Մաքսազերծումից խուսափելու հարցը եղել և մնում է ներկրման ու արտահանման ոլորտի մեծագույն խնդիրներից մեկը: Վերջինս մշտապես ունի վերահսկողության կարիք: Այսօր Կառավարության նիստում հավանության արժանացավ ՀՀ-ում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների սահմանումը:
Իր ելույթի ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ սահմանված ապրանքների չափաքանակները գերազանցող քանակով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից ապրանքների՝ սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցելու հանգամանքը հայտնի դառնալու օրը առձեռն կամ փոստային եղանակով ծանուցումը հանձնվում է ֆիզիկական անձին' մինչև ներմուծման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ՀՀ օրենքով սահմանված կարգով ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումը իրականացնելու պարտավորության վերաբերյալ:
Հարկ է նշել, որ այս որոշման դրույթները չեն տարածվում ՀՀ տարածք ժամանակավոր ներմուծվող ապրանքների վրա:
Վարչապետն էլ հավելեց, որ նախարարությունը շատ լավ տեղյակ է, թե ինչ ապրանք է ներմուծվում և ով է բերում իր ընտանիքի, իսկ ով վաճառելու համար: Հովիկ Աբրահամյանը զգուշացրեց, որ արհեստական խոչընդոտներ չստեղծեն:
Տնտեսական անկյուն