Համաշխարհային ֆինանսական շուկայում այս օրերին տեղի են ունենում որոշակի տատանումներ:
Չինաստանում և Ռուսաստանի Դաշնությունում նկատվում է ազգային արժեքի անկում:
ՌԴ ֆինանսական վիճակը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնցից մեկը վերջինիս նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն են:
Այս ամենին զուգահեռ նվազում է նաև Ղազախստանի արժույթը: Մասնավորապես ղազախական տենգեն մեկ օրում արժեզրկվել է 30 տոկոսով:
Վերը նշված բոլոր երկրներն էլ տնտեսապես ուղղակի թե անուղղակի կերպով կապված են Հայաստանի հետ: Օրինակ՝ ՀՀ արտաքին առևտրի 10% մասնաբաժինը պատկանում է Չինաստանին: Սա նշանակում է , որ վերոնշյալ պետությունների ֆինանսատնտեսական ցնցումները չեն կարող չանդրադառնալ մեր տնտեսական ցուցանիշների վրա:
Այնուամենայնիվ, պետք է արձանագրենք մի կարևոր իրողություն: Դեռևս այս տարեսկզբին ռուսական ռուբլու և ռուսական շուկայի տատանումներն արդեն նոր խնդիրներ էին առաջացրել հայկական դրամի համար: Այդ ժամանակահատվածում կառավարությունը մշակել էր որոշակի քայլեր միջազգային շուկայում տեղի ունեցող ցնցումներին հնարավորինս դիմակայելու համար: Անգամ նման պայմաններում ՀՀ-ն գրանցեց 2.2% տնտեական աճ:
Համաշխարհային շուկայում նավթի գների անկմանը զուգահեռ արժեզրկվում են նավթ արտահանող երկրների ազգային արժույթները: Ուստի Ղազախստանի արժույթի անկումը կանխատեսելի էր: Նկատենք, նաև, որ չնայած Ղազախստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, այնուամենայնիվ մեր ապրանքաշրջանառությունն այնքան մեծ չէ վերջինիս հետ, որպեսզի անմիջական ազդեցություն առաջանա:
Այս ամենի ֆոնին պետք է նշենք, որ այս տարի Հայաստանը տնտեսական մի շարք ոլորտներում գրանցել է բարձր ցուցանիշներ: Որպես օրինակ, հունվար-հուլիս ամիսներին գրևանցվել է գյուղատնտեսության 14.8%, արդյունաբերության 4.1% և շինարարության 0.4% աճ:
Ամեն դեպքում նման պայմաններում ոչ մի երկիր տնտեսական ցնցումներից ապահովագրված չէ և պետք է ստեղծած իրավիճակում սթափ դատել:
Կարեն Մկոյան