Տնտեսության առաջմղման գործում կարևոր է մարզերի համաչափ զարգացումը: Լինում են դեպքեր, երբ տարբեր պատճառներով մարզերի միջև առաջանում են զգալի տարբերություններ:
Դրա վառ օրինակն է Շիրակը, որը տնտեսական ցուցանիշներով զիջում է այլ մարզերին: Իրավիճակի շտկման համար հարկավոր են թե՛ պետական, և թե՛ մասնավոր ներդրումներ:
Շիրակի մարզին հարկավոր է տնտեսական ակտիվություն: Անհրաժեշտ է որոշակի օգնություն ցուցաբերել Շիրակի ՓՄՁ և խոշոր գործարարներին:
Այս նպատակով մարզի տնտեսության «շարժիչը» թարմացնելու համար նախատեսվում է իրականացնել նոր վարկային ծրագիր:
Մասնավորապես Շվեյցարիայում բնակվող, ազգությամբ հայ Վարդան Սերմաքեշը պատրաստվում է 10 միլիոն դոլար ներդրում կատարել Շիրակում և ստեղծել մի կառույց, որը կֆինանսավորի այն բոլոր տնտեսական ծրագրերը, որոնք կներկայացնեն Շիրակի բնակիչներն ու գործարարները: Վարկերը տրամադրվելու են 5 տոկոսով, տարեկան 7 տարի ժամկետով. նման ցածր տոկոսադրույք չկա որևէ բանկում:
Կառավարությունն էլ իր կողմից 20 տոկոսի չափով կմիանա ծրագրին և ընդհանուր ֆոնդը կկազմի 12 միլիոն դոլար:
Կարծում եմ այս ծրագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա գործարար միջավայրի զարգացման համար:
Արման Վարդանյան