Նավթի գնի անկման, Ռուսաստան- Արևմուտք հակասությունների սրաման, Չինաստանի տնտեսական դանդաղ աճի պարագայում տնտեսական բարդություններ են առաջացել նաև մեր տարածաշրջանում: Այս ամենը իր ազդեցությունը թողել է նաև Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշների վրա:

 


2015թ-ի առաջին եռամսյակում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանը ունեցել է ՀՆԱ-ի 2,5 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում 5,1 տոկոս տնտեսական աճ, արդյունքում ստացվում է, որ գրանցվել է շուրջ 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ: Այնուամենյանիվ նշված ցուցանիշները սպասվածից բարձր են եղել գյուղատնտեսության, և մասամբ արդյունաբերության ճյուղերի դրական զարգացումով պայմանավորված: Հիշեցնենք, որ տարվա սկզբին միջազգային կազմակերպույունների կանխատեսումով Հայաստանի տնտեսական աճը չպետք է գերազանցեր 1 տոկոսը:

 


Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը 4տոկոս կիսամյակային տնտեսական աճ է ունեցել, սակայն քաղաքացիները բողոքում են, որ իրենց տեսանելի չէ գրանցվող աճը: Խնդիրն այն է, որ բնակչության մեծ մասի վրա տնտեսական աճը որպես կանոն տեսանելի է լինում միայն այն պարագայում, երբ որ աճի ցուցանիշները լինում են երկնիշ թվով: Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև մյուս երկրներին:
Օրինակ՝ Չինաստանի տնտեսական աճը վերչջին շրջանում 8 տոկոսից նվազել է հասնելով 7 տոկոսի: Առաջին հայացքից թվում է, որ Չինաստանի տնտեսության համար 7 տոկոս տնտեսական աճը շատ լավ ցուցանիշ է, սակայն բնակչությունը բողոքում է, որ իր համար տեսանելի չեն աճի ցուցանիշները և իրենք ավելի շատ անկման սիմպտոմներ են տեսնում:
Ի տարբերություն Չինաստանի՝ Ճապոնիայում, որը ունի նույնպես գերհագեցած տնտեսություն, եթե տարեկան գրանցվում է 1 տոկոսից բարձր տնտեսական աճ, ապա տարին համարվում է հաջողված, և ամեն ինչ արվում է եղած ցուցանիշները պահելու համար:

 


Ելնելով բերված օրինակից' պետք է նշել, որ ստեղծված ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է պահպանել ձեռք բերված 4,4 տոկոս աճը և ամեն գնով խուսափել անկումային ցուցանիշներից, քանի որ բնակչությունն ավելի զգայուն է անկման դեպքում և շատ արագ զգում է իր կյանքում տնտեսության մեջ բացասական փոփոխությունները:

 

Նարեկ Պողոսյան