Հովհաննես (Իվան) Կոստանդինի Այվազովսկին աշխարհահռչակ ծովանկարիչ է։ Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտարդի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ (1853)։ Ծնվել Է հուլիսի 29-ին /հին տոմարով' հուլիսի 17–ին/, Թեոդոսիայում, Մոլդավիայից գաղթած մանր առևտրական հայի՝ Գեորգ Այ վազի կամ Հայվազի (հետագայում՝ Կոստանդին Հայվազովսկի) ընտանիքում։ Երբեմն նկարների տակ ստորագրել Է հայերեն՝ Հովհ. Այվազովսկի կամ Օվաննես Այվազեան։ Սովորել Է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, 1830–33-ին՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, 1833—1837-ին՝ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, Մ. Ն. Վորոբյովի բնանկարի դասարանում։ «Անդորր» (1837) նկարի համար արժանացել Է ակադեմիայի առաջին կարգի ոսկե մեդալի և երկու տարով գործուղվել Ղրիմ՝ ինքնուրույն աշխատանքի։
1839-ի գարնանը Այվազովսկին մասնակցել Է Կովկասի ափերի մոտ ծավալված զորաշարժերին, ծանոթացել ծովակալներ Մ. Պ. Լագարևի, Պ. Ս. Նախիմովի, Վ. Ա. Կոռնիլովի հետ։ Ղրիմում կատարած նկարների համար նույն տարվա աշնանը արժանացել Է նկարչի կոչման։ Այդ շրջանի կտավները («Յալթա», «Հին Թեոդոսիան», «Ծովափ», «Կերչ» և այլն) հիմնականում կրում են ուսուցչի՝ Մ. Ն. Վորոբյովի բնանկարների և Ս. Ֆ. Շչեդրինի ուշ շրջանի ստեղծագործության ազդեցությունը։
Դրանցում զգացվում Է նաև ինքնատիպության հասնելու, արտացոլվող լույսի վերարտադրման և տեսարանի ճշգրիտ պատկերման ձգտում։ Նրա արվեստի կազմավորմանն օգնել Է նաև իտալացի Ս. Ռոզայի, հոլանդացի Յա. Ռյոյսդալի, ֆրանսիացիներ Կ. Լոռենի, Թ. Կյուդենի և այլոց ստեղծագործությունների ուսումնասիրությունը։ Ծանոթությունը Ա. Ս. Պուշկինի, Վ. Ա. ժուկովսկու, Ի. Ա. Կռիլովի, Վ. Գ. Բելինսկու, Կ.Պ. Բրյուլովի, Մ. Ի. Գլինկայի հետ նպաստել Է Այվազովսկու ստեղծագործական կյանքի հետագա ընթացքին, նրա գեղագիտական սկզբունքների ձևավորմանը։
1840-ին ակադեմիան նրան գործուղել Է արտասահման՝ կատարելագործվելու։
Եղել Է Իտալիայում (նաև Ս. Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում, մասնակցել ցուցահանդեսների, արժանացել համընդհանուր ճանաչման։ Փարիզում արժանացել Է ոսկե մեդալի (իսկ 1857-ին՝ Պատվո լեգեոնի շքանշանի), Ամստերդամում՝ ակադեմիկոսի կոչման։ 1844-ին վերադարձել Է Ռուսաստան, ստացել Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսի կոչում (1887-ից՝ պատվավոր անդամ) և նշանակվել Ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ։ Այվազովսկին 1845-ին հեռացել Է մայրաքաղաքից, մշտական բնակություն հաստատել Թեոդոսիայում, կառուցել արվեստանոց, Փառաբանված արվեստագետի և հայրենասեր քաղաքացու իր մասնակցությունն Է բերել 1853–56-ի Ղրիմի պատերազմին։Այվազովսկի. «Բայրոնի այցը Մխիթարյաններին Ս. Ղազար կղզում» Ստեղծել Է Սևաստոպոլի հերոսամարտին նվիրված մի շարք կտավներ («Սինոպի ծովամարտը», 1853, «Ծովամարտ», 1855, «Սևաստոպոլի պաշտպանությունը», 1859 են), պաշարված քաղաքում բացել Է ցուցահանդես (1854), ոգևորել և օգնել Է նրա պաշտպաններին։ Այվազովսկին շատ Է ճանապարհորդել, եղել Է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի երկրներում, ԱՄՆ-ում, Ռուսաստանի տարբեր ծայրամասերում։ 1868-ին ուղևորվել Է Կովկաս, նկարել լեռնային բնանկարներ («Գունիբ լեռան ամրոցը», «Դարյալի կիրճը», «Թիֆլիսի տեսարան» և այլն), 1869-ին Թիֆլիսում բացել հայ իրականության մեջ առաջին գեղարվեստական ցուցահանդեսը։ 1873-ին Ֆլորենցիայի ակադեմիայի պատվերով Պիտտի պալատի պատկերասրահի համար որպես օտարերկրյա մեծ նկարիչ կատարել Է իր ինքնանկարը։
Այվազովսկին Ռուսաստանում առաջինն Էր, որ, հետապնդելով լուսավորական նպատակներ, իր ցուցահանդեսները կազմակերպել Է ոչ միայն Պետերբուրգում, Մոսկվայում կամ Եվրոպայի մշակութային խոշոր կենտրոններում, այլև ռուսական ծայրամասային քաղաքներում, այդ թվում Թիֆլիսում և Բաքվում։ Նա մեծ համակրանքով արձագանքել և նյութապես օժանդակել Է հույների, իտալացիների ագգային-ազատագրական պայքարին։ Այվազովսկուն խորապես հուզել Է սուլթանական Թուրքիայի բռնատիրական լծի տակ տառապող հայրենակիցների ճակատագիրը։ Աշխարհահռչակ ծովանկարչի անունը բուռն ոգևորության աղբյուր Է եղել երկրագնդի տարբեր ծայրերում ապրող հայության համար։ Իր ճանապարհորդությունների ժամանակ բազմաթիվ հանդիպումներ Է ունեցել հայության լայն զանգվածների հետ, օգնել ազգային կազմակերպություններին, դպրոցներին, նվիրել նկարներ և բացել ցուցահանդեսներ։ Փայփայել Է այն երազանքը, թե կկարողանա մեկ ընդհանուր միության մեջ միավորել տարբեր երկրներում ապրող բոլոր հայ նկարիչներին և զարկ տալ հայ կերպարվեստի զարգացմանը։
1890-ական թթ. հայկական կոտորածների ծանր օրերին նա ստեղծել Է «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» և այլ աշխատանքներ՝ արտահայտելով իր ցասումն ընդդեմ թուրք մարդասպանների։ 1898-ին այդ նկարաշարը ցուցադրել Է Մոսկվայում, «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուի համար կատարել նույն թեմայով գրչանկարներ։ Նա ապաստան Է տվել և նյութապես օգնել կոտորածից Ղրիմ փախած հայ գաղթականներին։ Այվազովսկին եղել Է Ղրիմի հայկական գաղթօջախի հովանավորը, Թեոդոսիայի պատվավոր քաղաքացին։ Թեոդոսիայում բացել Է պատկերասրահ (1880, այժմ՝ իր անունով), Հնագիտական թանգարան (1874), Գեղարվեստական դպրոց (1865), գրադարան, համերգային դահլիճ, համագործակցել Է նավահանգստի (1892—94), երկաթգծի կառուցմանը, քաղաքի մերձակա բլուրների անտառապատմանը և այլն։ Այվազովսկին մեծ գումարով օգնել Է Ռուսաստանի՝ 1891—92-ի սովյալներին, Գեղարվեստի ակադեմիայի աշակերտներին, բելոռուս չքավոր ուսանողներին։ 1900-ի մարտի 18-ին Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան հաստատել Է Այվազովսկու անվան թոշակ։ Նրա անունով Թեոդոսիայում կոչվել Է փողոց, զբոսայգի և մոտակա բլուրներից մեկը։ 1887-ին մեծ շուքով նշվել Է նկարչի ստեղծագործական կյանքի 50-ամյա, 1897-ին՝ 60-ամյա հոբելյանը։
Այվազովսկին մահացել Է ապրիլի 19–ին, ուղեղի արյունազեղումից՝ անավարտ թողնելով «Թուրքական նավի պայթյունը» կտավը։ Նրան թաղել են զինվորական պատվով, Թեոդոսիայի Ս. Սարգիս հայկական եկեղեցու բակում։
Այվազովսկին ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել Է ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրյա անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն՝ պաթետիկ։ Բնությունն արտացոլել Է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում («Քաոս», 1842, «Արևի խավարումը Թեոդոսիայամ», 1858, «Արարչագործություն», «Համաշխարհային ջրհեղեղ», 1864 և այլն)։ Դա արտահայտվել է նաև բազմաթիվ ծովանկարներում, կովկասյան բնանկարների շարքում, մասնավորապես՝ բիբլիական Արարատի պատկերներում։ 1840–50-ական թթ. լավագույն կտավները՝ «Նեապոլի ծովածոցը լուսնկա գիշերով» (1842), «Նավաբեկություն» (1843), «Փոթորիկը Սև ծովում» (1845), «Իններորդ ալիք» (1850) և այլն, կատարված են հակադիր գույների լծորդումներով, էպիկական շնչով և ռոմանտիկ պաթոսով։ 1870-ական թթ. նա ստեղծել է ավելի նուրբ ու զուսպ գունաշարով իրացված «կապույտ ծովանկարները» («Փոթորիկ», 1872, «Ծիածան», 1873 և այլն), իսկ 1880–90-ական թթ. «արծաթավուն ծովանկարների» շարքը («Սև ծովը», 1881, «Փոթորիկ», 1885, «Ալիք», 1889, «Փոթորիկը Ազովի ծովում», 1889, «Ալիքների մեջ», 1898 և այլն)։
Այվազովսկու արվեստը լավատեսական է։ «Իններորդ ալիք» հանրահայտ նկարում (1850, Պետերբուրգի ռուսական թանգարան) դրսևորվել է ծովանկարչի մեծ հավատը դեպի մարդը, դեպի նրա հոգու անընկճելիությունը։ Իր «Սև ծովը» (1881, Տրետյակովյան պատկերասրահ), «Ալիքների մեջ» (1898, Այվազովսկու պատկերասրահ) և այլ գլուխգործոցներով նկարիչը ծովանկարչությունը ձերբազատեց սոսկ գեղեցիկ տեսարան ներկայացնելու միտումից։ Նրա պատկերները ներթափանցված են խոր հայրենասիրությամբ և հումանիզմով։ Ծովամարտի նրա տեսարանները աչքի են ընկնում պատմական հավաստիությամբ և հանդիսանում են ռուսական նավատորմի հաղթանակների գեղանկարչական տարեգրությունը («Պետրոս I-ը Ֆիննական ծովածոցի ափին», 1846, «Չեսմենի ծովամարտը», 1848, 1886, «Նավարինի ծովամարտը», 1848, «Երկու թուրքական նավերից գրոհի ենթարկված «Մերկուրի» բրիգը», 1892)։
Այվազովսկին ունի հարազատներին ու բարեկամներին պատկերող դիմանկարներ, ինքնանկարներ, գծանկարներ, ջրաներկ աշխատանքներ։ Նա բարերար ազդեցություն է գործել ռուսական գեղանկարչության վրա։ Նրա արվեստին հետևել են ռուս նկարիչներ Լ. Ֆ. Լագորիոն, Ռ. Գ. Սուդկովսկին, Ա.Պ. Բոգոլյուբովը, Ա. Ի. Կուինջին, ծովանկարչի երեք թոռները՝ Մ. Պ. Լատրին, Ա. Ե. Գանզենը, Կ. Կ. Արցեուլովը և ուրիշներ։
Խոշոր են Այվազովսկու ծառայությունները հայ մշակութային կյանքում։ Գեղանկարչության մեջ առաջին անգամ նա է պատկերել հայկական բնությունը, Արարատն ու Արարատյան հովիտը, Սևանա լիճը, արտացոլել հայրենի բնության գեղեցկությունները։ Նրա «Թիֆլիսի տեսարան»–ը (1868) հայ կենցաղային ժանրի առաջին նկարներից է։ Հայաստանի նկատմամբ Այվազովսկու տածած սերը արտահայտվել է «Արարատ լեռան հովիտը» (1882, մասնավոր հավաքածու), «Արարատ» (1868, 1887), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Բայրոնի այցը Մխիթարյաններին Ս. Ղազար կղզում», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքամ» (1895) և այլ կտավներում։ Ծովանկարչության բնագավառում նրա անմիջական խորհուրդներով առաջնորդվել են Մ. ճիվանյանը, Մ. Մահտեսյանը, Վ. Մախոխյանը։ Նրա արվեստը որոշակի ազդեցություն է ունեցել Գ. Բաշինջաղյանի ստեղծագործության վրա։
Այվազովսկու նկարները պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում։ Նրա գործերի խոշոր հավաքածուներից է Թեոդոսիայի Այվազովսկու պատկերասրահի ֆոնդը։ Հարուստ է նաև Հայաստանի պետական պատկերասրահի՝ Այվազովսկու նկարների հավաքածուն («Չումակները», 1857, «Գիշերը Կոստանդնուպոլսում», 1862, «Նեապոլի ծովածոցը միգապատ առավոտյան», 1874, «Փոթորիկը ծովի վրա», 1876, «Նոյը իջնում է Արարատից», 1887, «Անդորրություն», 1892 և այլն)։