Գաղտնիք չէ, որ հակակարկտային կայանների առկայությունն ու գործածությունը կենսական նշանակություն ունեն: Այս տարի Շիրակի մարզում հակակարկտային կայանների թիվն ավելացավ ևս 3-ով: Նոր կայանները տեղադրվել են մարզի Արթիկի տարածաշրջանի Անուշավան գյուղի դաշտերում: Վերջիններիցս 2-ը տեղադրվել են ՀՀ պետության կողմից համայնքներին հատկացված հրատապ խնդիրների լուծման ծրագրի և համայնքի համատեղ ֆինանսական ներդրումներով, իսկ երրորդը' ամբողջությամբ համայնքի հաշվին: Անուշավան համայնքի ղեկավար Երվանդ Հակոբյանի խոսքով նոր կայանները տեղադրվել են այն հատվածում, որը գրեթե միշտ կարկտահարվում էր:
Կառուցված կայանները պատկանում են «Զենիթ» տիպին: Վերջիններս հայկական արտադրության կայաններ են' յուրաքնաչյուրը 3500-4 մլն դրամ արժողությամբ: Տարածքի տեղադրման խնդիրը լուծվել է մասնագետների օգնությամբ՝ իրարից 1 կմ հեռավորության վրա: Համայքնի ղեկավարը նշել է. «Սա կարկտաբեր ամպի հարավային ճակատն է, որը նաև փակում է ոչ միայն Անուշավան համայնքը, այլ Գետափ, Սպանդարյան, Արևշատ համայնքները: Սա շատ կարևոր հանգույց է, քանի որ ձախ հատվածում Մեղրաշեն համայնքի կայաններն են, որոնք միասին կկազմեն ցանց»:
Հարկ է նշել նաև, որ վերը նշված կայանները կլուծեն մոտ 240 հեկտարի խնդիր, ավելին, հարևան Մեղրաշեն համայնքի հետ կազմելով ցանց' արդյունավետ կգործեն նաև հարակից համայնքների համար: Ճիշտ է, տեխնիկական լուծումներով նմանատիպ 1 կայանն ունի 70% արդյունավետություն, բայց և այնպես 100%-ով կապահովի, եթե, իհարկե, խոսքը չորրորդ աստիճանի կարկտահարության մասին չէ:
Շիրակի մարզում այս պահին արդեն կա 58 կայան, որը սակայն մարզի պահանջի քիչ տոկոսն է, քանի որ միայն սահմաննային գոտում պահանջվում է ևս 60 կայան: Մարզում տեղադրված 58 կայաններից միայն 30 են սահմանային գոտու վրա: Մարզի տարածք կարկտաբեր ամպերը թափանցում են հիմնականում այս տարածքից:
Նարեկ Սարգսյան