Վրացական երազանքի՛՛ իրականացման ժամկետները կրկին հետաձգվում են
Արդեն հայտնի է, որ Վրաստանում սպասվում է էլէներգիայի սակագների բարձրացում: Այդ մասին որոշումն արդեն իսկ ընդունվել է Վրաստանի էլէներգիայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի կողմից: Վրաստանի ՛՛Էներգո Պրո Ջորջիա՛՛ ընկերությունը, որը սպասարկում է մարզերը, ըստ ներկայացրած հայտի, պահանջել էր հոսանքը թանկացնել 4,8 թեթրիով, ինչը բավարարվել էր մասնակի: Թվում է, թե մի քանի թեթրիով նախատեսված թանկացումը մեծ բան չէ, բայց արի ու տես, որ վերոնշյալ որոշման արդյունքում Մարզի բնակիչները օգոստոսի 1-ից ստիպված են լինելու 3.95 թեթրի (8 դրամ) ավել վճարել մեկ կվտ հոսանքի համար՝ նախկինի հետ համեմատ:
Ի դեպ, Վրաստանում գործում է հոսանքի սակագների բաշխման ճկուն համակարգ, այն է՝ մարզերի, քաղաքի, մասնավոր սեկտորի համար սահմանված են տարբեր արժեքներ, բացի այդ սպառած հոսանքի դիմաց վճարները գանձվում են ըստ ծավալների, այսինքն՝ որքան շատ է էլէներգիան օգտագործել սպառողը, վերջինս այնքան բարձր գին է վճարում 1 կվտ-ի դիմաց:
Կասկածից վեր է, որ տվյալ որոշումը լուրջ բողոք է առաջացնելու Վրաստանի բնակչության շրջանում և ոչ միայն մարզերի, քանի որ չի բացառվում, որ հիշյալ թանկացումից հետո հայտ ներկայացնի նաև Թբիլիսին սպասարկող ՛՛Թելասի՛՛ ընկերությունը: Նշվածը լրացուցիչ բեռ է հանդիսանալու առանց այդ էլ սոցիալական անբարենպաստ իրավիճակում ապրող Վրաստանի սպառողների զգալի հատվածի համար: Սա հերթական հարվածը կհասցնի վրացական իշխանություններին, ովքեր ստիպված են լինելու ընդունելու այդ մարտահրավերը:
Թե ինչով կավարտվի ենթադրյալ ՛՛մարտը՛՛ մոտ ապագայում պարզ կդառնա, բայց մեկ բան հստակ է, որ ՛՛վրացական երազանքի՛՛ իրականացման ժամկետները կրկին հետաձգվում են:
Ալիկ Երոյանց