Զբոսաշրջային տրանսպորտային ծառայությունների մրցունակության բարձրացմանը նպաստելու նպատակով կառավարությունն իր վերջին նիստում սահմանել է, որ երկրում կամավոր սկզբունքով իրականացվում է տրանսպորտային ծառայությունների մեջ ընդգրկված ավտոբուսների որոկավորում' ավտոբուսներին շնորհելով «Զբոսաշրջային ավտոբուս» որակավորման կարգ:
Կարգը կարող է շնորհվել 14 և ավելի նստատեղ ունեցող այն ավտոբուսներին, որոնք չեն իրականացնում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոնավոր փոխադրումներ: Նիստում հաստատվել են «Զբոսաշրջային ավտոբուս» որակավորման ընթացակարգը, դրա չափանիշները, վկայականի և որակավորման նշանի ձևերը:

 

Ավելին, որոշման հավելվածներում շարադրված են որակավորման նվազագույն պահանջները' ավտոբուսի արտաքին տեսքը, ավտոբուսի սրահը, ակուստիկան, օդափոխման համակարգը, ուղեբեռը, տեխնիկական բնութագիրը և նույնիսկ վարորդին ներկայացվող պահանջները' համապատասխան վարորդական իրավունք և պատշաճ արտաքին տեսք:
Որոշման նպատակն է նպաստել մատուցվող տրանսպորտային ծառայությունների կայուն որակի ապահովմանը, աջակցել սպառողին' զբոսաշրջային տրանսպորտային ծառայությունների ընտրություն կատարելիս' դրանով իսկ նպաստելով հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանը:

 

Կառավարության հաստատած ընթացակարգին համապատասխան «Զբոսաշրջային ավտոբուս» որակավորումն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

 

Արմեն Վարդանյան