Եվ այսպես, ընդամենը մեկ օրվա մեջ, դրամի կուրսը սկսեց կտրուկ տատանումներ տալ ու այս պահի դրությամբ ֆիքսվել է 477.7 է կազմում՝ 1 դոլարի դիմաց։ Եվ սա այն պարագայում, երբ կիրակի օրով բանկերն ու ֆոնդային բորսան չեն աշխատում։
Եթե տրամաբանությունս ու փորձառությունս ինձ չի դավաճանում, ապա առաջիկայում մեզ սպասում է դրամի արժեզրկում. սկզբում՝ աստիճանական, հետո՝ կտրուկ, հետո էլի աստիճանական ու ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ, դրամի կուրսը կկայունանա մոտ 600-ի վրա՝ 1 դոլարի դիմաց։
Առայժմ դեռ կարողանում են կուրսը արհեստականորեն պահել այս մակարդակի վրա, որովհետև զբոսաշրջային սեզոն է, բացի դրանից, գյուղմթերքի արտահանման պիկն է ու տնտեսության մեջ արտարժույթային ներհոսքն առայժմ զգալի է, սակայն տարին մոտենում է ավարտին ու այդ հոսքը նվազելու է ու էլի սկսելվելու է արտարժույթային քաղց։ Բացի դրանից, ես կասկած անգամ չունեմ, որ բյուջեի պակասորդը այս տարի էլ են լրացնելու կենտրոնական բանկի ու կառավարության մակարդակով արվող փոխարժեքային սպեկուլյացիաներով։
Սարսափելին այն է, որ սա ուղղակիորեն խփելու է յուրաքանչյուրիս գրպանին, քանի որ նախ բերելու է գնաճի՝ բոլոր ապրանքների ու ծառայությունների համար, երկրորդն էլ՝ դույզն ինչ չի ազդելու մեր եկամուտների ավելացմանը։ Այսինքն, եթե դուք այսօր ստանում եք 150000 դրամ, որը կազմում է այսօր մոտ 300 դոլար, դուք էլի ստանալու եք նույն 150000-ը, երբ փոխարժեքային արտահայտումը կլինի 250 դոլար ու ձեր գնողունակությունը այ ուղիղ այդքանով կնկնի։
Ինչի՞ հետևանք է սա։ Իհարկե, կան օբյեկտիվ նախադրյալներ, որոնցից առանցքայինը Ռուսաստանի տնտեսության վատթարացող վիճակն է, սակայն կա նաև սուբյեկտիվ գործոն, որը հազար անգամ ավելի մեծ ազդեցություն ունի մեր շարքային քաղաքացու վրա։ Դա անշուշտ ստվերային տնտեսությունն է, որը չի վճարում հարկեր ու հետևաբար՝ բյուջեն չի կատարում իր եկամտային մասը, դա մենաշնորհներն են, որոնք թույլ են տալիս տարբեր լֆիկների ու լֆիկակերպերի՝ հարստահարել մեզ ու վերջապես, դա մեր կոռումպոգեն իշխանական համակարգն է, որը ոչ միայն թույլ է տալիս այս ամենը, այլև հենց ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ է այս ամենը։
Գեղամ Ասլամազյան