Երկրագնդի բնակչությունն անշեղորեն ավելանում է: Միևնույն ժամանակ, սակայն, առանձին երկրների բնակչությունը կարող է կրճատվել: Այս կամ այն երկրի բնակչության նվազման պատճառ կարող են լինել մահացության գերազանցությունը ծննդի նկատմամբ և մեծ արտագաղթը:
Համաշխարային բանկն անվանել է առավել արագ կրճատվող բնակչությամբ երկրները:
ՀԲ- ի 2013- 2014թթ. տվյալներով Լիտվան և Լատվիան հայտնվել են աշխարհի ամենաարագ անհետացող երկրների ցանկում: 47 հազար 442 բնակչի նվազումով /1,3 տոկոս/ ցուցակը գլխավորում է Պուերտո – Ռիկոն, որը կքել է ֆինանսական հսկայական խնդիրների ներքո:
Հետազոտության տվյալներով Լատվիան կորցրել է 22 հազար 296 բնակիչ /1,1 տոկոս/, իսկ Լիտվան' 28 հազար 366 /1 տոկոս/:
Կորստի պատճառ են դարձել բնակչության մեծ արտահոսքը, մահացության աճը և ծնունդի նվազումը:
Անհետացող պետությունների տասնյակում են նաև Հունաստանը, Պորտուգալիան, Վիրջինյան կղզիները, Իսպանիան և Հորվաթիան:
Ծերացող և անհետացող պետություն է համարվում նաև Ճապոնիան, որը 16- րդ տեղում է: 2013- 2014թթ. Ճապոնիայի բնակչությունը կրճատվել է 200 հազարով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Ռեգնումը, անկախություն ձեռք բերելուց և Եվրամիություն մտնելուց հետո տարբեր տվյալներով Լիտվան լքել է մոտ 1 մլն բնակիչ: Նրանց մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնել Արևմտյան Եվրոպայի երկրներ: Համանման միտումներ են նկատվում նաև Լատվիայում:
Ի դեպ, Հայաստանը և տարածաշրջանի մյուս երկրները ինչպես այս, այնպես էլ նախորդ տարվա ցուցակներում նշված չեն:
Նարեկ Սարգսյան