Հրանտ Բագրատյան
Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն
Նախընտրական ծրագիր
«Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն» տնտեսական ծրագիրը բոլորովին նոր կոնցեպտ է, մոդել, որը ես առաջ եմ քաշում իբրև ՀՀ նախագահի թեկնածու ՀՀ 2013թ. նախագահական ընտրություններում: Նրանում, տեղ են գտել նաև նախկինում իմ կողմից ղեկավարած «100 քայլ» ծրագրի մի շարք առանցքային կետեր։
Ծրագրի նպատակները
Սոցիալական համերաշխության մոդելը
1. Սոցիալական արդարության մոդելի հիմքը բնակչության ազատ տեղաշարժի հնարավորությունն է սոցիալական մի խմբից մյուսը։ Խնդիրն այն է, որ ցանկացած չունևոր իրավունք ունի հասարակությունից ակնկալելու իր սոցիալական կարգավիճակը փոխելու գործողությունների ազատություն։ Ցանկացած չունևոր իրավունք ունի համապատասխան ջանքերի պարագայում անցնելու միջին կամ հարուստ խավ։ Ցանկացած հարուստ իր հարստության ավելացման ճանապարհին պարտավոր է թույլ չտալ չունևորների վիճակի վատացում։ Մակրոտնտեսական կառավարման մոդելը պետք է այնպիսին լինի, որ չքավորները պետք է ազատորեն մուտք գործեն միջին, իսկ ապա նաև հարուստ խավի սոցիալական տիրույթ։ Տնտեսական քաղաքականությունը պետք է բացառի կամ նվազագույնի հասցնի մեկի հարստացումը մյուսի հաշվին։ Հարստության կուտակումը հնարավոր պետք է լինի միայն ազատ մրցակցության պայմաններում։ «Տնտեսական էլիտաների բնականոն փոփոխությունը» առավելագույնը 2-2,5 տասնամյակի ընթացքում սոցիալական համերաշխության հիմքերից մեկն է։ Այս խնդիրը կպահանջի օրենսդրական դաշտի վերաձևում, ինչը հիմնականում կավարտենք 3 տարում։
2. Սոցիալական արդարության (համերաշխության) մոդելի մյուս բաղադրիչը եկամուտների տարբեր տեսակների միջև նորմատիվային կապի պահպանումն է։ Այսպես, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նվազագույն աշխատավարձը պետք է կազմի միջին աշխատավարձի 38-48%-ը, միջին կենսաթոշակը' միջին աշխատավարձի 37-40%-ը, Ջինիի գործակցով անհավասարությունները սպառման և եկամուտների մասերով պետք է կազմեն համապատասխանաբար' 0.235 և 0.315։ Նման մոտեցումը թույլ կտա, որպեսզի թոշակառուները կամ ցածր վարձատրվողները երբեք չունենան կենսամակարդակի հարաբերական վատթարացում։ Կենսամակարդակի բացարձակ չափը դրանով իսկ կախված կլինի տնտեսական աճից։ Ընդ որում շատ կարևոր է հետևյալ անհավասարության պահպանումը. միջին աշխատավարձ >նվազագույն աշխատավարձ> միջին կենսաթոշակ։ Այս խնդիրը կլուծենք 1.5 տարվա ընթացքում։
3. Սոցիալական արդարության մոդելի մյուս բնութագրիչը ինքնազբաղվածության աճն է. ոչ թե աշխատատեղ են ստեղծում մարդկանց համար, այլ, նախևառաջ, նրանց հնարավորություն է տրվում ստեղծել սեփական նախասիրություններին համապատասխան զբաղվածություն (աշխատատեղ)։ Պետությունը կվճարի ցանկացած նոր (առաջին անգամ բացվող) փոքր ձեռնարկություն նախաձեռնելու հետ կապված վարկերի տոկոսները։ Բացի այդ, պետական կարևորագույն ծրագրերի շուրջ կլաստերային աշխատատեղերի ստեղծումը, բնականաբար, պետք է նպաստի զբաղվածության աճին։ Սա մշտական հոգս է, այն կլինի մեր ամենօրյա գործունեության հիմնաքարը։
4. Սոցիալական արդարության մոդելի իրականացման հիմնական գործիքակազմն են. պրոգրեսիվ հարկային քաղաքականությունը (ինչքան շատ ես վաստակում, այնքան շատ ես վճարում), գործարարության շեմը, վարկերի հասանելիությունը և պետական աջակցության մասշտաբները։ Ընդ որում առկա է եկամուտների հարկման պրոգրեսիվ սանդղակ։ Որոշակի սահմանից սկսած այս կամ այն գործունեության (բիզնեսի) ընդլայնումը պետք է տնտեսապես նպատակարհարմար չլինի (բացառությամբ, եթե ապրանքներն ու ծառայություններն արտահանվում են), տրոհվի կամ իր տեղը զիջի փոքր ու միջին բիզնեսին։ Այս խնդիրը կլուծենք 2 տարվա ընթացքում։
5. Սոցիալական մոդելի մյուս բաղադրիչը սերունդների միջև համերաշխությունն է։ Խնդիրը սերունդների միջև եկամուտների վերաբաշխման օպտիմալ համամասնությունների կիրարկումն է։ Մասնավորապես, միջսերնդային խնամքի, օգնության ծավալները չպետք է ապախրախուսեն տնտեսության զարգացումը։ Միևնույն ժամանակ ավագ սերունդը պետք է ապահով ծերության հնարավորություն ունենա։ Հավասարապես անընդունելի են ինչպես սեփական ծերությունը սեփական խնայողություններով ապահովելու, այնպես էլ' եկամուտների վերաբաշխումը բացառապես պետական լծակների հաշվին լուծելու մեխանիզմների կիրարկումը։ Այս կետի իրականացումը (հիմնականում) հնարավոր է 5, ամբողջությամբ՝ 7-8 տարվա ընթացքում։
6. Սոցիալական արդարության մոդելի գոյության պարտադիր պայմանն է տարբեր մասնագիտությունների հավասար գնահատումը։ Չպետք է թույլ տալ մասնագիտական դիսկրիմինացիա։ Օրինակ, աշխատավարձը ֆինանսական ծառայությունների ոլորտում 3 անգամ բարձր է, քան տնտեսության մյուս ճյուղերում։ Միևնույն ժամանակ, այս ոլորտի մասնագետներ պատրաստելը շատ ավելի էժան է։ Պետությունը պետական ոլորտի ֆինանսական մասնագետներին վճարում է 6 անգամ ավելի, քան մյուս ոլորտների մասնագետներին։ Սա ապահավասարակշռում է աշխատանքային շուկան, հանգեցնում կրթական ռեսուրսների փոշիացմանը, նպաստում արտագաղթին։ Այս խնդիրը կլուծենք 8-10 տարվա ընթացքում, իսկ հիմնական փոփոխությունները կլինեն արդեն առաջիկա 3 տարիների ընթացքում։
7. Սոցիալական արդարության մոդելի վերջին բաղադրիչը երկրի ներսում մարզերի համեմատաբար հավասարաչափ զարգացումն է։ Մարդը պետք է հնարավորություն ունենա վաստակելու ու բարեկեցիկ կյանք ունենալու' անկախ նրա բնակության վայրից։ Պետք է հասկանալ. «Հայաստանը միայն Երևանը չէ, իսկ Երեւանն էլ միայն Կենտրոնը չէ»։ Անհամաչափ զարգացումը այս փոքր երկրում հանգեցրել է նրան, որ մարզերի մակարդակով հաշվարկած համախառն մարզային արդյունքը մինչև 5 անգամ (Տավուշի մարզ) տարբերություն է տալիս Երևանի համեմատությամբ։ Արդյունքում՝ առկա է ահռելի ներքին միգրացիա։ Ամեն տարի վերանում է 15-20 գյուղ։ Գյուղատնտեսական հողահանդակները չեն օգտագործվում։ Դրան զուգահեռ Երևանում գերծանրաբեռնված են ենթակառուցվածքները, ինչը թանկացնում և անմրցունակ է դարձնում այստեղ արտադրվող՚ ապրանքներն ու ծառայությունները։ Սա երկարաժամկետ խնդիր է և պետք է լինի մեր ամենօրյա գործունեության ուշադրության կենտրոնում։ Արդեն 5 տարի հետո իրավիճակը կշտկվի։ Այդ ընթացքում ներքին միգրացիան կկրճատվի 3 անգամ։ Այդ ամենին զուգահեռ առանձին աջակցություն է պետք ԼՂՀ և հարակից տարածքների բնակեցմանը։ Պետք է բարձրացնել սիրիահայության խնդիրը, նրանց բոլորին (շուրջ 200 հազ. մարդ) և Ադրբեջանից գաղթած հայերին ապահովելով բնակարանով ու աշխատանքով նշված տարածքներում (այսպես կոչված' «Նոր Հալեպ» ծրագիրը)։ Ամեն մի վերաբնակեցված ընտանիքին տրամադրել 50 000 դոլար նշված տարածքներում' առնվազն 5 և 120000 դոլար' 10 տարի ապրելու և աշխատելու համար։
Բնակչության եկամուտներ, զբաղվածություն, ծնելիություն, հանրային և սոցիալական ծառայությունների ոլորտ
8. Կենսաթոշակների արագացված բարձրացում: 2008-2012թթ., չնայած ամենուրեք գովազդվող տնտեսական աճին, սկզբնական եկամուտների բաշխման դինամիկան ունեցել է բացասական միտումներ։ Հատկապես ակնհայտ է երկու բան. ա) միջին կենսաթոշակը (2012թ.) կազմել է միջին աշխատավարձի ընդամենը 26 տոկոսը (1996թ. եղել է 33 տոկոս), բ) տեղի է ունեցել հարստության աննախադեպ կենտրոնացում մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում։ Անհրաժեշտ է կենսաթոշակների արագացված (մինչև 1.5 անգամ) բարձրացում միջին աշխատավարձի նկատմամբ։ 2017թ կենսաթոշակները կկազմեն միջին աշխատավարձի 38%-ը։
9. Կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխում։ Կառավարության կողմից ներդրման փուլում գտնվող կուտակային կենսաթոշակային համակարգը կենթարկվի լուրջ փոփոխությունների։ Նախ, կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների առնվազն 90%-ը պետք է ներդրվի հանրապետության ենթակառուցվածքների զարգացման մեջ։ Պետությունն այստեղ պետք է որոշակի եկամտաբերություն երաշխավորի։ Երկրորդ' կարգելվի այդ միջոցները իբրև ավանդ օգտագործելը։ Երրորդ' կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալի նկատմամբ պահանջները կիջեցվեն 3 անգամ։ Չորրորդ' կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ձևավորումը կիրագործվի այսպես' 5 տոկոս աշխատողը և 5 տոկոս' գործատուն։ Պետությունը կվճարի միայն այն դեպքում, երբ ինքը գործատու է։ Այս միջոցառումները կիրականացնենք անմիջապես ընտրվելուց հետո։
10. Փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշռի բարձրացում: 2012թ. սկզբներին Հայաստանի տնտեսության 52%-ը գտնվում է 44 ընտանիքի ձեռքում, 26%-ը՝ 220 հազ. գյուղացիական, 65 հազար ՓՄՁ-երի, անհատ ձեռներեցների ձեռքում, 19%-ը Ռուսաստանի և 3%-ը այլ օտարերկրացիների ձեռքում։ Հետևապես, հարստության ցրումը, փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշռի բարձրացումը, հանրապետության բոլոր քաղաքացիներին ձեռնարկատիրությամբ զբաղվելու և բարեկեցիկ կյանք ունենալու հնարավորություն ապահովելը երկրի անվտանգության աճի հիմնական գրավականներն են։ Ընդամենը մեկ տարում հարկային դաշտի փոփոխության արդյունքում կսկսվի ՓՄՁ-երի բումը։
11. Տնտեսական ռեսուրսների ապակենտրոնացում: Պետությունը միջոցներ պետք է ձեռնարկի հարստության գերկենտրոնացումը մեղմելու ուղղությամբ։ Հարստության նման կենտրոնացումը պարզապես անհնարին է դարձնում Հայաստանի հետագա գոյությունը։ Ավելորդ է դառնում խոսել ընտրական համակարգի գոյության մասին. Իշխանությունները հասկանում են, որ նախընտրական կաշառքները «գործուն» մեխանիզմ են դառնում միայն բնակչության ծայրահեղ աղքատության և սոցիալական բևեռացման պայմաններում։ Ակնհայտ է, որ առկա է ուղղակի կապ աղքատության բարձր մակարդակի և կոռուպցիայի ու ստվերային տնտեսության միջեւ։ Պրոգրեսիվ հարկային համակարգի ներդրմամբ աստիճանաբար պետք է էականորեն մեղմացնել հարստության նման կենտրոնացման մասշտաբները։ Դրա շնորհիվ արդեն 2013թ.-ին տեղի կունենա աղքատության ավելի քան 5% կրճատում։ 2013-2017թթ. ընդհանուր աղքատության ցուցանիշը 35%-ից կիջնի առնվազն 15-ի, իսկ ծայրահեղ աղքատները' ոչ ավելի քան 2%։ Շուրջ 2.5 անգամ կպակասեն աղքատության խորությունն ու սրությունը։
12. Նոր աշխատանքային օրենսգրքի ընդունում, աշխատողների իրավունքների ամրապնդում։ 2005թ. ընդունած աշխատանքային օրենսգիրքը ոչ մի աղերս չունի աշխատավորների շահերի պաշտպանության խնդրի հետ։ Գործատուներն աշխատանքից ազատում են ում ուզում են և երբ ուզում են։ Նոր աշխատանքային օրենսգրքի ընդունմամբ պետք է էականորեն կրճատել գործատուների' մարդկանց աշխատանքից ազատելու իրավունքները։ Մասնավորապես, պետք է արգելել աշխատանքային որակավորման պատճառաբանությամբ մարդուն աշխատանքից ազատելը։ Գործատուն աշխատողի որակավորման մակարդակը չպետք է որոշի ինքնուրույն ատեստացիա անցկացնելով, այլ պետք է դիմի աշխատանքի պետական մարմնին։ Այս խնդիրը կլուծենք մեկ տարվա ընթացքում։
13. Աշխատանքային պայմանագրերի կարգավորում: Մարդուն աշխատանքի պետք է ընդունել աշխատանքային պայմանագրով, որտեղ պարտադիր պետք է թվարկված լինեն նրա աշխատանքային պարտականությունները։ Յուրաքանչյուր աշխատողի համար պարտադիր կարգով աշխատանքային պայմանագրին պետք է կցել երկկողմանի ստորագրած աշխատանքային մանրամասն նկարագրությունը։ Հրամանով մարդուն աշխատանքի ընդունելու և ազատելու պրակտիկան պետք Է վերացնել։ Խնդիրը կլուծենք անմիջապես' անցնելով ՀՀ Նախագահի պարտականությունների կատարմանը։
14. Գործազրկության նպաստի տեւողության երկարացում։ Աշխատանքից ազատելու դեպքում գործատուի կողմից վճարվող նպաստի նվազագույն տևողությունը պետք է սահմանել առնվազն 3 ամիս, իսկ որոշ աշխատանքների համար՝ 6 ամիս (ներկայիս 1-2 ամսվա փոխարեն)։ Հարցը կկարգավորենք անմիջապես։
15. Ծնելիության խրախուսում: Երեխաների ծնունդի միանվագ նպաստը պետք է սահմանել 0,5 մլն դրամ։ Երրորդ երեխայից սկսած մայրերին պետք է վճարել 1 մլն, իսկ 5-րդից սկսած' 1,5 մլն. դրամ։ 30-50 տոկոսով պետք է ավելացնել մայրերի վճարովի արձակուրդի տևողությունը, նման հնարավորություն նախատեսել հայրերի համար։ Այս որոշումը կընդունենք անմիջապես։
16. Առողջապահության բնագավառում անցում հավաստագրային ֆինանսավորման։ Պետությունը առողջապահության պետական հաստատված ծրագրի շրջանակներում պետք է անցնի հավաստագրային ֆինանսավորման։ Պետք է ֆինանսավորվեն ոչ թե առողջապահական հիմնա՚րկություններն ու ձեռնարկությունները, այլ առողջապահական խնդիրներ ունցող քաղաքացիները։ Ներկայումս այս մեթոդը կիրառվում է միայն ծննդօգնության ու ծննդաբերության դեպքում (այն առաջարկված է եղել մեր կողմից սրանից 10 տարի առաջ, իսկ ապա ՀԱԿ «100 քայլ» ծրագրում)։ Մոտեցման համատարած կիրառման դեպքում կբարձրանա բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը, կբարելավվի ֆինանսական հոսքերի կառավարելիությունը, կնվազի կոռուպցիան։ Առողջապահության ոլորտի պետական բյուջետային ֆինանսավորումը պետք է կազմի ՀՆԱ-ի առնվազն 2.5%-ը (ներկայումս 1.57%՝ 65 մլրդ դրամ)։ Արդյունքում, նկատի ունենալով նաև մասնավոր տրանսֆերտները, առողջապահության ֆինանսավորումը պետք է կազմի ՀՆԱ-ի առնվազն 5-5.5%-ը։ Ընդամենը 3 տարի է պետք այս լայնամասշտաբ բարեփոխումների համար։
17. Առողջապահության ոլորտում պետական պատվերի մրցութային տեղաբաշխում: Առողջապահության ոլորտում պետք է անցնել պետական պատվերի մրցութային տեղաբաշխման։ Միայն հաղթած կազմակերպություններին պետք է իրավունք տալ հավաստագիր ընդունել քաղաքացիներից։ Այս խնդիրը կլուծենք արդեն 2013թ.-ին։
18. Կրթության հավաստագրային ֆինանսավորում: Պետական հաստատված ծրագրի շրջանակներում պետք է իրականացնել կրթության (տարրական և միջնակարգ) հավաստագրային ֆինանսավորում։ Պետք ֆինանսավորվեն ոչ թե դպրոցներն ու կրթօջախները, այլ քաղաքացիները, որոնք էլ կընտրեն համապատասխան կրթօջախը։ Երեխաների ծնողները 2013-2014թթ. ուսումնական տարվա հավաստագրերը կստանան արդեն 2013թ.-ի հունիսին։ Դրանից հետո նրանք ի վիճակի կլինեն մինչև սեպտեմբեր որոշել, թե որ դպրոցում կամ կրթօջախում պետք է ուսանի իրենց երեխան։ Տարածքային սկզբունքով երեխաների ամրագրումը դպրոցներին կվերացվի։
19. Գիտելիքների չեզոք գնահատման սկզբունքի կիրարկում։ Կրթության բնագավառում (դպրոցներ և բուհեր) պետք է արգելել տվյալ առարկայի գծով գիտելիքների գնահատումը այն ուսուցիչների (քննությունների մասով), դասախոսների կողմից, որոնք դասավանդել են այն։ Գնահատումը պետք է իրականացնեն ուրիշները, որոնք տվյալ աշակերտին կամ ուսանողին չեն դասավանդել։ Ավելի նպատակահարմար է, հնարավորության դեպքում, բոլոր տեսակի քննությունների ֆորմալիզացիան և համակարգչայնացումը։ Աշակերտը պետք է սովորի մի դպրոցում, բայց տարեվերջի ու ավարտական քննությունները հանձնի մեկ այլ դպրոցում։ Այս մեխանիզմը կրթության ոլորտում կներդնենք 5 տարվա ընթացքում։
20. Կրթական ծախսերի շեշտակի աճ: Կրթության ոլորտին ուղղվող ծախսերը պետք է սահմանել ՀՆԱ-ի 3.2%-ի չափով՝ առաջիկայում 4 տոկոսին անցնելու հեռանկարով (ներկայումս 2.8%՝ 105 մլրդ դրամ)։ Այս խնդրի լուծումը կիրականեցնենք 2014-2015թթ. ընթացքում։
21. Բարձրագույն կրթության ծախսերի շեշտակի աճ։ Օրենքով կսահմանենք բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ-ի առնվազն 0.8 տոկոսի չափով (այդ թվում' կրթության ոլորտի ընդհանուր ծախսերի մեջ)։ Խնդիրը կլուծենք երեք տարում՝ 2014թ.' 0.4%, 2015թ.' 0.6%, 2016թ.' 0.8%)։
22. Գիտության տեղափոխում համալսարաններ եւ ֆինանսավորման գրանտային համակարգի հաստատում: Գիտությունն ամբողջությամբ պետք է տեղափոխել համալսարաններ. գիտությամբ պետք է զբաղվել ուսանողական տարիներից։ Բյուջեի միջոցների հաշվին պետք է ստեղծվի գիտական ուսումնասիրությունների ֆինանսավորման պետական գրանտային համակարգ' թեմատիկ ֆինանսավորման հիմքերով։ Գիտության զարգացմանը պետք է հատկացվի ՀՆԱ առնվազն 1 տոկոսը (2012թ. գիտությանը հատկացված էր 10.1 մլրդ դրամ կամ ՀՆԱ շուրջ 0.24 տոկոսը)։ Թեմաների ընտրությունը կարվի անկախ տեղական և արտասահմանյան փորձաքննության, հիմնադրամների, պետության կողմից ֆինանսավորվող գիտական խորհուրդների միջոցով։ Խնդրի լուծմանը ձեռնամուխ կլինենք անմիջապես։
23. Գազի, ջրի, էլեկտրաէներգիայի ներկայացվող վճարների վերահսկում: Պետք է սահմանվեն բնակչությանը մատուցվող՚ ծառայությունների հստակ ստանդարտներ։ Այսպես, գազ, ջուր, էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունները պետք է զրկվեն միայնակորեն հաշվիչներն ու ցուցիչները բացելու ու կնքելու իրավունքներից։ Վերջիններիս վրա պետք է լինի 2 կնիք. ընկերությանն ու սպառողինը։ Նրանք առանց մեկ մյուսին թույլ տալու չեն կարող ինքնուրույնաբար բացել հաշվիչների կապարակնիքները։ Սպառողը վճարման ենթակա գումարի մասին տեղեկատվությունը պետք է ստանա գրավոր հաշվի ձևով, ուր պետք է պահպանված լինեն բոլոր ռեկվիզիտները, սպառված ծառայության ծավալը, գինը և վճարման ենթակա գումարը։ Հարցը կլուծենք մեկ տարվա ընթացքում։
Հարկային և մաքսային քաղաքականություն
24. Հարկային բեռի վերաբաշխում միջին եւ փոքր բիզնեսից դեպի խոշոր բիզնես։ Արտասահմանյան մասնագետների գնահատմամբ, այսօրվա վիճակով պետական բյուջեի հարկային եկամուտների սոսկ 35%-ն (առանց արտասահմանյան ձեռնարկությունների) է վճարվում խոշոր ձեռներեցների կողմից, մինչդեռ պետք է լիներ 65-67%-ը։ Պետության հավաստիացումներն առ այն, որ խոշորը վճարում է բյուջեի հարկային եկամուտների 74%-ը՝ իրականությանը չեն համապատասխանում։ Մեծ հաշվով խնդիրն այն է, թե ինչպես ենք հաշվառում աշխատողների կողմից վճարված եկամտահարկը։ Ըստ այդմ՝ խոշոր բիզնեսի լիարժեք հարկումը հրատապ խնդիր է, հակառակ պարագայում անհավասար և անարդար պայմաններում հատնված փոքր ու միջին ձեռնարկատիրությունը (ՓՄՁ) դատապարտված է վերացման։ ՓՄՁ հետագա զարգացումը հնարավոր միայն այնպիսի հարկային համակարգի առկայության դեպքում, երբ հարկերի դրույքաչափերը չեզոքացնում են մասշտաբի էֆեկտի ազդեցությունը խոշոր բիզնեսի համար։
25. Վաճառքի հարկի կամ շրջանառության հարկի կիրառում։ Հարկային դաշտում վաճառքի հարկը (շրջանառության հարկ) երեք տարիների ընթացքում ամբողջովին կփոխարինի ԱԱՀ-ին։ Այն ոչ միայն կդյուրացնի հարկային վարչարարությունը, այլև կդառնա ջրբաժան փոքր, միջին և խոշոր բիզնեսների միջև։ Փոքր բիզնեսի համար (ստարտային շեմ' մինչև 100 մլն դրամ շրջանառություն) այն կսահմանվի 15% պակաս, քան' միջինի (ստարտային շեմ' մինչև 700 մլն դրամ), իսկ վերջիններիս համար' 15% պակաս, քան' խոշորի (ստարտային շեմ' ավելի քան 700 մլն դրամ) համար։ Ստարտային շեմը 3-5 տարին մեկ կվերանայվի։ Ընդ որում փոքր և միջին ձեռնարկատերերը շահութահարկ չեն վճարի, իսկ խոշորի համար աստիճանաբար կներդրվի կորպորատիվ եկամտահարկի սխեման։ Վերջիններիս համար հիմնական կապիտալի տարրերի վրա կատարած ծախսերը կմտցվեն ինքնարժեքի մեջ։ Արդյունքում' գործարարները հնարավորություն կունենան փոքրից անցնելու միջին, իսկ վերջինից էլ խոշոր բիզնեսին' առանց խոչընդոտների։
26. Արտոնագրային վճարներ, գյուղացիական տնտեսությունների և անհատ ձեռներեցների հարկում։ Հասարակական սննդի, մի շարք ծառայությունների համար, երբ իրացման ծավալների հաշվարկը հնարավոր կամ նպատակահարմար չէ, կսահմանվեն արտոնագրային, հաստատագրված վճարներ։ Այս դեպքում ևս ԱԱՀ և շահութահարկի կիրարկումը կարգելափակվի։ Գյուղացիական տնտեսությունների ու անհատ ձեռներեցների համար (երբ վարձու աշխատանքը բացակայում է) կսահմանվի հարկման այլ սխեմա' հողի հարկի, արտոնագրային վճարումների ու միանվագ վճարումների տեսքով։
27. Պրոգրեսիվ եկամտահարկի սանդղակի կիրարկում։ Առաջիկա 10-15 տարիների համար եկամտահարկի տոկոսադրույքը մի փոքր ավելի բարձր պետք է սահմանել, քան շահութահարկինը (գործի պետք է դնել, այսպես կոչված, հարկային խաչի մեխանիզմը)։ Ներկայումս դա այդպես է, սակայն պետք է մտցնել եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակ։ Այն պետք է ունենա 5 դրույքաչափ. սկսվի 20%-ից և ավարտվի 40%-ով (առանց սոցիալական հարկի)։ Հարկման նման համակարգը պետք է պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ չի հաստատվել խոշոր բիզնեսի և ՓՄՁ-ի տեսակարար կշիռների լավագույն և արդյունավետ հարաբերակցությունը։ Բարձր շահութաբերության պարագայում (պայմանավորված ներմուծումներով ու մենաշնորհներով) պետք է գործի շահութահարկի հարկման պրոգրեսիվ սանդղակ։ Այս խնդիրը կլուծենք 2013թ-ին։
28. Եկամուտների ու ծախսերի համատարած հայտարարագրում։ 2014-2015թթ. երկրում ամբողջովին պետք է ներդված լինեն բոլոր չափահաս քաղաքացիների' ինչպես եկամուտների, այնպես էլ' ծախսերի համատարած հայտարարագրում։ Ընդ որում, սննդի ու դեղորայքի որոշակի չափաքանակի ծախսեր անելու պարագայում (նկատի ունենալով այս ապրանքների տեսակարար կշիռը քաղաքացու եկամուտների մեջ), քաղաքացին կստանա հարկային զեղչի իրավունք։ Սա թույլ կտա առևտուրը, ծառայությունների զգալի մասը դուրս հանել ստվերից։ Այս խնդրի լուծումը կտանք 3 տարվա ընթացքում։
29. Գերբարձր եկամուտների հատուկ հաշվառում։ Եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակը պետք է գործի որոշակի սահմաններում։ Գերբարձր աշխատավարձերի նկատմամբ պետք է որոշել սահմանային չափաքանակ, ինչը գերազանցող մասը արտադրանքի ու ծառայությունների ինքնարժեքի մեջ չպետք է հաշվառվի։ Լուծումն' անմիջապես։
30. Շինարարության հարկ, Երևանի կենտրոնում էլիտար շինարարության սահմանափակում։ 2012թ. դեկտեմբերին կատարած օրենսդրական փոփոխությունները անշարժ գույքի հարկման առումով չեղյալ կհայտարարվեն։ Դրա փոխարեն կսահմանվի հարկ' անշարժ գույքի վաճառքի և դրա ձեռք բերման տարբերության նկատմամբ։ Հարկաչափը կտարբերակվի ըստ մարզերի ու գոտիների' նվազագույնից (ծայրամաս) մինչև ամենամեծ գործակիցը Երևանի կենտրոնի համար։ Պետությունը կսահմանի վաճառքի նվազագույն գներ' միաժամանակ պարտավորվելով գնել անշարժ գույքը այդ գնից ավելի ցածր գին առաջարկելու դեպքերում։ Այս խնդիրը կիրականացնենք 1 տարվա ընթացքում։
31. Շինարարության ոլորտում կապիտալի սառեցման կանխում: Պետք է խստացնել անավարտ շինարարության հարկումը, կառուցապատողների նկատմամբ առաջ քաշել միջոցների պահուստավորման պահանջ։ Այս ամենը թույլ կտա կանխել կապիտալի սառեցումը ոլորտում, շինարարությունը դուրս բերել Երևանից և բացառել հետագայում այս ոլորտի պատճառով համապետական ճգնաժամը։ Շինարարության հարկման նոր մեխանիզմները թույլ կտան հարկային բեռը հավասարաչափ բաշխել, խոշոր ձեռներեցներին ամբողջությամբ հարկային դաշտ բերել։ Խնդիրը կլուծվի 2 տարում։
32. Հարկային կանխավճարների արգելում։ Պետք է բացառել շահութահարկի գծով, ինչպես նաև' այլ հարկատեսակներով, կանխավճարներ տալու արատավոր պրակտիկան։ Հարկատուն պարտավոր չէ վարկավորել պետությանը։ Մանավանդ, որ այդ սկզբունքը երբեք չի գործել խոշոր հարկատուների նկատմամբ, որոնք, որպես կանոն, պետական խոշոր պաշտոնյաներ են։ Լուծումն՝ անմիջապես։
33. Հարկային տարաժամկետ վճարումներ ինովացիոն բիզնեսի համար։ Պետք է սահմանել իննովացիոն բիզնեսի հստակ չափորոշիչներ և դրանց հիման վրա այդ ձեռնարկությունները ազատել շահութահարկից առաջին երկու տարիների համար' հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով։ Արտասահմանյան ներդրողների նկատմամբ ասվածից դուրս պետք է շարունակի գործել ներդրումների գծով առկա արտոնությունների համակարգը։
34. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների խրախուսում։ Պետությունը պետք է երաշխավորի մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեությունը և թույլ տա եկամուտների մինչև 5 տոկոսը (ինչպես' աշխատողների, այնպես էլ' գործատուների համար), առանց հարկումի, փոխանցել նշված հիմնադրամներին։ Այդ միջոցներն ամբողջությամբ կհաշվառվեն արտադրանքի ու ծառայությունների ինքնարժեքի մեջ։ Իրականացումն' անմիջապես։
35. Թունդ խմիչքների ակցիզների բարձրացում։ Պետք է բարձրացվեն օղու, լիկյորների վրա դրվող ակցիզները, իսկ գինու ակցիզն իջեցնել։ Գինենյութի վրա դրված ակցիզը պետք է հաշվանցել ավելացված արժեքի նման։ Մյուս ակցիզային հարկերը պետք է խմբագրել այն հաշվով, որպեսզի ներքին արտադրողները չգտնվեն ավելի վատ պայմաններում, քան' ներկրողները։ Միավոր բացարձակ լիտրի հաշվարկով գինու և գինենյութի ակցիզը մի քանի անգամ ցածր կլինի սպիրտային խմիչքների ակցիզից։ Իրականացումը' 1 տարվա ընթացքում։
36. Սպիրտային խմիչքների նվազագույն գների սահմանում։ Օղու, կոնյակի, վիսկիների, լիկյորների և 18 աստիճանից ավելի բարձր թնդություն ունեցող սպիրտային այլ խմիչքների համար կսահմանվեն վաճառքի մեծածախ և մանրածախ նվազագույն գներ։ Իրականացումը' 3 տարվա ընթացքում։
37. Գյուղմթերքների թափոնների պետական հաշվառում։ Գյուղմթերքներ մթերող ձեռնարկություններն իրենց թափոնները հաշվառման պետք է հանձնեն հարկային մարմիններին։ Թափոնների միջոցով արտադրության իրական ծավալները հարկային մարմինների կողմից պետք է վերահսկվեն նաև հանքա-հումքային ձեռնարկություններում։ Իրականացումն' անմիջապես։
38. Ընդերքի գույքագրում և օգտագործման քվոտավորում։ ՀՀ ընդերքը պետք է գույքագրվի՝ նկատի ունենալով հետազոտված պաշարների ծավալները և հումքատեսակների համաշխարհային գները։ Յուրաքանչյուր տարի բյուջեի հետ միասին ԱԺ կողմից պետք է հաստատվի ընդերքի օգտագործման (արդյունահանման) քվոտա' ըստ հանքատեսակների և շահագործման թույլտվություն ստացած տնտեսվարող սուբյեկտների։
39. Ընդերքի հանրային տնօրինում: Հանքա-հումքային արդյունաբերության մեջ (մոլիբդեն, պղինձ, պեռլիտ, տուֆ, բազալտ, երկաթ, ոսկի և այլն) պետք է վերացնել բնության պաշարների, բնության վերականգման համար վճարները կամ 2012թ. մտցված ռոյալթիի թերի մեխանիզմը։ Դրա փոխարեն ամեն տարի բյուջեի հետ միասին պետք է հաստատել բուն հանքի (ընդերքի) գինը, որով շահագործողն այն գնում է հասարակությունից։ Այդ կերպ հնարավոր կլինի հարկման մեխանիզմն այստեղ կապակցել հումքի համաշխարհային գների փոփոխության հետ։ Խնդիրը կլուծենք 1 տարվա ընթացքում։
40. Խոշոր գույքի հարկի բարձրացում։ Էականորեն պետք է բարձրացնել գույքահարկի դերը' այն տարբերակելով ըստ գույքի չափերի և գոտիականության (տարածքային գործոն)։ Առանձին գույքային համալիրների նկատմամբ գույքահարկի դրույքը կարելի սահմանել մինչև 1.5%-ը։ Այս քայլը կիրագործենք անմիջապես։
41. Ժառանգության պրոգրեսիվ հարկ: Գույքի և ունեցվածքի որոշակի սահմանից սկսած անհրաժեշտ է մտցնել ժառանգության պրոգրեսիվ հարկ' նպատակ ունենալով բացառել ապօրինի ճանապարհով ձեռք բերած ունեցվածքի օրինականության ապահովումը ժառանգության մեխանիզմի միջոցով։
42. ԱԱՀ, շրջանառության հարկի վերադարձ, տուգանքներ պետության նկատմամբ։ Պետությունը մինչև վերջ պետք է կատարի իր պարտականությունները հարկային կանխավճարների և ԱԱՀ վերադարձման ուղղությամբ։ Չվերադարձրած գումարների մասով պետության նկատմամբ պետք է կիրարկել տուգանքների նույն համակարգը, ինչպիսին կիրարկվում է հարկատուների նկատմամբ։ Խնդիրը կլուծենք 2 տարվա ընթացքում։ Մեկ տարվա ընթացքում կլուծենք Հայաստան ժամանած զբոսաշրջիկների համար ԱԱՀ կամ շրջանառության (վաճառքի) հարկը վերադարձնելու խնդիրը։
43. Էլեկտրոնային մաքսազերծում, ներմուծման գների սահմանման կամայական համակարգի վերացում։ Պետք է ներմուծվող արտադրանքների նկատմամբ մաքսատուրքերը սահմանել ինվոյսում նշված գնի նկատմամբ։ Նույն ապրանքներն արտադրող ներքին արտադրողի շահերը պետք է պաշտպանել համալիր հարկային քաղաքականության (մասնավորապես, պրոգրեսիվ շահութահարկի մեխանիզմի) միջոցով, այն հաշվով, որ ներքին արտադրողի շահերն առնվազն հավասարեցվի ներմուծողի շահերին։ Մաքսային աշխատողներն ընդհանրապես պետք է զրկվեն գին սահմանելու իրավունքից։ Իբրև հիմք պետք է ընդունվի էլեկտրոնային կոդավորմամբ «ինվոյսը»։
44. Այլընտրանքային մաքսատների հիմնում: Անհրաժեշտ է բացել այլընտրանքային, ոչ պետական մաքսատուն։ Վերջինիս գործունեություն կանոնակարգելու համար պետք է ընդունվեն դրա հավաստագրման մեխանիզմները մանրամասնորեն կանոնակարգող օրենսդրական փաստաթղթեր։ Համակարգը կներդնենք 4 տարվա ընթացքում։
45. Խաղային բիզնեսում պետության վերահսկողության հաստատում: Պետք է բացառել ոչ պետական լոտոների, վիճակախաղերի, զառերի գոյությունը։ Նման ինստիտուտների շահագործման բացառիկ իրավունքը պետք է տրվի ՀՀ Ֆինանսների նախարարությանը։ Գործող տոտալիզատորները, խաղային (մշակութային) դրույքներ կատարելու հաստատությունները պետք է գործեն պետության ներկայացուցչի հսկողության տակ։ Բոլոր խաղատներում և նմանատիպ ձեռնարկներում պետությունը պետք է լինի փայատեր և ունենա իր ներկայացուցիչը։
46. Հարկային արտոնությունների բացառում: Տնտեսվարող որևէ սուբյեկտ (հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, ամեն տեսակ բարեգործություն) հարկային արտոնություն չպետք է ունենա։ Կառավարությանը և ԿԲ-ին պետք է զրկել հարկային արտոնություններ տալու հնարավորությունից։ Այս միջոցառումը կիրականացվի անմիջապես։
Բյուջետային քաղաքականություն
47. Պետական եկամուտների հավաքագրման աստիճանի բարձրացում: Պետական եկամուտների հավաքագրման աստիճանը յուրաքանչյուր տարի պետք է բարելավել 1.5%-ով' 2017թ. այն հասցնելով 27.5%-ի։
48. Պետության կողմից ակտիվ ներդրումային քաղաքականության իրականացում: Կառավարությունն իր մասնակցությունը պետք է բերի ոչ պետական ներդրումային հիմնադրամներին, որոնք իրականացնում են ժողովրդատնտեսական համընդհանուր նշանակության օբյեկտների շինարարությունը երկարաժամկետ (ավելի քան 7 տարի) ներդրումների տեսքով' արժեթղթերի թողարկման, հանրապետություն մտնող տրանսֆերտների ստերիլիզացիայի, սփյուռքահայության և այլոց միջոցների հաշվին։ Քայլը կիրականացվի անմիջապես։
49. Օրենք պետական երաշխիքների մասին։ Պետք է ընդունել օրենք պետական երաշխիքներ տրամադրելու կարգի և դրանցից օգտվելու մրցութային հիմունքների մասին' այս ասպարեզում կոռուպցիան ու կամայականությունները բացառելու նպատակով։ Այս քայլը կիրականացնենք անմիջապես։
50. Հայկական պետական գրանտներ։ Պետական ծախսերի մեծ մասը ներկայումս իրականացվում է ծրագրային բյուջետավորման տեսքով։ Այս քաղաքականությունը պետք է շարունակել և ստեղծել պետական գրանտների համակարգ։ Միջոցառումը կիրականացնենք 3 տարվա ընթացքում։
51. Պետական ապարատի կրճատում։ Կկրճատվի պետական ապարատը. կառավարության, նախարարությունների, կառավարման հանրապետական մյուս մարմինների (ծառայությունների, հանձնաժողովների), պետական հիմնադրամների, մարզպետարանների, քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմը կկրճատվի 1.2-1.5 անգամ, աշխատավարձերը կավելանան 2.0-2.2 անգամ (անմիջապես)։ Կբացառվի գործառույթների կրկնությունը, պատվիրատուի և կատարողի գործառույթների համատեղումը։
52. Ֆինանսների նախարարության դերի բարձրացում։ Ֆինանսների նախարարությանը պետք է վերադարձնել ապահովագրական գործունեության կարգավորումը, ԿԲ-ի (կամ համատեղ' ԿԲ-ի և ֆիննախի) իրավասությանը թողնելով նմանատիպ կառույցների համար գործունեության կանոնակարգման տնտեսական նորմատիվների սահմանումը։ Քայլը կիրականացնեք անմիջապես։
53. Պետական հիմնարկների կողմից բանկային ավանդների արգելում։ Պետք է արգելել բյուջետային ու համայնքային կազմակերպությունների կողմից բանկերում ավանդներ բացելու պրակտիկան։ Հավելյալ եկամուտների պարագայում միջոցները պետք է տրվեն ԿԲ ժամանակավոր տնօրինությանը։
54. Պետական գույքի վարձակալության կարգավորում։ Պետական, համայնքային գույքը վարձակալության հիմունքներով տնօրինող ցանկացած կազմակերպություն վարձավճարը պետք է մուծի համապատասխան բյուջե' ՀՀ կառավարության կողմից սահմանված վարձավճարրի նորմատիվներով։ Պետական կազմակերպությունները նույնպես պետք է այդ նույն նորմատիվներին համապատասխան վարձավճար կմուծեն։ Այս կերպ կբացառվի պետական չինովնիկների կողմից պետական գույքի վարձակալության հաշվին հարստանալը։
55. Պետական բյուջեի շեշտակի աճ։ Թվարկած հարկային և բյուջետային միջոցառուների իրականացման դեպքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը 5 տարվա ընթացքում 900 մլրդ դրամից կաճեն մինչև 2800 մլրդ դրամի։
56. Ավանդների վերադարձ։ Պետությունը ԽՍՀՄ խնայբանկի ավանդները պետք է ձևակերպի որպես պետական պարտատոմս և դրանք մարի 2 անգամ ավելի մեծ չափով և 2 անգամ ավելի արագ' քան նախատեսված է 2005թ. ընդունված օրենքով։
Բանկային ոլորտ, վարկային կազմակերպություններ, ներդրումային հիմնադրամներ, արժեթղթերի շուկա
57. Դրամի արհեստական արժևորման արգելում։ Անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ' ինչով ԿԲ-ի գործառույթները չեն կենտրոնանա միայն սղաճի տեմպերը պահպանելու մեջ։ Պետք է բացառվի այդ նպատակով ազգային արժույթը արհեստականորեն արժևորելու հանցավոր պրակտիկան։ Ազգային արժույթի արժևորման հիմքը կարող է լինել միմիայն արտահանման գերազանցումը ներմուծման նկատմամբ։ Այս քայլը հետևո՚ղականորեն կիրականացվի 2013-2017թթ. ընթացքում։
58. Տրանսֆերտների օգտագործում տնտեսության զարգացման համար։ Արժույթային այլ (արտահանմամբ չպայմանավորված) տրանսֆերտների պարագայում ԿԲ-ը պետք է ստերիլիզացնի արժութային հոսքերը հանրապետություն' ստեղծելով զարգացման ու կայունության պետական հիմնադրամ։ Վերջինիս միջոցներն իբրև վարկային ռեսուրս պետք է օգտագործել հանրապետության տնտեսությունը վարկավորելու նպատակներով։
59. ԿԲ-ի քաղաքականության խորհրդարանական վերահսկում: Ամեն տարի բյուջեից զատ ԱԺ-ում պետք է քննարկվեն և հաստատվեն ԿԲ կողմից տարվող դրամավարկային քաղաքականության հիմնական պարամետրերը։
60. Տնտեսական նորմատիվների սահմանում բոլոր ֆինանսական հաստատությունների նկատմամբ: ԿԲ-ին պետք է իրավունք տրվի առևտրային բանկերից բացի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվները տարածել բոլոր ֆինանսական հաստատությունների նկատմամբ։ Եթե հաստատության գործունեությունը կարգավորվում է ՀՀ կառավարության (ֆիննախի) կողմից, ապա նորմատիվները պետք է հաստատվեն համատեղ։
61. Բանկերի գրանցման պահանջների թուլացում: Զգալիորեն պետք է թուլացվեն նոր բանկերի գրանցման պահանջները։ Մասնավորապես, դրանց հիմնական կապիտալի նկատմամբ պահանջները կսահմանափակվեն 1,5 մլրդ դրամով (ներկայումս ավելի քան 2.5 մլրդ դրամ է)։ Քայլը կիրականացնենք 3 տարվա ընթացքում։
62. ԿԲ-ի որոշումների բողոքարկման ընձեռում: Ամբողջովին պետք է վերափոխել բանկային գործունեության մասին օրենսդրությունն այն հաշվով, որպեսզի այս կամ այն հարցով ԿԲ նախագահի կամ խորհրդի որոշումները, առանց բացառության, հնարավոր լինի բողոքարկել դատարանում։ Այս քայլը կիրականացնենք անմիջապես։
63. ԿԲ-ում հակակշիռների ստեղծում։ Պետք է ավելացնել ԿԲ խորհրդի իրավասությունները որոշումներ ընդունելիս։ ԿԲ տնօրենի և խորհրդի նախագահի պաշտոնները պետք է առանձնացնել։
64. Վերավարկավորման սահմանափակում: Վերավարկավորումը կամ վարկերի դուրս գրումը պետք է թույլատրել միմիայն ԱԺ կողմից օրենք ընդունելու պարագայում։ Օրենսդրական այս փոփոխությունները կարվեն արդեն 2013թ.։ Բացի այդ բանկային ու ֆինանսական ոլորտի հարկումը միավոր եկամուտի հաշվով տոկոսներով կհավասարեցվի տնտեսության մյուս ոլորտների հարկման մակարդակին։
65. Բանկերը' բաց բաժնետիրական ընկերություններ։ Բոլոր առևտրային բանկերը պետք է վերագրանցել որպես բաց բաժնետիրական ընկերություններ, օրենսդրորեն պետք է ընդլայնել մինորիտար բաժնետերերի իրավունքները։ Իրականացումը' անմիջապես։
66. Բանկերի կողմից ներդրումների դադարեցում, դրամի ուժեղացում։ Պետք է արգելվի ներդրումային նոմատիվների գործունեությունը (բանկային կարգավորման տնտեսական նորմատիվների 4-րդ խումբ)։ Դրամի կայունությունն ապահովելու նպատակով վարկերը պետք է տրվեն միայն ազգային արժույթով, ազգային արժույթով ընդունվեն ավանդները։ Ըստ որում, օրենքով սահմանված կարգով, համապատասխան զեղչի առկայության դեպքում, բոլորը հնարավորություն պետք է ստանան ավանդներ ունենալ նաև ԿԲ-ում։
67. Մասնագիտացված բանկերի գործունեության թույլատրում։ Անցում պետք է կատարվի երկդաշտյա կամ էլ բազմադաշտյա նորմատիվների համակարգի (այսպես կոչված' ճկուն տնտեսական նորմատիվներ), ինչը թույլ կտա տարանջատել ներդրումային բանկինգը և առևտրային (ընթացիկ) բանկինգը, զարգացնել մասնագիտացված բանկերը։ Քայլը կիրականացնենք 5 տարվա ընթացքում։
68. Ավանդների ապահովագրման ընդլայնում։ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից պետք է ապահովագրել դրանց մինչև միջին հաշվով 60%-ը։ Ապահովագրության չափը պետք է կապ ունենա ավանդի չափի հետ (նվազող պրոգրեսիայով)։ Դա պետք է վերաբերի ինչպես' ֆիզիկական, այնպես էլ' իրավաբանական անձանց։
69. ԿԲ-ից բանկային վերահսկողության գործառույթների զգալի մասի դուրս բերում։ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը պետք է հանվի ԿԲ-ի ենթակայությունից։ Բանկային վերահսկողությունը մեծ մասով պետք է տրվի այս հիմնադրամին՝ ԿԲ-ին հիմնականում թողնելով կարգավորումը։ Քայլը կիրականացնեք 3 տարվա ընթացքում։
70. Բանկերում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրում։ Բանկերը կարճ ժամկետում պետք է անցնեն կորպորատիվ կառավարման նորագույն համակարգերին։ Օրենսդրորեն սահմանազատումներ պետք է մտցվեն դրանց սեփականատերերի և կառավարիչների գործառույթների տարանջատման, բոլոր բաժնետերերի շահերը հաշվի առնող կառավարիչների ինստիտուտի ներդրման ուղղությամբ։
71. Բանկային ակտիվների աճի խրախուսում։ Թվարկված խնդիրների լուծմամբ 2017թ. առևտրական բանկերի ընդհանուր ակտիվները կարող են կազմել ոչ պակաս քան 14 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի շուրջ 70%-ը։ Պետությունը քայլեր պետք է իրականացնի առևտրային բանկերի վարկային ռեսուրները համալրելու ուղղությամբ։
72. Ֆինանսական շուկայի համալիր զարգացում։ Իրական քայլեր պետք է ձեռնարկվեն դեռևս 1992թ. մայիսին հռչակած Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական շուկա դարձնելու նպատակով ծրագրի դրույթներն իրագործելու ուղղությամբ։ Պետք է զարկ տալ ներդրումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գործունեությանը։
73. Ֆոնդային բորսայի դերի շեշտակի բարձրացում։ Էական դեր պետք է ունենա հայկական անկախ ֆոնդային բորսան։ 1998-2012թթ. այս ինստիտուտի հնարավոր գործունեությունը մշտապես խափանվել է. տնտեսության առկա կենտրոնացվածության և իշխանությունների կողմից մենաշնորհների տիրապետման պայմաններում ֆոնդային բորսայի մասին խոսելն ավելորդ է։ Միայն տնտեսության մեջ անմիջական դերակատարում չունեցող իշխանավորների պարագայում է հնարավոր արժեթղթերի շուկայի գործունեությունը։ Այդ պարագայում ոչ միայն առևտրային բանկերը, այլև գերիշխող կամ մենաշնորհային դիրք ստացած ընկերությունները, ինչպես նաև տնտեսության զարգացման մեջ առանցքային նշանակություն ունեցող առևտրական կազմակերպությունները (մասնավորապես' արտադրական ենթակառուցվածքի ձեռնարկությունները), օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է գրանցվեն որպես բաց բաժնետիրական ընկերություններ, դրանց արժեթղթերը պարտադիր կարգով ենթակա լինեն հրապարակային սակարկությունների ֆոնդային բորսայում։ Այս միջոցառումների իրականացմամբ 2017թ. շուկայի կապիտալիզացիան կարող է կազմել ՀՆԱ-ի առնվազն 40%-ը (ներկայումս' 1-3%)։
74. Արժեթղթերի շուկան պետք է դուրս բերել ՀՀ ԿԲ-ի գործառույթներից։
75. Ֆինանսական համակարգի գերլիկվիդայնության բացառում։ Էականորեն պետք է թուլացվեն ԿԲ կողմից հաստատվող հաշվարկային, բանկային, լոմբարդային տոկոսադրույքները և տնտեսական նորմատիվները (բացառությամբ' կապիտալի համարժեքայնության նորմատիվի). բանկային ոլորտում առկա հսկայական ռեզերվներն ու գերլիկվիդայնությունը պարզապես վատնում են հասարակության ֆինանսական ռեսուրսները։ Այս միջոցառումների շնորհիվ կտրուկ կբարձրանա նաև վարկային ռեսուրսների մատչելիությունը։
76. Ներքին խնայողությունների հավաքագրման վերահսկում։ Արտասահմանյան ռազմավարական ներդրողներին պետք է արգելվի հավաքագրել ՀՀ ներքին խնայողությունները IPO-երի միջոցով՝ սեփական բիզնեսը զարգացնելու նպատակով։
77. Վերակառուցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի և համահայկական բանկի գործունեության սկզբունքը։ Այս կառույցները պետք է գործեն ներդրումային հիմնադրամի կամ ներդրումային բանկի սկզբունքով' փայատիրության ու եկամտաբերության գերակայությամբ։ Ընդ որում պետական սոցիալական և արտադրական կառուցվածքներում կատարված ներդրումների եկամտաբերությունը պետք է երաշխավորվի պետության կողմից։ Այս քայլը կիրականացնենք 2 տարվա ընթացքում։
Գործարարության խրախուսում, փոքր և միջին բիզնեսի զարգացում
78. Իշխանության և սեփականության տարանջատում։ Պետք է իրականացվեն որոշակի և հստակ քայլեր որպեսզի. ա) գործարարությունը տարանջատվի պետական կառավարումից (եթե գործարարը որոշում է զբաղվել քաղաքականությամբ, դառնալ պատգամավոր կամ նախարար, ապա նա իր ունեցվածքը պետք է հանձնի պետական գույքի կառավարման գործակալությանը կամ պետության կողմից լիազորված այլ մարմնի), բ) իշխանության ղեկին հայտնված գործիչը պետք է ունենա չեզոք կառավարչի ձևական ու բովանդակային բոլոր հատկանիշները։
79. Ինովացիոն կենտրոնների, տեխնոպարկերի և լաբորատորիաների հիմնում: 2013-2017թթ. Հայաստանում և ԼՂՀ-ում պետք է հիմնել առնվազն երկու տասնյակ ինովացիոն կենտրոններ, տեխնոպարկեր և լաբորատորիաներ։ Բոլոր մարզային կենտրոններում պետք է բացել գործարարության աջակցության պետական կենտրոններ։ Այս կառույցներում ֆիզիկական և իրավաբանական անձինք 2 տարի առանց որևէ վճարման պետք է հնարավորություն ունենան զարգացնելու իրենց ինովացիոն ձեռնարկչատիրական ծրագրերը։ Հետագայում այդ միջոցները պետք է փոխհատուցվեն արագացված վճարումների միջոցով։
80. Պետական դիսկրիմինացիոն հովանավորչության դադարեցում, օրենքի խախտումներով կատարված գույքի վերադարձ։ Բոլոր գործարարները պետք է ունենան հավասար իրավունքներ և պարտականություններ օրենքի և հասարակության առջև։ Պետք է բացառվի երկրի նախագահի կամ վարչապետի կաբինետում այս կամ այն գործարարի հարկային պարտավորությունների մասին որոշումներ կայացնելը. դրա համար կա օրենք և դատական իշխանություն։ Միաժամանակ պետք է հրապարակել սեփականաշնորհված, բայց պայմանագրային պարտավորությունները չկատարած ձեռնարկությունների ցանկը' օրենքով միջոցառումներ նախատեսել դրանց կրկնակի օտարման կամ լրացուցիչ հարկման ուղղությամբ։ Օրինախախտումներով իրականացված գործարքները պետք է վերականգնվեն։
81. Արտադրության ոլորտում տնտեսական նորմատիվների սահմանում և վերահսկում: Օրենքով պետք է հաստատվեն գործունեության որոշակի տնտեսական նորմատիվներ, որոնց կատարման վերահսկողությունը պետք է տրվի կառավարությանը։ Մասնավորապես, համակարգային նշանակության ձեռնարկություններում պարտադիր պահանջներ պետք է դրվեն միջոցների ռեզերվներ ունենալու նկատմամբ։
82. Փոքր եւ միջին բիզնեսի պաշտպանություն: Պետությունը պետք է խստորեն կանոնակարգի սուպերմարկետների գործունեությունը։ Յուրաքանչյուր ծրագրային ժամանակահատվածի համար պետք է սահմանվեն դրանց ցանցային կետերի ստեղծման նորմատիվներ, առաջ քաշվեն որոշակի վայրերում դրանց տեղադրման պահանջներ։ Դրա հետ մեկտեղ խոշոր քաղաքներում պարբերաբար պետք է անցկացվեն պարենամթերքի վաճառքի մոբիլ տոնավաճառներ' հարկումների կամ պարտադիր վճարոււմների ցածր մակարդակով։ Դա անհրաժեշտ է փոքր խանութների կենսագործունեությունն ապահովելու համար։
83. Հակամենաշնորհային քաղաքականության փոփոխություն։ Պետք է վերջ տալ մենաշնորհներին և օլիգոպոլիաներին։ Անհրաժեշտ է արմատապես փոխել հակամենաշնորհային օրենսդրությունը։ Պետական բյուջե պետք է մուտքագրել մենաշնորհային շահույթի ոչ թե 2, այլ 50-90 տոկոսը։ 350 մլն դրամի տուգանքի շեմը պետք է վերացնել։ Քայլը կիրականացնենք անմիջապես։
84. Տնտեսվարող սուբյեկտների իրավունքների ամրապնդում: Օրենքով սահմանված կարգով տնտեսվարող սուբյեկտները երաշխիքներ պետք է ստանան առ այն, որ պետական մարմինների գործունեությունը դատարաններում բողոքարկելու պարագայում նրանք հետագայում հետապնդումների չեն ենթարկվի։
Կառավարման բարելավում, գործարարության խրախուսում, ստվերի կրճատում
85. Պետք է զգալիորեն կրճատել նախարարությունների և գերատեսչությունների թիվը և բացառել շահագործման ու տեսչական ֆունկցիաների համատեղումը։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կան 18 նախարարություններ, կառավարությանն առընթեր 7 կոմիտե ու վարչություն։ Բացի այդ կային օրենքներով բնորոշվող ևս 6 տեսչություն, հանձնաժողով ու ծառայություն։ Սրանց թիվը պետք է կրճատել, բացառել շահագործման ու տեսչական ֆունկցիաների համատեղումը. օրինակ, պետշինը չպետք է շիննախի կազմում լինի, անտառտնտեսությունը' գյուղնախի, ընդերքի գործերը չպետք է տնօրինի էներգոնախը։ Պետք է վերստին ձևավորել Միասնական գործադիր համակարգ։ Շուրջ 1.5 տասնյակ գերատեսչությունների իրավասություններ ունեցող մարմիններ (հանձնաժողովներ, գործակալություններ և այլն) անհասկանալի օրենքների կիրարկման արդյունքում հայտնվել են ՀՀ Նախագահի գործառույթների տիրույթում։ Պետք է շտապ կարգով գործադիր իշխանության բոլոր մարմիններն անցնեն (վերադարձվեն) կառավարության ենթակայությանը։ Այս միջոցառումը կիրականացնենք 1 տարում։
86. Վիճակագրական մարմինների վրա պետական ճնշման բացառում։ Խնդրահարույց է կանոնավոր վիճակագրության և հաշվառման բնագավառը։ Փորձելով ընդգծել իրենց կառավարման շրջանի կարևորությունը իշխանությունները պարզապես խաղում են մակրոտնտեսական թվերի հետ։ Այսպես. 2011թ., ըստ պաշտոնական վիճակագրության, ՀՆԱ-ն կազմել է 1990թ. 150.5-տոկոսը, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ 193.4, իրական եկամուտները' 21.8, մանրածախ ապրանքաշրջանառությունը' 79.5, ծառայությունները' 93.5 տոկոս։ Սրանք բոլորն էլ պաշտոնական ցուցանիշներ են։ Նման պարադիգմ աշխարհի որևէ այլ երկրում գոյություն չունի։ Դրա հետ կապված մակրոտնտեսական ցուցանիշների բազայի ճշտումը, թվերի «ինվենտարիզացիան» անխուսափելի են։
87. Ստվերի դեմ իրական պայքար։ 2013թ. պետական բյուջեով, օրինակ, ինչը եկամուտներով ու տուրքերով շուրջ 1 տրլն դրամ է, ակնհայտ է դառնում, որ ավելի քան 400 մլրդ դրամ թաքցված է։ Այսպես, օրինակ, ազգային հաշիվների եկամուտների ձևավորման հաշվով թվերը քննելիս, պարզվում է, որ շահութահարկը և եկամտահարկը (նկատի ունենալով համախառը շահույթի և համախառն խառը եկամուտների թվերը ու բացառելով օրենքով տարբեր ոլորտներին սահմանած հարկային արտոնությունները) միասին ավելի քան 400 մլրդ դրամ պակաս են հաշվարկված։ Այս լրջագույն հիմնախնդիրը կարիք ունի երկրի նախագահի մակարդակով հրատապ քննման ու լուծման։
88. Գործարարության տուրքերի վերացում, գործունեության թույլտվությունների կրճատում։ Քայլ առ քայլ սահմանափակվել են տնտեսական ազատությունները երկրում։ Այսպես, մտցված են անհասկանալի բարձր տուրքեր կոնյակի (15 մլն դրամ), ցորենի օղու (15 մլն դրամ), հանքային ջրերի (5 մլն դրամ), մետաղների (15 մլն դրամ), քարերի (1 մլն դրամ) արտադրությանների և մշակման կազմակերպման գործում։ Դժվար չէ նկատել, որ նշված բոլոր ոլորտներում երկրի ղեկավարությունն ունի հովանավորյալներ։ Նշված քաղաքականությունը նրան թույլ է տալիս արգելափակել այլ ձեռներեցների մուտքը։ Անհրաժեշտ է անմիջապես չեղյալ հայտարարել այսօրինակ սահմանափակող որոշումները, իջեցնել միանվագ տուրքերը, դրանք կապել արտադրության ծավալների հետ և տարրալուծել ժամանակի մեջ։ Պետք է առնվազն 3 անգամ կրճատել գործունեության թույլտվություն ստանալու տեսակների ցանկը' շուրջ հարյուրից հասցնելով մի քանի տասնյակի։ Անհասկանալի է, օրինակ, թե ինչու՞ կրպակում առևտուր կատարելու, տաքսի վարելու կամ չափագրում կատարելու համար մարդը պետք է թույլտվություն ստանա ու դրա համար ահռելի գումար վճարի։ Այս խնդիրը կլուծենք 1 տարվա ընթացքում։
89. Պետական գույքը օտարելիս տարաժամկետ վճարման պարագայում պետք է մտցվի տոկոս' նվազագույն վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով։
90. Օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին գործունեության թույլտվությունների, պետական գույքի սեփականաշնորման, պատվերների տեղադրման և գնումների մասնակցության բացառում, ինչպես նաև հանքարդյունաբերությամբ զբաղվելու արգելում։ Արդեն գրանցված և գործող օֆշորային ընկերություններին ժամանակ կտրվի պարտադիր կարգով վերագրանցվելու և «բաց» կարգավիճակով գործունեությունը շարունակելու համար։
Գյուղատնտեսություն
91. Գյուղատնտեսական մթերքների արտադրության սուբսիդավորում: Գյուղատնտեսության հետագա զարգացումը, մշակվող հողերի տեսակարար կշռի բարձրացումը կապված է գյուղատնտեսական արտադրանքի մի մասի պետական միջնաժամկետ սուբսիդավորման և գյուղմթերքների արտահանման խրախուսման հետ։ Պետք է պետական աջակցություն ցույց տալ գյուղատնտեսությանը։ Մասնավորապես, ամեն տարի ՀՀ բյուջեում պետք է առանձին հավելվածով նշվեն այն մթերքների և գյուղական բնակավայրերի (հատկապես լեռնային ու ծայրամասային գյուղերի) անունները, որոնց նկատմամբ տվյալ բյուջետային տարում սուբսիդիաներ են նախատեսվում։ Մթերման համապատասխան փաստի դիմաց գյուղացին պետք է ստանա սուբսիդիա յուրաքանչյուր միավոր արտադրված մթերքի հաշվով։ Սուբսիդիաների քաղաքականությունն առանձին դեպքերում (լեռնային գյուղական բնակավայրեր) պետք է զուգակցել երաշխավորված մթերման գների քաղաքականության հետ։
92. Փոքր գյուղացիական տնտեսությունների խրախուսում։ Գյուղատնտեսության ոլորտում ստեղծված ծայրագույն վատ վիճակը ստիպում է այս ոլորտում տարվող տնտեսական քաղաքականությանը վերաբերվել հրատապ կարգով։ Ներկա իշխանությունների տվյալներով 1990-2011թթ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը աճել է 2.11 անգամ։ Վերջին տարիներին, սակայն, իրադարձությունները զարգանում են այնպես, որ գյուղացին հողազրկվում է, բատրակ դառնում։ Այդ պայմաններում ՀՀ-ում անկախ, իր հողի վրա աշխատող, բարեկեցիկ ֆերմերների կամ գյուղացիների դաս չի կարող ձևավորվել, ինչը կատարված ռեֆորմի հիմնական նպատակն էր։ Այսպես. վերլուծությունը ցույց է տալիս, որ 2001թ. նոր հողային օրենսգրքի ընդունմամբ իշխանությունները նպատակ դրեցին ոչ թե շարունակել սկսած բարեփոխումները, այլ հողը հանձնել խոշոր օլիգարխներին, բյուրոկրատներին, բարձրաստիճան պետական պաշտոնյաներին և նրանց թիկնապահներին։ Մասնավորապես, սրանց հասան այդ շրջանում սեփականաշնորհված 20% պահուստային հողերը։ Բացի դա նրանք զանգվածաբար չնչին գներով գյուղացիներից գնում են սեփականաշնորհված հողակտորները։ Հողի նկատմամբ սեփականության գյուղական համայնքի անդամների առաջնային իրավունքի անտեսումը հանգեցրեց քաղաքից եկած խոշոր հողատերերի գերիշխանությանը։ Գյուղում արագորեն ձևավորվել է դասակարգային հակամարտություն։ Խոշոր հողատերերին է ուղղված իշխանությունների ուշադրությունը (մեծ հաշվով իշխանության ներկայացուցիչներն են այդ հողատերերը), նրանց գործունեությունը օրեցօր սնանկացնում ու տնտեսապես անիմաստ է դարձնում գյուղացիական տնտեսությունների գոյությունը։ Ավելին, վերջին շրջանի օրենսդրության մեջ գյուղացիական տնտեսությունը որպես իրավունքի օբյեկտ ու սուբյեկտ բացակայում է։ Գյուղացիները զանգվածաբար լքում են իրենց հողակտորները, հնարավորության դեպքում վաճառում դրանք, դառնում բատրակներ, գալիս են քաղաքներ կամ էլ լքում են հանրապետությունը։ 2007-2012թթ. առավել ցայտուն դրսևորում ստացան վարելահողերի մշակումից հրաժարվելու դեպքերը։ Հետևապես, խոշոր հողատիրության դեմ պայքարը, օրենսդրորեն և գործնականում մանր գյուղացիական տնտեսությունների խրախուսումը, վարելահողերի սեփականության նկատմամբ տվյալ համայնքի գյուղացիների առաջնային իրավունքների վերականգնումը գյուղում տնտեսական քաղաքականության առանցքային խնդիր է։
93. Մեծածախ շուկաների ստեղծում։ 1998թ. ՀՀ իշխանությունները հրաժարվեցին մեծածախ շուկաների ծրագրից։ Վերջինս Եվրոբանկի միջոցների հաշվին իրականացվող մի ծրագիր էր, որի համաձայն հանրապետության մի քանի վայրերում պետք է պետության մասնակցությամբ շուկաներ ստեղծվեին, ուր գյուղացին հնարավորություն կունենար իրացնելու արտադրած բարիքները։ Վերջերս խնդիր էր դարձել (և' է) ոչխարների արտահանումը. կառավարության ներկայացուցիչները փորձում են արդարանալ. ի՞նչ կարող ենք անել, եթե գյուղացիներն ինքնակամ վաճառում են իրենց ոչխարները օտարներին։ Եթե մեծածախ շուկաների ծրագիրը չձախողվեր, գյուղացիներն ու հանրապետությունը նման վիճակում չէին հայտնվի։ Այդ ժամանակ յուրաքանչյուր մթերքի գծով պահանջարկն ու առաջարկը կհավասարակշռվեին այն կետում, երբ կարտահանվեր միայն ավելցուկային արտադրանքը։ Այսպիսով, պետության վերահսկողությամբ 5-10 մեծածախ շուկաների ծրագիրը անհետաձգելի խնդիր է։ Դրանց բացակայության պայմաններում գյուղացիները չեն կարողանում մրցակցել խոշոր տնտեսությունների հետ պետական գնումների հարցում։ Գյուղացիական մթերքների «դաշտային» ու մանրածախ գների միջև տարբերությունը ավելի քան 3 անգամ է, մեծածախ ու մանրածախ գների միջև եղած տարբերությունը' ավելի քան 2 անգամ։ Այսինքն, աղքատ գյուղը սուբսիդավորում է քաղաքը, գյուղացին չի կարող ունենալ ընդլայնված վերարտադրության ռեսուրսներ և արտադրության ապրանքայնության բավարար մակարդակ։
94. Գյուղացիական տնտեսությունների կողմից մանրածախ շուկաների հիմնում։ 1999-2005թթ. իշխանություններն առանց իրենց հաշիվ տալու օտարեցին Երևանի կոլտնտեսային շուկաները։ Զավեշտալին այն է, որ դրանք երբեք պետական չէին էլ եղել։ Դրանք պատկանում էին կոլտնտեսություններին։ Պետությունը պետք է փոխեր դրանց կազմա-իրավական ձևը և ստեղծեր մանրածախ շուկաներ գյուղացիական տնտեսությունների մասնակցությամբ։ Ի վերջո, այդ շուկաներն անցան գյուղի հետ կապ չունեցող մարդկանց ձեռքը։ Շուտով դա հանգեցրեց նրան, որ գյուղմթերքների մանրածախ գինը բարձրացավ, մեծածախը' ոչ։ Ներկայումս մթերքների ճնշող մեծամասնության նկատմամբ մեծածախ գինը կազմում է մանրածախի միայն 25-30%-ը։ Նման բան աշխարհում չկա։ Գյուղացու աշխատանքի 70-80%-ը հասնում է շուկաների տերերին։ Քաղաքներում գյուղացիական տնտեսությունների կողմից հիմնած շուկաների վերականգնումն ու նորերի բացումը գյուղատնտեսությունն այս ծանր վիճակից դուրս բերելու հիմնական ուղիներից է։ Այս խնդիրը կլուծենք 2 տարում։
95. Ոռոգման, ագրոսերվիսի, գյուղմթերքների իրացման ու գյուղատնտեսական աշխատանքների ֆինանսավորման ոլորտներում գյուղատնտեսական փոխօգնության կոոպերատիվների ստեղծում: Գյուղատնտեսությունը հայտնվել է ծանրագույն իրավիճակում։ Հողային բարեփոխումներից հետո գյուղացու համար նոր ոչինչ չի արվել։ Գյուղատնտեսությունում իրերի վիճակը փրկելու համար անհրաժեշտ է լայնորեն ծավալել կոոպերացիան ու գյուղփոխօգնությունը' ստեղծելով կոոպերատիվներ ու փոխօգնության միավորներ (ՓԿ) ոռոգման, ագրոսերվիսի և գյուղմթերքների նախնական մշակման ու իրացման գործում։ Այս խնդիրը կլուծենք 5 տարվա ընթացքում։
96. Ոռոգման համակարգի բարեփոխում։ Մնալով իր հողի տերը գյուղացին, օրինակ, կստանա փայ ոռոգման համակարգից, որը կտրվի այդ համակարգը կառավարող գյուղացիական կոոպերատիվին։ Վերջինիս մասնակիցները պետք է լինեն միայն գյուղացիները, ում հողերը այդ համակարգից պետք է ոռոգվեն։ ՓԿ-ները կնշանակեն ոռոգման ջրի գինը։ ՓԿ-ի անդամ գյուղացիները աշխատանքային մասնակցություն հանդես կբերեն ոռոգման գործում։ Գյուղացին պետք է եկամուտ ստանա ինչպես իր հողից, այնպես էլ ոռոգման ՓԿ-ում մասնակցություն հադես բերելուց։
97. Փոխօգնության կոոպերատիվների տարածում։ ՓԿ-ներում օրենքով պետք է արգելվի գյուղացիական տնտեսություն չունեցող քաղաքացիների մասնակցությունը։ Ոռոգման համակարգերի կոոպերատիվներին բնորոշ մեխանիզմը պետք է կիրարկվի նաև արտադրանքի նախնական մշակման ու վաճառքի ագրոսպասարկման և փոխօգնության հիմնադրամների ստեղծման պարագայում։ Հանրապետությունով մեկ պետք է ստեղծվեն 1200-1500 նման ՓԿ-ներ, ուր իրենց աշխատանքային մասնակցությունը կբերեն մինչև 150000 գյուղացիական տնտեսություններ։ Այս խնդիրը կարելի լուծել 10 տարվա ընթացքում։ Արդեն 2013-2017թթ. ընթացքում գյուղացիական տնտեսությունների 50 տոկոսը ներգրավված կլինեն նման ՓԿՆ-երի մեջ:
98. Փոքր ու միջին, էլիտար ու էկոլոգիապես մաքուր մթերքներ արտադրող գյուղացիական տնտեսությունների գործունեության պետական աջակցություն։ Նշված միջոցառումները թույլ կտան նոր շունչ տալ փոքր գյուղացիական տնտեսություններին' հիմնված ընտանեկան ու փոխօգնության միջոցով ներգրավված աշխատանքային ռեսուրսների վրա։ Ի վերջո, գերակշռող կլինեն 5-10 հա (առավելագույնը) չափեր ունեցող և առավելապես ընտանեկան աշխատուժն ու փոխօգնությամբ մյուս գյուղացիների աշխատանքն օգտագործող տնտեսությունները։ Կարճ ժամկետում հանրապետության գյուղատնտեսությունը կարող է մասնագիտանալ էլիտար, էկոլոգիապես մաքուր մթերքների արտադրության և արտահանման գործում։
99. Գյուղացիների համար մասնագիտական պետական դասընթացների կազմակերպում։ Հանրապետությունում պետք է բացվեն տասնյակ դպրոցներ, ուր գյուղացիները պետության հաշվին կստանան հիմնական գյուղատնտեսական ու տնտեսագիտական գիտելիքներ։
100. Գյուղացիական տնտեսության վարկային պարտքերի դուրսգրում կամ մասնակի մարում։ Գյուղատնտեսական վարկերը Հայաստանում 2011թ. եղել են 74.6 մլրդ դրամ' 1337մլրդ դրամ ընդհանուր վարկային ներդրումներից (5.5%)։ 31.12.2010 թ. գյուղատնտեսական վարկերը (55 մլրդ դրամ) կազմել են բոլոր վարկերի (890 մլրդ դրամ) 6.2%-ը։ Մինչդեռ գյուղատնտեսությունը կազմում է ՀՀ ՀՆԱ 18.1%-ը (2010թ.)։ Բանկերի վարկային պլատֆորմում դրանք գտնվում են 6-րդ տեղում' արդյունաբերության, շինարարական, առևտրային, սպառողական և հիպոթեքային վարկերից հետո։ 2013թ.-ին, ըստ ԿԲ կանխատեսումների, գյուղատնտեսական վարկերը թեև կաճեն (մինչև 95 մլրդ դրամ), այնուամենայնիվ, բանկերի վարկային պորտֆելում կիջնեն 7-րդ տեղը և կլինեն շուրջ 5 տոկոսի սահմաններում։ Այսպիսով, գյուղացիները պարզապես ստիպված են հրաժարվել վարկավորումից։ Լինելով տնտեսության 18%-ը գյուղատնտեսությունը սպառում է վարկերի սոսկ 5 տոկոսը։ Սա նշանակում է, որ գյուղատնտեսության վիճակը գործող իշխանությունների օրոք շարունակելու է վատանալ (այդպես արդեն պլանավորված է)։ Հետաքրքիր է այն փաստը, որ ժամկետանց վարկերի ամենաբարձր տեսակարար կշիռը հենց գյուղատնտեսական վարկերն է։ Առանձնակի խնդիրներ կան ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի հետ, որին բաժին է ընկնում գյուղատնտեսական վարկերի գրեթե կեսը։ Մենք գտնում ենք, որ գյուղատնտեսության վարկավորման խնդրին համակողմանի լուծում պետք է տալ։ Նախ, պետք է հրաժարվել ունիվերսալ բանկային համակարգից և անցնել մասնագիտացված համակարգի։ Երկրորդ' գյուղատնտեսական վարկերի գծով կարգավորման տնտեսական նորմատիվները պետք է ցածր լինեն, ինչը թույլ կտա մինչև 50% էժանացնել վարկերի տոկոսադրույքը։ Առավել ևս, որ դրանք փոքր ու սեպարատ վարկեր են և լուրջ ճգնաժամ, չվճարումների շղթա չեն կարող առաջացնել։ Երրորդ' ԿԲ-ը պետք է հետևի առևտրային բանկերի քաղաքականությանը. վարկի մնացորդի նկատմամբ պահանջները, վարկային քարտերի գները, գումարների կանխիկացման անտրամաբանական տոկոսները նույնիսկ կառավարության կողմից վարկերի սուբսիդավորման պարագայում անհնարին են դարձնում դրանց օգտակարությունը գյուղացիների համար։ Չորրորդ' առկա վարկային պարտքերի մարումը, որոնց մեծ մասը գոյացել է վարկատու բանկերի կողմից վաշխառուական անընդունելի պայմանների պատճառով, պետք է կատարվի հետևյալ սխեմայով. առ 01.03.2013 բոլոր վարկերի (74 մլրդ դրամ) տոկոսադրույքները սառեցվում են, գյուղացիները մարում են մայր գումարը առանց տոկոսի, տոկոսադրույքների մարումը կիսով չափ իր վրա է վերցնում ՀՀ կառավարությունը, իսկ մյուս կեսը դուրս է գրվում ի հաշիվ գյուղատնտեսական վարկերի նկատմամբ կիրառվող ցածրացված տնտեսական նորմատիվների։