ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգի հարցերից մեկով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում 2015թ. տեղի ունեցած ուժեղ քամիներից վնասված բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգման նպատակով Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրել է մոտ 50 մլն դրամ: ՈՒժեղ քամուց ամբողջովին վնասվել են Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի հմ.15 և Պարույր Սևակի փողոցի հմ.12 բազմաբնակարան շենքերի տանիքները և դարձել շահագործման համար ոչ պիտանի:
«Վերոնշյալ խնդիրը կարճ ժամկետում չլուծելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա ներդնել ավելի մեծ ֆինանսական միջոցներ»,-նշված է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիմնավորման մեջ: Այս նախարարությունը նաև առաջարկում է մեկ այլ որոշմամբ Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով Սյունիքի մարզպետարանին հատկացնել մոտ 5 մլն դրամ:

 


Դեռևս 2000թ. ընդունած իր հմ.417 որոշման համաձայն կառավարությունը պարբերաբար փոխհատուցում է Մեղրիի տարածաշրջանի անհատական ջրհան պոմպերի էլեկտրաէներգիայի ծախսը: Մասնավորապես, 2014թ. հուլիսի 24- ի հմ.744 որոշմամբ հատկացվել է ավելի քան 4,5 մլն դրամ: Այդ ժամանակ ծրագրից օգտվել է Մեղրիի տարածաշրջանի 72 շահառու: Որոշման նախագծով նախատեսվում է, որ գումարը շահառուներին կտրամադրվի միայն ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հիմնավոր փոատաթղթերի առկայության դեպքում:

 

Մարինա Ներսեսյան