Տնտեսության առաջընթացի գրավականներից մեկը երկրում առկա առաջնային ու հրատապ խնդիրների շուտափույթ կարգավորումն է: Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի մարզերի զարգացվածության մակարդակն անհամաչափ է: Ուստի հարկավոր է քայլեր ձեռնարկել վերոնշյալ խնդրի կարգավորման համար:
Այս օրերին մարզային այցելություններ է սկսել գործադիր մարմնի ղեկավար ՝ Հովիկ Աբրահամյանը: Այցելությունները սկսվել է Լոռիից և Գեղարքունիքից, որտեղ բազմաթիվ հարցեր ստացել են իրենց լուծումները: Մասնավորապես բյուջեից հատկացումներ են կատարվելու տեղի մանկապարտեզների, մարզադպրոցների, ճամբարների և ճանապարահներների վերանորոգման համար:
Մարզային այցելությունների հաջորդ կանգառը Արարատն ու Վայոց ձորն էին: Այնտեղ վարչապետը շրջայց է կատարել կոնյակի երկու գործարաններով, որտեղ որ հետևել է արտադրական գործընթացի կազմակերպմանը և ծանոթացել ընկերությունների ներդրումային ծրագրերին:
Շրջայցից հետո գործադիրի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել գործարանների և համայնքների ղեկավարների հետ, որտեղ և տեղեկացրել է, որ
կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի բերքը գյուղացու մոտ չմնա, և մթերումն իրականացվի նախորդ տարվա գնով:
Մարզային այցերը կարևոր են երկրի տնտեսական վիճակը բարելավելու առումով, հատկապես այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը մեր երկրում հայտարարված է որպես գերակա ճյուղ:
Ինչպես գիտենք ամեն տարի մթերումների հետ կապված լինում են որոշակի խնդիրներ: Այս տարի մի փոքր վիճակն ավելի բարդ է: Բանն այն է, որ գինի և կոնյակ արտադրող ընկերությունների արտադրանքի սպառման հիմնական շուկան հանդիսանում է Ռուսաստանը: Այս տարի ՌԴ տնտեսությունում առկա են որոշակի խնդիրներ, ինչն էլ ստիպել է գինեգործներին և կոնյակագործներին կրճատել արտահանման ծավալները:
Չնայած այս տարվա առատ բերքին, այնուամենայնիվ ընկերությունները չունեն բավարար գումար ամբողջական մթերման համար:
Հաշվի առնելով այս խնդիրը, կառավարությունը որոշել է ֆինանսական մասով աջակցել ընկերություններին ՝ առաջարկելով էժան տոկոսադրույքով վարկեր:
Նման կերպ հնարավոր կլինի լուծել մթերման խնդիրը:
Անի Սանոսյան