2015 թվականի անցած ժամանակահատվածը գյուղատնտեսական տեսանկունից կարելի է բարձր գնահատել: Այժմ Արարատյան դաշտում տեղի է ունենում մթերման և արտահանման ակտիվ գործընթաց:

 

ԳՆ փոխնախարար Ռոբերտ Մակարյանը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ երեկվա դրությամբ մթերվել է 5730 տոննա պտուղ, որից 4430-ը եղել է ծիրան, իսկ մնացածը կեռաս, սալոր, բալ և այլն: Ծիրանի մթերման արժեքը տատանվում է 50-150 դրամ` կախված որակից: 


Բանջարեղենի շուկայում վերը նշված ժամանակահատվածում մթերվել է 650 տոննա բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 510 տոննայի դիմաց: Խոշոր մթերող կազմակերպություններն են Արտաշատի պահածոների գործարանը, «Եվրոթերմը», «Նոյյան» բնական հյութերը, «Արարատ» սննդի կոմբինատը և այլն:

 

Արտահանման ծավալները նույն պես գոհացնող են. 
ընթացիկ տարում Հայաստանից, ընդհանուր առմամբ, արդեն արտահանվել է 43 հազար 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 հազար 847 տոննայի դիմաց: Հարկ է նշել, որ անցյալ տարվա տասներկու ամիսներին արտահանվել էր 46 հազար 450 տոննա պտուղ-բանջարեղեն, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա արտահանման ցուցանիշն ամբողջությամբ կգերազանցվի արդեն մի քանի օրից:

 

Վերջին ցուցանիշում հիմնական դերակատում ունեցողներից է ծիրանը: Այս տարվա առատ բերքի շնորհիվ արդեն իսկ արտահանվել է 17 հազար 86 տոննա ծիրան՝ նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց, որից ավելի քան 14 հազար տոննան արտահանվել է Ռուսաստան:

 

Փոխնախարար Մակարյանը անդրադարձել էր նաև Վերին Լարսի աշխատանքային գրաֆիկին՝ պատմելով, որ մի քանի օր առաջ վարչապետ Աբրահամյանի հանձնարարությամբ վրացի գործընկերների հետ հարցը քննարկվել է և մաքսակետի աշխատանքային ռեժիմն ավելացվել է երեք ժամով: Այդ իսկ պատճառով էապես քչացել են հերթերը սահմանակետում: Այժմ Վերին Լարսի վրացական հատվածի ճանապարհը փակվում է երեկոյան ժամը 21:00-ին և ոչ թե 19:00-ին: Իսկ այն բեռնատար մեքենաները, որոնք հաղթահարում են ոլորանները մինչեւ երեկոյան ժամը 21:00-ը, կարող են անցնել մաքսակետը ցանկացած ժամի:

 

 

 

 

 

 

 

Անի Սանոսյան