Բոլորովին վերջերս բավականին մեծ աղմուկ էր բարձրացել Ուրմիա լճի վերակենդանացման թեմայի շուրջ: Ինչպես հիշում ենք, Իրանի Մեջլիսի պատգամավոր Ալի Ալիլուին հայտարարել էր, թե Իրանը մտադրություն ունի չորացող Ուրմիա լճին կենդանություն հաղորդել Հայաստանից ու Վրաստանից' մասնավորապես' Սևանա լճից և Կուր գետից բերված ջրերով:
Այս հայտարարությունից հետո բնապահապաններն անհանգստացած էին: Վերջիններս հայտարարում էին, թե ահազանգներ են ստանում Սևանի բնակիչներից, որոնց պնդմամբ Սևանա լճում անհայտ անձինք ինչ որ գործողություններ են իրականացնում:

 


Բնականաբար, պաշտոնական որևէ հրապարակում, կամ հայտարարություն այս հարցի մասով չէր եղել: Բացի դա ՀՀ բնապահպանության նախարարությունն էլ իր կողմից հերքել էր շրջանառվող տեղեկությունը:
Այսօր պարզ դարձավ, որ իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Ուրմիա լճի վերակենդանացման ծրագրի գիտական խմբի ղեկավար Մասուդ Թաջրիշին ասել է, որ Իրանը Ուրմիա լճի վերակենդանացման համար Հայաստանից և Վրաստանից ջուր տեղափոխելու ծրագիր չունի:
Բացի դա, այս թեմային անդրադարձ է եղել նաև ԻԻՀ նախագահի մակարդակով: Հասան Ռոհանին հայտարարել է, որ Ուրմիա լճի վերակենդանացման նպատակով հնարավոր բոլոր տարբերակները կօգտագործվեն, որպեսզի որտեղից, որ հնարավոր է ջուր տեղափոխվի, սակայն առայժմ Հայաստանից և Վրաստանից ջուր տեղափոխելու վերաբերյալ մեր շտաբում նման տարբերակի շուրջ քննարկումներ չեն եղել:

 


Ուրմիա լճի թեման Իրանում բավականին ակտուալ է, քանի որ այն գրեթե ամբողջապես ցամաքել է: Հարցին անդրադարձ է լինում հասարակության ամենատարբեր շերտերի կողմից: Բացի բնապահպանական հիմնախնդրից Ուրմիայի թեման, անկասկած ունի նաև քաղաքական կողմ, այդ իսկ պատճառով էլ պատգամավորները հանդես են գալիս տարատեսակ հայտարարություններով' փորձելով մեղմացնել հանրության դժգոհությունն ու ցույց տալ, թե խնդիրը մտնում է լուծման նոր փուլ:
Ուրմիայի թեմայով քաղաքական շահարկումները հատկապես նկատելի են հենց այդ ընտրատեղամասով ընտրված պատգամավորների կողմից, որոնցից մեկն էլ հենց հայտարարություն արած Ալի Ալիլուին է:

 

Արման Ղարիբյան