Ջոն Լեննոնի հիշատակի պուրակը Նյու Յորքում... Այս տարվա հոկտեմբերի 9-ին լրանում է 20-րդ դարի երկրորդ կեսի մեծ երգահան Ջոն Լեննոնի 75-ամյակը: Լեննոնը սպանվեց 1980-ին Նյու Յորքում' մոլեգար երկրպագուի արձակած կրակոցներից: Ոչ հեռու այն տեղից, որտեղ կրակել էին Լեննոնի վրա, Կենտրոնական այգու տարածքում, 1985 թ. Նյու Յորքի քաղաքապետարանը հիմնեց հիշատակի պուրակ, որն անվանվեց Strawberry Fields՝ Լեննոնի հանրահայտ երգի անվամբ: Իսկ պուրակի կենտրոնական ճեմուղում, հենց գետնին, մարմարե քարերից մի խճանկար տեղադրվեց' կենտրոնում գրված Լեննոնի Imagine մեկ այլ հայտնի երգի անվանումը:

 


Քիչ հայտնի փաստ է, որ Ջոն Լեննոնը գերեզման չունի, նրա մոխիրը այրին՝ Յոնո Օկոն ուղղակի ցրել է հենց այդ Imagine խճանկարի վրա: Եւ այժմ խճանկարը դարձել է նաեւ Լեննոնի խորհրդանշական գերեզմանը: Այստեղ է թեւածում նրա ազատատենչ ու ըմբոստ ոգին, այստեղ են այցի գալիս նրա միլիոնավոր երկրպագուները, երգում նրա երգերը, զրուցում նրա մասին կամ ուղղակի ծաղիկներ դնում ու մտորում: Ահա այսպես՝ պարզ, սովորական եւ մատչելի, առանց բետոնե բարձր պատերի ու սարսափազդու արձանների՝ միշտ կմնա Ջոն Լեննոնի հիշատակը:

 

 

 

Ռուբեն Շուխյան