Ինչպես գիտենք ՀՀ վարչապետը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում: Այցի շրջանակում նա երեկ մասնակցել է Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը:
Մինչ այդ գործադիրի ղեկավարը այցելել է օլիմպիական գյուղ և հանդիպել Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնին Հայաստանը ներկայացնող պատվիրակության անդամներին:

 

ՀՀ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը ասել է, որ եկել է ոգևորելու ու հաղթանակ մաղթելու հայ մարզիկներին:
Նա նշել է, որ շատ ուրախ է այս հանդիպման համար և եկել է անձամբ հաջողություն մաղթելու համար: Նա նաև հետաքրքրվել է թե ինչ խնդիրներ ունեն և ինչով կարող է աջակցել մարզիկներին: Մարզիկիներն ու մարզիչներն էլ նշել են, որ վարչապետի ներկայությունն արդեն իսկ շատ կարևոր է ու ոգևորիչ, և իրենք ամեն ինչ անելու են հաղթելու, մեդալներ նվաճելու համար:

 

Կառավարության ղեկավարը նշել է, որ շատ է կարևորում Հայաստանում սպորտի զարգացումը և դրա հետ կապված ցանկացած առաջարկ պատրաստ է քննարկել:
Հարկ է նշել, որ մարզական փառատոնին մասնակցում է 49 երկրի պատվիրակություն: Փառատոնն անցկացվում է 2 տարին մեկ. այս տարի այն նախատեսված է անցկացնել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը: Ներկայացված 9 մարզաձևերից Հայաստանը մասնակցում է 6-ին. 6 մարզիկ մասնակցում է ձյուդոյի մրցաշարի, 3-ը՝ մարմնամարզության, 3-ը՝ ատլետիկայի, 3-ը՝ լողի, 4-ը՝ թենիսի, 3-ը՝ հեծանվային սպորտի: Ընդհանուր առմամբ Հայաստանը ներկայացնում է 22 մարզիկ:
Նույն օրը Վրաստանի վարչապետի անունից Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնին մասնակից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է պաշտոնական ճաշ:

 

Արմեն Վարդանյան