2014-ի ավարտը ու 2015-ի մեկնարկը տեղի ունեցան մեղմ ասած ֆինանսատնտեսական ծանր պայմաններում: Դրանք հիմնականում կապված էին արտաքին ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձություններով և ռուբլու կտրուկ անկմամբ:

 

Պատկերը այլ էր գյուղատնտեսության ոլորտում: Տարին բավականին շուտ մեկնարկեց: Խոնավ ու տաք եղանակը նպաստավոր պայմաններ ստեղծեցին ծառատեսակների ու տարբեր բանջարեղենների շուտ զարգացման համար: Ճիշտ է, փետրվարին մտավախություն կար, որ մարտ-ապրիլ ամիսներին եղանակը կարող էր «անակնկալ» մատուցել և ջերմաստիճանի կտրուկ անկման հետևանքով այս տարի ևս մասսյական ցրտահարություն լիներ, սակայն ինչպես տեսանք բնությունը բարեխիղճ գտնվեց: Տաք եղանակի շնորհիվ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման համար ծախսեցին ավելի քիչ միջոցներ, որի շնորհիվ էլ պրոդուկտի ինքնարժեքը իջավ:

 

Ճիշտ է տաք ու խոնավ եղանակի պատճառով սովորականից ավելի շուտ ակտիվացան տարբեր տեսակի վնասատուները, սկսած տերևակերներից վերջացրած պտղակերներով, բայց և այնպես ճիշտ ու ժամանակին բուժում կատարող ֆերմերներին դրանք էլ չկարողացան խանգարել ստանալ առատ բերք:

 

Չնայած նրան, որ այս տարի գրեթե բոլոր մարզերում կա առատ բերք, միրգ-բանջարեղենի գները կտրուկ անկում չապրեցին: Եթե նախկինում այսպիսի բերքատվության պայմաններում օրինակ ծիրանի մեծածախ միջին շուկայական գինը տատանվում էր 50-70 դրամի շրջակայքում, ապա այս տարի այդ թիվը տատանվում էր 120-150 դրամի սահմաններում: Վերջինիս հիմնական պատճառը պտուղ-բանջարեղենի վերամշակմամբ և արտահանմամբ զբաղվող կազմակերպությունների մթերման ծավալներն էին: Այս օրվա դրությամբ վերամշակող կազմակերպությունների կողմից արդեն իսկ մթերվել է 5767 տոննա ծիրան, 372.4 տոննա ընկույզ և 302.9 տոննա այլ պտուղներ, ինչպես նաև 728.7 տոննա բանջարեղեն: Ընդհանուր առմամբ մթերվել է 8593.5 տոննա պտուղբանջարեղեն: Մեծ են նաև արտահանման ծավալները` 19329.6 տոննա ծիրան, 1908.7 տոննա կեռաս, 1198.1 տոննա խաղող, 4872. տոննա կարտոֆիլ և 16835.6 տոննա այլ բանջարեղեն: Ինչպես և սպասվում էր` արտահանման ծավալների հսկայական մասը դեպի ԵԱՏՄ երկրներ էին:

 

Սա ՀՀ-բնության, գյուղացու ու սպառողների համագործակցության արդյունքն էր: Ճիշտ է` քաղաքաբնակների համար պտուղբանջարեղենի բարձր գինը որոշ չափով դժգոհության առիթ հանդիսացավ, սակայն մենք պետք է հիշենք, որ ՀՀ-ի տնտեսության գլխավոր շարժիչ ուժերից մեկը դա գյուղատնտեսությունն է, ու գյուղացու«ապահով» լինելը ուղղակիորեն անդրադառնում է երկրի տնտեսության վրա:


Հուսանք, որ Կառավարության վերջին շրջանում այլ երկրների իշխանությունների հետ հանդիպումները ու նոր շուկաների ներգրավման քաղաքականությունը կտա իր պտուղները և դրա շնորհիվ երիտասարդները չեն լքի իրենց հարազատ գյուղը, այլ իրենց ապահով ապագան կկապեն հենց գյուղատնտեսության հետ:

 

Տիգրան Հարությունյան