ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում, որը տեղի է ունենալու առաջիկա երկուշաբթի' օգոստոսի 31- ին, նախատեսում է հավանություն տալ «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին:
Գործող իրավակարգավորման պայմաններում հարկային մարմիների կողմից ՀՀ օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունը և եկամուտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու դեպքում լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից և դրանց հետ կապված հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից 10 տոկոս մասհանվում է հարկային մարմնի զարգացման և պարգևատրման ֆոնդի հաշվին:

 


Այն օգտագործվում է մարմնի նյութատեխնիկական ապահովվածության, օրենսդրությամբ սահմանված կարգով օպերատիվ- հետախուզական և հետաքննչական միջոցառումներ իրականացնելիս ծախսեր կատարելու, հարկային մարմինների աշխատանքում ներդրում ունեցողների դրամական պարգևատրման և օգնության, օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ գնումների իրականացման և շենքերի, շինությունների ու աշխատանքային պայմանների բարելավման համար:

 


Գործող օրենքով սույն կարգավորումը տարածվում է նաև պետական կառավարչական հիմնարկների /ՊԿՀ/, ՊՈԱԿ- ների, համայնքային ՈԱԿ- ների, 100 տոկոս' պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ- ների և 100 տոկոս' համայնքային սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ- ների վրա, որոնց գործունեությունը ֆինանսավորվում է պետական կամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին: Արդյունքում պետական և համայնքային բյուջեի հաշվին գանձվող լրացուցիչ գումարները փոխանցվում են պետբյուջեից ֆինանսավորվող ՊԿՀ- ի զարգացման և պարգևատրման ֆոնդ:

 


Ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է ՊԿՀ- ներից, ՊՈԱԿ- ներից և համայնքային ՈԱԿ- ներից, 100 տոկոս' պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ- ներից և 100 տոկոս' համայնքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ- ներից գանձվող լրացուցիչ գումարներից հարկային մարմնի զարգացման և պարգևատրման ֆոնդի հաշվին մասհանում չկատարել և ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական բյուջե:
Կառավարության հավանությունն ստանալու դեպքում օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեում կձևավորվեն լրացուցիչ միջոցներ, որոնք կուղղվեն անհրաժեշտ այլ ծրագրերի իրականացմանը:

 

Մարինա Ներսեսյան