Ռուսական ՏԱԱՍ գործակալության փոխանցմամբ ՌԴ ֆինանսների փոխնախարար' Սերգեյ Ստորչակը, օրեր առաջ, լրագրողներին հայտնել է, որ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամ»-ը 300 մլն. դոլար արտոնյալ վարկ կտրամադրի Հայաստանին:
Այս վարկը ամենայն հավանականությամբ կտրամադրվի հիմնադրամի կողմից սահմանված ստանդարտ տոկոսադրույքով, որն է 1 կամ 2 տոկոսադրույքի սահմաններում:
Տրամադրվող վարկը կարող է օգտագործվել մի քանի ուղղություններով, որոնցից են «Հայկական ատոմային էլեկտրակայանի» շահագործման ժամկետի երկարաձգումը, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրի ֆինանսավորումը կամ ջրամբարների կառուցման ծրագրի իրականացումը:
Նշված բոլոր ծրագրերն էլ արդիական են և շատ կարևոր ՀՀ տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման տեսանկյունից, սակայն մեր օրերում նրանցից ամենակարևորը «Հայկական ատոմային էլեկտրակայանի» շահագործման ժամկետի երկարաձգումն է, որի համար անհրաժեշտ գումարը գրեթե համընկնում է տրամադրվող վարկի չափի հետ: Այս վարկի օգտագործման ուղղիների ընտրության երկրորդ կարևոր հարցը դա այն կառույցն է' որտեղից տրամադրվում վարկը' այս դեպքում վարկը տրամադրվում է «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամ»-ի (նախկինում' ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամ) կողմից, իսկ նա առաջին հերթին հետապնդում է կայունացման ծրագրերի ֆինանսավորման նպատակ:
Այդ տեսակետից «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի շահագործման ժամկետի երկարաձգումը ամբողջովին բավարարում է նշված պայմանին, քանի որ երկրի տնտեսական զարգացման տեսանկյունից' էներգետիկան կատարում է տնտեսության ողնաշարի դերը, իսկ ՀՀ էներգետիկ համակարգում «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը ունի մեծ ազդեցություն' էլ.էներգիայի գեներացման կառուցվածքում 40% մասնաբաժին ունենալով, բացի այդ «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի շահագործման ժամկետի երկարաձգումը ընդգրկված է և ՀՀ էներգետիկ անվտանգության երկարաժամկետ ծրագրում, որտեղ մոտ ապագայում ունի առանցքային նշանակություն:
Անի Սանոսյան