Կառավարության առաջիկա նիստի օրակարգում տեղ գտած հարցերից մեկը օրենսդրական նախաձեռնություն է և վերաբերում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն: Հեղինակը ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն է, ով առաջարկել է կանոնակարգել ՀՀ սահմանադրության 80- րդ հոդվածով և «Ազգային _ժողովի կանոնակարգ» օրենքի 105- րդ հոդվածով նախատեսված պատգամավորների' ՀՀ կառավարությանը հարցերով դիմելու կարգը:
Հաշվի առնելով, որ պատգամավորները հերթական նստաշրջանի քառօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում կարող են կառավարությանը դիմել գրավոր և բանավոր հարցերով, ընդ որում' սահմանված կարգով առաջինն հնչում են գրավոր հարցերը, երբեմն դրանց մեծաթիվ լինելու պատճառով պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից: ՈՒստի պատգամավոր Թևան Պողոսյանն ավելի նպատակահարմար է համարում նիստի սկզբում առաջինը հնչեցնել բանավոր, այնուհետև' գրավոր հարցերը:

 


Նախագծով հստակեցվում է նաև բանավոր հարցերով ՀՀ կառավարությանը դիմելու կարգը:
Գործող կարգով առաջինը բանավոր հարցերով կարող են հանդես գալ ընդդիմադիր խմբակցությունների երեքական հերթագրված պատգամավորներ, որից հետո բանավոր հարցերով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները: Նշված կարգով, ըստ օրենսդրական նախաձեռնության հեղինակի, ստեղծվում է մի իրավիճակ, որի պայմաններում ոչ ընդդիմադիր և անկախ պատգամավորները շատ հաճախ չեն կարողանում հասցնել նիստի ընթացքում իրենց հարցը հնչեցնել: Ներկայացված նախագծով առաջարկվում է փոխել այս կարգը' առաջինը հնչեցնել ընդդիմադիր խմբակցությունների երկուական հերթագրված պատգամավորների, այնուհետև ոչ ընդդիմադիր խմբակցություների երկուական հերթագրված պատգամավորների և դրանից հետո խմբակցություններում կամ պատգամավորական խմբերում չընդգրկված երկուական պատգամավորների հարցերը:
Առաջարկվում է նաև կրճատել կառավարությանն ուղղվող հարցի ներկայացման և դրան տրվելիք պատասխանի, պատասխանի վերաբերյալ պատգամավորի կարծիք արտահայտելու և վերջինիս վերաբերյալ կառավարության անդամի արձագանքի համար օրենքով սահմանված ժամանակը: Օրենսդրական այս փոփոխությունը ևս կնպաստի մեկ նիստի ընթացքում կառավարությանն ավելի շատ հարցերով դիմելուն:

 


Ըստ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի նախագահին ուղղված նամակի նախագծի, որը տեղադրված է կառավարության կայքում, գործադիրը ձեռնպահ է մնալու եզրակացություն տալու հարցում, քանի որ օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է Ազգային ժողովի գործունեության կարգի սահմանմանն ու վերաբերում է դրա կազմակերպման արդյունավետությանը, այլ կերպ ասած' միայն ԱԺ իրավասության հարց է:

 

Նարեկ Սարգսյան