Հայ երաժիշտների կատարմամբ առաջին թողարկված ձայնապնակները. երկու երգ' Կոմիտասի եւ Արմենակ Շահմուրադյանի ձայնագրությամբ:
Ամիսներ առաջ գրել էինք այս հազվագյուտ ձայնապնակների վերաբերյալ, հիմա հնարավոր դարձավ համացանցում գտնել երկրորդի պատկերը, որը եւ ներկայացնում ենք ձեզ: Գրամաֆոնի վրա ձայնարկելու համար այս ձայնապնակները երգիչ-տենոր Արմենակ Շահմուրադյանի երգեցողությամբ և Կոմիտասի դաշնամուրային նվագակցությամբ թողարկվել են 1914 թ. հունիսին՝ Կ.Պոլսում: Ձայնապնակների վրա նշված են թողարկող ընկերության անվանումը. "Blumenthal Record and Talking Machine" Company, Orfeon Record:
Տպված են կատարողների նկարները և երգերի անվանումները (հայերեն և ֆրանսերեն). «Երբոր Բացուին» և «Խորհուրդ Խորհին», պր. Ա.Շահ-Մուրատեան, ընկ. գեր. Կոմիտաս Վարդապետի:
Հայտնի է, որ դեռևս 1912-ին Փարիզում Կոմիտասը և Արմենակ Շահմուրադյանը երգերի համատեղ ձայնագրություններ իրականացրեցին (դրանք եկեղեցական երգեր էին), իսկ ահա 1914 թ. այդ ձայնագրությունների հիման վրա Կ.Պոլսում թողարկվեցին այս սկավառակները: 1914-ի հունիսի սկզբին Blumenthal Record ընկերությունը Կ.Պոլսի հայկական թերթերում արդեն ծանուցում էր հասարակությանը ձայնապնակները վաճառքի հանելու վերաբերյալ:
Ռուբեն Շուխյան