ՀՀ-ում ՏՏ ոլորտը արագ զարգացող և մեծ աջակցություն ստացողներից է: Այս ամենի հետ մեկտեղ այնտեղ, բնականաբար, կան բացեր:
Խնդիրներից մեկը ոլորտը ՀՀ-ից դուրս հավուր պատշաճի ներկայացնելն է:
Արդեն այս տարվա աշնանը նախատեսվում է իրականացնել «Հայաստանի միջազգային ճանաչման ուղեծիրը. ՏՏ ընկերությունների եվրոպական ավտովազք» խորագրով ծրագիրը, որին կմասնակցեն շուրջ 60 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ:
Ծրագրի ընթացքում հայկական պատվիրակությունը կլինի եվրոպական 23 քաղաքում, հանդիպումներ կանցկացնի ավելի քան 100 ընկերությունների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ:
Սա թույլ կտա եվրոպական երկրներում ներկայացնել հայկական ՏՏ-ի ներուժն ու նորարարական հնարավորությունները, ուսումնասիրել նոր շուկաներ՝ հնարավոր համագործակցության համար:
Մեկ այլ լուրջ խնդիր է ոլորտի որակյալ մասնագետների, այդ թվում մենեջերների պատրաստումն ու կատարելագործումը:
ՀՀ-ում այսօր ոլորտի բարձրակարգ մասնագետների կարիք շատ կա, ուստի անհրաժեշտ է նրանց պատրաստման ուղղությամբ ինչպես բուհերում, այնպես էլ ՏՏ ընկերություններում իրականացնել ավելի համակարգված և նպատակային աշխատանք:
Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների, մասնավոր հատվածի և բուհերի մասնագետների մասնակցությամբ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որը մանրամասն կքննարկի որակյալ մասնագետների պատրաստման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը և կներկայացնի համապատասխան առաջարկություններ:
Արմեն Վարդանյան