Հանրապետության հյուսիսային դարպասը ներկայացնող Շիրակի մարզը ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական կարևոր դիրք: Այն պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից' Վրաստանին: Մարզը ունի 131 բնակավայրեր՝ 3 քաղաք և 128 գյուղ:
ՀՀ Շիրակի մարզը շարունակում է մնալ ՀՀ ամենաաղքատ տարածաշրջանը, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության 47.7%-ը: Մարզում աղքատության մակարդակը 2011թ. տվյալներով 12.7 տոկոսային կետով բարձր է աղքատության հանրապետական միջին ցուցանիշից և 20.2 տոկոսային կետով բարձր է Երևանի ցուցանիշից:
Մարզի զարգացման միտումները զգալիորեն հետ են մնում հանրապետության միջին ցուցանիշներից պայմանավորված լինելով տարածքի տնտեսական ներուժի սահմանափակություններով, ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքների թերզարգացած ցանցով, բնակլիմայական խիստ պայմաններով և, իհարկե, 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից բխող գործոնների դեռևս ոչ ամբողջովին լուծված խնդիրներով:
Կառավարությանը հայտարարում է, որ իր ուշադրության կենտրոնում է հանրապետության տնտեսական աճին զուգընթաց խորացող տարածքային զարգացման անհամաչափությունների վերացման խնդիրները: Տնտեսական զարգացման անհամաչափությունների հետագա չվերահսկվող աճը խիստ անցանկալի է, քանի որ այն խնդիրներ է առաջ բերում ինչպես երկրի ներքին կայունության առումով, այնպես էլ նպաստում է տնտեսապես թույլ զարգացած տարածաշրջաններից բնակչության արտահոսքին դեպի մայրաքաղ անվերահսկելի կենտրոնացմանը կամ արտագաղթին:
Մարզերի տնտեսական զարգացման տեմպերը ապահովելու նպատակով անհրաժեշտ կլինի իրականացնել մի շարք հիմնարար միջոցառումներ, որոնց մեջ էական դեր կխաղա ինչպես պետական, այնպես էլ, մասնավոր ներդրումների վերաուղղումը Երևանից դեպի մարզեր, ինչպես նաև դրանց միջմարզային բաշխման հավասարեցման խրախուսումը:
ՀՀ Շիրակի մարզի արդյունաբերության առաջատար ճյուղերն են սննդամթերքի, խմիչքների, մանածագործական արտադրությունը և այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը: Տարածաշրջանն ունի հանքագործական, մշակող արդյունաբերություն զարգացնելու զգալի հնարավորություններ:
Մարզն այսօր կարիք ունի կենտրոնական կառավարման մարմինների ավելի մեծ ուշադրության ու աջակցության:
Դրանով էր պայմանավորված օգոստոսի 1-ին ՀՀ վարչապետի և շվեյցարահայ գործարար, բարերար՝ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի այցը Շիրակի մարզ: Նրանք այցելել են Գյումրի քաղաքում գտնվող մշակութային և հոգևոր կենտրոններ, ինչպես նաև «Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի» նորակառույց շենք, որի շինարարական աշխատանքները տևել են 2006-2015 թթ., և շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 890.0 մլն ՀՀ դրամ: Այցելել են «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, ծանոթացել «Գյումրի-2» բարձրավոլտ 220 ԿՎ հզորությամբ ենթակայանի գործունեության ընթացքին:
Գործադրի ղեկավարը այց է կատարել Գյումրիում գործունեություն ծավալող «Լենտեքս» ՍՊԸ՝ գուլպաների և զուգագուլպաների խոշոր արտադրողներից մեկը Հայաստանում: 2001 թ. հիմնադրված «Լենտեքս» ՍՊԸ-ն հագեցած է ժամանակակից մեքենասարքավորումներով, արտադրում է տղամարդու, կանացի և մանկական գուլպեղեն, ինչպես նաև տրիկոտաժեղեն. տարեկան թողարկված արտադրանքի ծավալը կազմում է 550 մլն ՀՀ դրամ: Ձեռնարկությունում աշխատում է մոտ 290 մարդ՝ 85000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերության միջոցներով կառուցվել և 2014 թ. շահագործման է հանձնվել արտադրական նոր մասնաշենք՝ 2900 քառ. մետր մակերեսով:
Վարչապետը կարևորելով Շիրակի մարզում տնտեսական զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը նպաստող նման ընկերությունների ներկայությունը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ձեռնարկության ընդլայնման ծրագրերին: «Լենտեքս» ՍՊԸ տնօրեն Կարեն Գոմցյանը խոստացել է, որ համապատասխան տարածք և վարկային ռեսուրսներ ունենալու դեպքում ընկերությունը պատրաստ է մեծացնել արտադրական ծավալը և մարզում շուրջ 300 նոր աշխատատեղ ստեղծել:
Վարչապետը առաջարկել ընկերության տնօրենին սեղմ ժամկետում մշակել և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել բիզնես ծրագիր, ընդգծել է, որ անձամբ է հետևելու վերոնշյալ բոլոր գործընթացների կազմակերպմանը՝ տարածքի տրամադրումից մինչև վարկային ռեսուրսների հատկացում:
Շիրակի մարզում բերքահավաքի աշխատանքները ընթացքի մեջ են, և ակնկալվում է հավաքել մոտ 140 հազար տոննա, որը ռեկորդային է մարզի պատմության մեջ: Մարզի առաջնահերթ խնդիրներից շարքում շարունակում է մնալ աշխատատեղերի ստեղծումը, ճանապարհների վատ վիճակը և վթարային շենքերի առկայությունը:
Այդ ուղղությամբ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերը ընթացքի մեջ են: Մասնավորապես՝ այս տարի կառավարության որոշմամբ հրատապ ծրագրերով մարզին հատկացվել է 530 մլն ՀՀ դրամ, որից 304 մլն ՀՀ դրամը նախատեսվում է ուղղել ճանապարհաշինությանը և մարզի ճանապարհների վիճակի բարելավմանը: Մնացած գումարն ուղղվելու է դպրոցների, մանկապարտեզների, համայնքապետարանների բարեկարգմանը և շենքային պայմանների բարելավմանը, համայնքներում ենթակառուցվածքների նորոգմանը և այլն:
Հաշվի առնելով մարզի համայնքների սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային լինելը, ինչպես նաև հեռավորությունը մարզկենտրոնից և մայրաքաղաքից, ճանապարհների բարեկարգման և նորª ավելի կարճ ճանապարհների կառուցման խնդիրը գերակա է բնակչության և համայնքների տնտեսական ակտիվության խթանման և մեկուսացվածության վերացման համար:
Կառավարության ղեկավարը հայտնել է, որ հայ բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ պարոն Վարդան Սրմաքեշը առաջարկել է 10 մլն ԱՄՆ դոլար ներդնել Գյումրիում, ստեղծել մի կառույց, որը կֆինանսավորի այն բոլոր տնտեսական ծրագրերը, որ կներկայացնեն Շիրակի մարզի գործարարները՝ փոքր ու միջին բիզնեսը: Կառավարությունը 20 տոկոսի՝ 2 մլն ԱՄՆ դոլարի չափով մասնակցություն կունենա և ընդհանուր գումարը կկազմի 12 մլն ԱՄՆ դոլար: Կարևոր է, որ վարկերը տրամադրվելու են տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, յոթ տարի ժամկետով:
Փաստ է, որ ֆինանսական կազմակերպություններից օգտվելու հնարավորությունը կտրուկ տարբերվում է ըստ աղքատության մակարդակի: Այսպես, բանկից վարկ վերցնողների 97.1%-ը կազմում են ոչ աղքատ տնային տնտեսությունները, իսկ ծայրահեղ աղքատները' ընդամենը 2.9%: Սկսնակ գործարար ծրագրերի համար վարկային աջակցություն ստանալը շատ ավելի բարդ է՝ բարձր ռիսկայնության պատճառով: Արդյունքում վարկային կազմակերպությունները սկսնակ գործարար ծրագրերի համար առաջարկում են սպառողական վարկեր՝ 22-26% տարեկան տոկոսադրույքով:
Նախաձեռնությունը խոստումնալից է Հայաստանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող վարչատարածքային միավորներից մեկի՝ Շիրակի մարզի տնտեսության ակտիվացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության ընդհանուր կենսամակարդակի բարձրացման տեսանկյունից:
Կարեն Մկոյան