Երկրի տնտեսության զարգացումը կախված է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին գործոններից: Հաճախ, երբ այս երկու գործոնները չեն բավարարում տնտեսության աշխուժացման համար, երկիրը սկսում է դոնոր պետություններ փնտրելու գործընթացը՝ մեղմացնելու համար արտաքին գործոնների բացասական ազդեցությունը:

 

Տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը, սահմանափակ շուկաների առկայությունը, առավել ևս, դրանցում առկա խնդիրները մեղմացնելու կամ դրանց որոշ մասին լուծում տալու նպատակով անհրաժեշտ է լինում իրացման նոր հարթակներ գտնել:


Վերջին շրջանում, պետության կողմից քայլեր են արվում ստեղծված խնդիրները կարգավորելու և նոր գործընկերներ գտնելու համար: Սրա ապացույցներից մեկն այն է, որ անցած ամսվա ընթացքում վարչապետի ղեկավարած պատվիրակությունը եղավ Չեխիայում, Ֆրանսիայում եւ Ռուսաստանում

 

Մասնավորապես, Չեխիա կատարած այցը պատահական չէր, քանի որ վերջին շրջանում երկու պետությունների միջև առկա է քաղաքական երկխոսության ակտիվացում՝ ինչը թույլ է տալիս այն տեղափոխել տնտեսական հարթակ: 
Պատահական չէր, որ հայկական կողմի այցն ուղեկցվեց բիզնես-համաժողովի անցկացմամբ, որին Հայաստանից մասնակցում էին 50-ից ավել գործարարներ։

 

Խոսելով Ֆրանսիա կատարած այցի մասին, պետք է նշել, որ վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգամ վարչապետի մակարդակով կատարված այցը տվեց իր առաջին պտուղները: Մասնավորապես ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ նոյեմբերի սկզբին կկայանա հայ-ֆրանսիական բիզնես ֆորում, որտեղ կքննարկվեն համագործակցության առաջնահերթությունները։ Կարևորվում է համագործակցությունը ՝ գյուղատնտեսության, առողջապահության, ենթակառուցվածքների, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտներում:

 

 

 

Անի Սանոսյան