Գաղտնիք չէ, որ օրերս Շվեյցարահայ գործարար Վ.Սրմաքեշին հայտարարել էր, որ ուզում է ներդրումներ կատարել ՀՀ-ում բիզնես միջավայրի' մասնավորապես ՓՄՁ-ների զարգացման համար: Այսպիսով, նրա աջակցությամբ կառավարությունը հանդես է եկել չափազանց կարևոր մի նախաձեռնությամբ, որն ըստ էության, կարող է շրջադարձային լինել Հայաստանի ոչ միայն փոքր և միջին բիզնեսի, այլև ամբողջ տնտեսության զարգացման համար։ Նախատեսվում է ստեղծել ֆինանսական կառույց, որը կաշխատի պետություն-մասնավոր համագործակցության պայմաններում և կլինի հիմնադրամի տեսքով:

 

 

Վերջինս պատրաստվում է տնտեսությանը սնել անհամեմատ էժան ռեսուրսներով։
Վերը նշված նախաձեռնության մասին անցած շաբաթվա վերջին Գյումրի կատարած այցելության ժամանակ հայտարարել է նաև վարչապետը: Նա իր խոսքում նշել է, որ կառավարությունում արդեն իսկ քննարկվել է պարոն Սրմաքեշի հետ և նա առաջարկել է 10 մլն դոլար ներդնել Գյումրիում, ստեղծել մի կառույց, որը կֆինանսավորի այն բոլոր տնտեսական ծրագրերը, որ կներկայացնեն Շիրակի մարզի գործարարները՝ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները։
Վարչապետը, հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, առաջարկել է, որ վերը նշված նախաձեռնությանը կառավարությունը միանա 20%-ի չափով։ Ըստ այդմ, հիմնադրամի դրամագլուխը կհասնի 12 մլն դոլարի։

 


Ստեղծվելիք հիմնադրամի հավանությանն արժանացած բիզնես-պրոեկտները կֆինանսավորվեն տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով և կունենան 7 տարվա մարման ժամկետ։ Ընդ որում, 7-ից երկուսը կլինի արտոնյալ։ Հարկ է նշել, որ փոքր բիզնեսն իր հիմնական խնդիրը համարում է ֆինանսական միջոցների անհասանելիությունը։ Սա իհարկե, նոր երևույթ չէ Հայաստանում։ Այդպես է եղել տարիներ շարունակ, բայց այդ առումով գործնական քայլեր ըստ էության չեն իրականացվել։ Այնինչ, այս դեպքում լուծվում է ոչ միայն միջոցների հասանելիության խնդիրը, այլև փոքր եւ միջին բիզնեսն ստանում է անհամեմատ էժան ֆինանսական ռեսուրս։

 


Կարելի է փաստել, որ այս նախաձեռնությունը լավ նորություն է Հայաստանի տնտեսական կյանքում և կարող է չափազանց կարևոր նշանակություն ունենալ ոչ միայն փոքր և միջին բիզնեսի զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար, այլև նոր որակ հաղորդել պետություն-մասնավոր համագործակցությանը։

 

 

Վաչագան Գևորգյան