Շիրակի մարզի զարգացումն ու տնտեսության ակտիվացումը մնում է ՀՀ-ում առկա կարևորագույն խնդիրներից: Չնայած նրան, որ Շիրակի մարզում առկա են այնպիսի ենթակառուցվածքներ, ինչպիսին է Շիրակ օդանավակայանը, Բավրայի սահմանային անցակետը և այլն, իսկ մարզն էլ, ըստ բնակչության թվաքանակի առաջիններից է ՀՀ-ում, այնուամենայնիվ մարզն ունի շատ լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ և գրեթե բոլոր կարևոր ցուցանիշներով զիջում է ՀՀ մյուս մարզերին:

 


Ըստ պաշտոնական տվյալների միջին ամսական անվանական աշխատավարձը Շիրակի մարզում կազմում է' 128 հազ. դրամ, իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմում է 10 հազ. մարդ, այն պարագայում, երբ Երևանում այդ նույն ցուցանիշը կազմում է 14 հազ. մարդ:

 


Վերը նշված բոլոր խնդիրների հիմնական պատճառն է մարզի ուրբանիզացման բարձր մակարդակը և արդյունաբերական ձեռնարկությունների փոքր թիվը: Այսինքն, ի տարբերություն ՀՀ մյուս մարզերի, որտեղ բնակչության մեծ մասն ապրում է գյուղերում և ներգրավված է գյուղատնտեսության մեջ, իսկ մյուսներն էլ ունեն հանքարդյունաբերական խոշոր ընկերություններ, Շիրակի մարզը չունի հանքարդյունաբերական ընկերություններ, իսկ բնակչության մեծ մասն էլ բնակվում է քաղաքում և հետևապես ներգրավված չէ գյուղատնտեսության մեջ:

 


Առկա սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու նպատակով կառավարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել շվեցարահայ բարերար' Վարդան Սրմաքեշի հետ, ով խոստացել է 10 մլն. դոլարի ներդրում կատարել Շիրակի մարզում' փոքր և միջին բիզնեսի ծրագրերում: Սա կառաջացնի տնտեսական ակտիվություն, ինչպես նաև կլուծի սոցիալական խնդիրներ: Կառավարությունն էլ իր հերթին խոստացել է ծրագրին մասնակցել 20% մասնաբաժնով, այսինքն լրացուցիչ 2 մլն. դոլարի ներդրում իրականացնել տվյալ ծրագրում:

 


Ստացվում է, որ ծրագրում ընդհանուր ներդրումները կկազմեն 12 մլն. դոլար, որը մարզի բնակչությանը կտրամադրվի 5% տարեկան տոկոսադրույքով և 7 տարի մարման ժամկետով: Այսինքն, նրանք կստանան շուկայականից մոտ 3-4 անգամ ավելի մատչելի տարբերակով վարկավորում, որը կնպաստի մարզում տնտեսական ակտիվությանը և աշխատատեղերի ստեղծմանը:
Վերը նշվածն իրականացնելու համար կառավարության ղեկավարն այցելել է «Լենտեքս» ՍՊԸ, և տնօրենի հետ համաձայնության է եկել պետական երաշխավորմամբ ֆինանսական միջոցներ տրամադրել վերջինիս' լրացուցիչ 300 աշխատատեղ ստեղծելու համար:

 

 


Տնտեսական անկյուն