Փաստ է, որ գյուղատնտեսությունը ապահովում է բնակչությանը պարենով, իսկ վերամշակող արտադրությունը անհրաժեշտ գյուղատնտեսական հումքով: Կառավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է գերակա ուղղություն և ոլորտում ավելի բարձր ցուցանիշներ արձանագրելու նպատակով միջոցներ է ձեռնարկում ագրոպարենային համակարգի գիտական ներուժի աջակցության և ակտիվ համագործակցության համար:
Օրեցօր առաջացող գլոբալ բյույթի նոր գործոնները, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխականությունը, ջրի սակավությունը, նավթի գների եւ ապրանքային գների տատանումները գյուղատնտեսության համար ստեղծում են աննախադեպ մարտահրավերներ: Գլոբալ էկոլոգիական գործոններից բացի իր ազդեցությունն է ունենում նաև ներպետական և տարածաշրջանային զարգացումները:
Վերջին 10 տարիներին աշխարհում զարգանում և ավելի մեծ հետաքրքրություն է ձեռք բերում օրգանական գյուղատնտեսությունը, և այսօր պահանջարկը օրգանական մթերքների նկատմամբ շարունակում է գերազանցել առաջարկը: Օրգանական գյուղատնտեսությունը ունի բազմաթիվ առավելություններ, որոնք թույլ են տալիս լուծել կենսաֆիզիկական եւ սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներ, նպաստելով աղքատության, քաղաքային բնակիչների համեմատ գյուղացիների կենսամակարդակի անհավասարության հաղթահարմանը, օգնում է պահպանել բնական ռեսուրսներն ու կենսաբազմազանությունը:
Գիտության զարգացումը և կիրառական հետազոտությունները կարևոր նախապայման է օրգանական գյուղատնտեսության զարգացման համար, հատկապես զարգացող երկրներում: Հաշվի առնելով մեր երկրի բնակլիմայական առանձնահատկությունները, բերքի անկրկնելի համն ու հոտը, այս ուղղությունը կարող է նույնպես հեռանկարային լինել Հայաստանի համար:
Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրաց առաջին կիսամյակի արդյունքների համաձայն այս տարի նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ամենամեծ աճը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում՝ 14.5%, կազմելով 235.5 մլրդ դրամ: Հատկապես մեծ հաջողություններ են գրանցվել բուսաբուծության ոլորտում՝ գրանցելով 38.7% աճ: Արձանագրված բարձր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է տարվա բերքառատությամբ՝ կլիմայական պայմաններով, սակայն կարևոր փաստ է հողօգտագործողների կողմից ավելի մեծ օգտագործման պահանջը:
Գյուղատնտեսական հաջողությունների կախվածությունը կլիմայական պայմաններից, խոցելի է դարձնում ոլորտը: Այն ավելի կանխատեսելի դարձնելու համար անհրաժեշտ են համապատասխան միջոցառումներ և ներդրումներ ագրոտեխնիկական կատարելագործումների, գյուղատնտեսական սարքավորումների արդիականացման, ոռոգման և դրանաժային ենթակառուցվածքների բարելավման համար:
Նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտի գիտական ներուժի լիարժեք և արդյունավետ իրացման վերաբերյալ: Խորհրդակցությունը գլխավորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական կազմը:
Քննարկման նպատակն էր գյուղատնտեսույթան ոլորտում առկա խնդիրների վերհանումն ու զարգացման ուղղությունների նախանշումը:
ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը ներկայացրել է տեղեկատվություն ՀԱԱՀ գործունեության վերաբերյալ: Բուհում իրականացվող գիտահետազոտական ծրագրերը ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից (2014 թ.՝ 257.56 մլն ՀՀ դրամ): Համալսարանում նորացվել են գործող լաբորատորիաների սարքավորումները, ստեղծվել է 6 նոր մասնագիտացված լաբորատորիա:
Անդրադառնալով ագրոպարենային ոլորտում գիտական մշակումներին և արտադրությունում դրանց ներդրման վիճակին ու խնդիրներին՝ ՀԱԱՀ ռեկտորը նշել է, որ վերջին տարիներին բուհում իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքում մշակվել են նոր տեխնոլոգիաներ, մեքենաներ և սարքավորումներ, որոնք փորձարկվել են արտադրական պայմաններում և պատրաստ են ներդրման ագրոնոմիայի, գյուղատնտեսության մեքենայացման, անասնաբուժության-անասնաբուծության, սննդարդյունաբերության, ագրարային տնտեսագիտության և այլ ոլորտներում:
Գործոդրի ղեկավարը նշեց, որ ագրարային համալսարանի գործունեության արդիականացմանն ուղղված քայլերն ու գիտական նվաճումները ողջունելի են, բայց միաժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել առարկայական քայլերի և գիտական ձեռքբերումների հենքի վրա իրականացնել կոնկրետ նպատակային ծրագրերի:
Նարեկ Սարգսյան