Հայկական առաջին նամականիշերը... 1918 թ. Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումից հետո՝ նորանկախ երկրում հրատապ կերպով անհրաժեշտ էր կազմակերպել փոստային շրջանառության գործընթացը: Սկզբում այդ նպատակի համար օգտագործվեցին պահեստներում մնացած ցարական Ռուսաստանի հին նամականիշերը՝ հենց նրանք դրվեցին շրջանառության մեջ, եւ որպեսզի նամականիշերը որոշ չափով դառնան «հայկական», որոշվեց նրանց վրա թանաքով ուղղակի դրոշմել «Հ» տառը:

 


Հայկական առաջին պետական նամականիշերը տպվեցին արդեն 1920 թ. սկզբին Chassepot տպագրատանը Փարիզում՝ Արշակ Ֆեթվաճյանի էսքիզների հիման վրա (նկարում): Տպագրված խմբաքանակը մեծ դժվարությամբ հասավ Երեւան 1920-ի նոյեմբերին: Բայց քանի որ երկրում պատերազմական ծանր վիճակ էր՝ այն պահեստավորվեց եւ այդպես էլ Առաջին հանրապետության օրոք չդրվեց շրջանառության մեջ: Սակայն նրանք համենայն դեպս հասցրեցին կատարել իրենց «առաքելությունը»' որպես ժամանակավոր փաստային նամականիշեր: Մինչ կտպագրվեին արդեն Սովետական Հայաստանի նամականիշերը՝ 1921 թ. կոմունիստական իշխանությունը շրջանառության մեջ դրեց այդ «փարիզյան» նամականիշերը՝ վրան դրոշմելով Սովետական Հայաստանի նորաստեղծ զինանշանը:

 


Արշակ Ֆեթվաճյանի ստեղծած նամականիշերը եղել են 3 նկարներով («Ճախարակ», «Արծիվ», «Արարատ»), ունեցել են 2 ձեւաչափ՝ ուղղահայաց եւ հորիզոնական, եւ տարբեր գունային երանգներ: Ընդամենը տպագրված է եղել 10 տեսակի (ըստ գունային երանգների) նամականիշ՝ 1-ից մինչեւ 100 ռուբլի նոմինալ արժողությամբ:

 

 

 

 

Ռուբեն Շուխյան