Ջոն Դոլմայան (ծնվ.' հուլիսի 15, 1973, Բեյրութ, Լիբանան), Լիբանանում ծնված ամերիկահայ թմբկահար, նվագել է հանրահայտ «System of a Down» խմբում, իսկ 2003 թ.-ին մեկ այլ հայազգի երաժիշտի ' «System of a Down» խմբի նախկին կիթառահար Դարոն Մալաքյանի հետ հիմնել է «Scars on Broadway» խումբը։
Դոլմայանը ծնվել է 1973 թ.-ի հուլիսի 15-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, հայկական ընտանիքում։ Երբ Ջոն Դոլմայանը դարձավ 5 տարեկան,Լիբանանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պատճառով Դոլմայանների ընտանիքը տեղափոխվում է Տորոնտո, այնուհետև Լոս Անջելես։
Դոլմայանը սկսել է հետաքրքրվել հարվածային գործիքներով 2 տարեկան հասակից։ Առաջին անգամ լիարժեքորեն հարվածային գործիք է նվագել 15 տարեկան հասակում։ Ինքնուսույց է, անհատական ոչ մեկի մոտ չի պարապել։ Օրական 4-6 ժամ հատկացնելով հարվածային գործիքներին ' Ջոն Դոլմայանը աստիճանաբար բարելավել է իր նվագելու որակը։ Ըստ Ջոն Դոլմայանի ' նրա նվագելու ոճի մեջ մեծ ազդեցություն են թողել թմբկահարներ Կիտ Մունը (The Who), Ջոն Բոնեմը (Led Zeppelin), Ստյուարտ Կոպլենդը (The Police), Նեյլ Պիրտը (Rush)։
1997թ-ին, երբ System of a Down խմբի առաջին թմբկահար Էնդի Խաչատրյանը ստանում է ձեռքի վնասվածք և լքում է խումբը, խմբին միանում է Ջոն Դոլմայանը։ System of a Down խմբի հետ նա ձայնագրում է 5 ալբոմ ' System of a Down (1998), Toxicity (2001), Steal This Album! (2002), Mezmerize (2005), Hypnotize (2005)։ 2006թ-ին System of a Down խումբը ժամանակավորապես դադարում է իր գործունեությունը, իսկ Դարոն Մալաքյանը իրականացնում է իր հին մտահաղացումը և Ջոն Դոլմայանի հետ շարունակում է իր գործունեությունը նոր ' Scars on Broadway խմբում։ Նշված խմբի հետ Ջոն Դոլմայանը ձայնագրում է 1 ալբոմ ' Scars on Broadway (2008)։
Ջոն Դոլմայանի նվագելու ոճը ճանաչվել է ունիկալ։ Այն մեծ ազդեցություն է թողել թմբկահարների նոր սերնդի վրա։ Շատ քննադատներ նրա նվագելու ոճը անվանում են շիզոֆրենիկ։ Ջոն Դոլմայանի հարվածային սոլոներին կարելի է ավելի մոտիկից ծանոթանալ ' լսելով Deer Dance, I-E-A-I-A-I-O և Question երգերը։
Ջոն Դոլմայանը և Ջոուի Ջորջիսոնը այն միակ թմբկահարներն են, որոնք մեյնսթրիմ մետալ ոճի մեջ երբեմն օգտագործում են դեթ մետալին բնորոշ էլեմետներ։ Այդ էլեմենտները բավականին լավ արտահայտված են System of a Down խմբի B.Y.O.B. երգի մեջ։
Հարվածային գործիքների մեջ Ջոն Դոլմայանը նախընտրում է Tama մոդելի հարվածային գործիքներ։ 2006 թ.-ի ամռանը Ջոն Դոլմայանը մի քանի հարցազրույցների ընթացքում նշեց, որ ուզում է հիմնել Torpedocomics օնլայն կազմակերպություն, որը կզբաղվի կոմիքսների վաճառքով։
Գրիգորյան Ժորա