Երկար տարիներ ձգձգվելուց հետո «Նաիրիտ»-ի 2400 աշխատակիցների' աշխատավարձերի գծով պարտքը վերջապես մարվեց: Աշխատավարձերի գծով պարտքը կուտակվել էր 2010թ.-ից և ընդհանուր առմամբ կազմում էր մոտ 6 մլրդ. դրամ, այսինքն մեկ աշխատակցի հաշվով պարտքը և մարված գումարը կուզմում էր միջինում 2.5 մլն. դրամ:
Կուտակված սոցիալական խնդիրներից «Նաիրիտ»-ի հարցը իհարկե ամենաընդգրկունն ու ամենառեսուրսատարն էր, սակայն այս 1 տարում բացի «Նաիրիտ»-ի խնդրից լուծում են տրվել ևս մի շարք կուտակված խնդիրների, որոնցից ամենահատկանշականները դրանք ծառայության ընթացքում նախկինում և հետագայում վիրավորված զինծառայողների բուժման վերաբերյալ և կառուցապատողի կողմից մեկ բնակարանը մի քանի տարբեր անձանց վաճառելու խնդիրի օրենսդրական կարգավորումներն էին:
Բացի այս համընդհանուր խնդիրներից, ՀՀ կառավարությունը լուծում է տվել նաև ավելի փոքր սոցիալական խնդիրների, որոնցից մեծամասնությունը բնակարանային խնդիրներ են, որոնցից են' Մոլդովական, Շիրակի, Վարդաշեն 6-րդ փողոցի հանրակացարանային մասնաշենքերում բնակվող 11 քաղաքացիների և Գյումրի քաղաքի Երկաթուղայինների փողոցի 62 հասցեում գտնվող' 7 ընտանիքի 30 անդամների բնակարանային խնդիրների հարցը և զոհված զինծառայող Զորիկ Գևորգյանի ընտանիքին բնակարան ձեռք բերելու համար հատկացված 4 մլն. դրամը: Բացի այդ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 1 հանրակացարանային մասնաշենքում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած 3 ընտանիքներին թույլատրվեց սահմանված կարգով սեփականաշնորհել զբաղեցրած բնակելի տարածքները:
Այս օրերին լուծում տրվեց նաև Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչների խնդրին և նրանց ապահովեցին բնակարանով և համապատասխան փոխհատուցմամբ:
Սակայն բացի նշված խնդիրներից դեռ առկա են մի շարք կուտակված սոցիալական խնդիրներ կապված գերակա շահ ճանաչելու ու բնակիչների բնակելի տարածքները օտարելու և կառուցապատողի կողմից մեկ բնակարանը մի քանի տարբեր անձանց վաճառելու հետ և դեռ չլուծված է մնում «Վանաձորի Քիմպրոմ»-ի աշխատավարձերի գծով 2012թ.-ից կուտակված'ընդհանուր առմամբ մոտ 200 մլն. դրամ պարտքը:
Արմեն Վարդանյան