Տնտեսական աճի կանխատեսումներն ու դրա ներկայիս վիճակների միջև մարժան անցավ բոլոր սահմանները' 1 տոկոս տնտեսական անկումից մինչև 4,1 տոկոս տնտեսական աճ: Գաղտնիք չէ, որ միջազգային կազմակերպությունները հանդես էին գալիս հոռետեսական կանխատեսումներով, դա պայմանավորելով տարածաշրջանային գործոններով և Ռուսաստանի տնտեսական կացությամբ: Մասնավորապես Համաշխարհային բանկը 2015-ին Հայաստանի համար կանխատեսել է 0,8 տոկոս աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը' 1 տոկոս անկում:

 


Ինչպես տեսնում ենք արդեն տարվա առաջին կեսն անցել է և հայտնի է առաջին կիսամյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, 2015-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ աճել է 3,8 տոկոսով։ Տարեսկզբին առկա տնտեսական ակտիվության ֆոնին' այսպիսի ցուցանիշները անակնկալ էին: Այսպես' հունվարին աճի տեմպը կազմել էր 1,8 տոկոս, հունվար-փետրվարին և հունվար-մարտին' 2,5-ական տոկոս, հունվար-ապրիլինի և հունվար-մայիսին' 2,7-ական տոկոս: Եվ ահա' 6 ամիսների արդյունքում 3,8 տոկոս տնտեսական ակտիվության աճի ցուցանիշ: Այսինքն հունիս ամսին տնտեսական աշխուժացման ավելի բարձր տեմպ գրանցվեց' 2014-ի հունիսի համեմատ 7,9 տոկոս աճ, իսկ նախորդ ամսվա' մայիսի նկատմամբ' 15,8 տոկոս:

 


Եթե փորձենք համեմատել անցյալ տարվա և այս տարվա ցուցանիշները ապա կտեսնենք, որ 2014-ի հունիսի նկատմամբ գյուղատնտեսությունում աճը կազմել է 38 տոկոս, իսկ 2015-ի մայիսի նկատմամբ ավելի քան 79 տոկոս: Նկատի ունենալով այս տարվա բարենպաստ գյուղատնտեսական տարին և անցյալ տարվա խիստ անբարենպաստ տարին, կարելի էր ակնկալել գյուղատնտեսության դրական տեղաշարժ, սակայն այն սպասվածից ավելին եղավ, ինչը պայմանավորված է նաև պետության կողմից վերջին տարիներին այս ոլորտի հանդեպ առանձնահատուկ մոտեցմամբ' ոռոգման խնդրից, հակակարկտային ծաառյությունից սկսած մինչեւ գյուղվարկերի դիզվառելիքի, պարարտանյութերի գների սուբսիդավորում, հարկային արտոնություններ սահմանային բնակավայրերին և այլն: Հարկ է նշել նաև, որ արդյունաբերությունում նույնպես համեմատաբար բարձր աճ է արձանագրվել' 6 ամսվա ընթացքում 5,1 տոկոս:

 

 

 

 


Տնտեսական անկյուն