«Իսլամական պետություն» խմբավորումը, որը գրավել է Սիրիայի ու Իրաքի տարածքների գրեթե կեսը, շարունակելով իր ահասարսուռ գործողությունները, զանգվածային մահապատիժներ է իրականացնում ամենուր:
Վերջին օրերին նրանց գործողություններն ավելի սուր բնույթ են ստացել, ինչը կապված է մահմեդականների համար սրբազան համարվող ամսվա՝ Ռամադանի հետ:
Խմբավորումը հիմնադրվել է 2006թ-ին, իսկ 2013-ին՝ գործուն մասնակցություն ունենալով սիրիական հակամարտությանը, ստացել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումը:
Պետք է փաստել, որ այս խմբավորման ստեղծումը հովանավորել են արևմտաեվրոպական պետություններից Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, իսկ դրա ձևավորման գործում ֆինանսական մեծ ներդրումներ են իրականացրել Պարսից ծոցի երկրներից Քաթարը, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, որոնք այժմ դարձել են իսլամական պետության գլխավոր թշնամիները:
Հարկ է նկատել, որ այսօր «Իսլամական պետությունը» համարվում է ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը մարդկությանը սպառնում է միջուկային զենքի կիրառմամբ: Անդրադառնալով միջուկային զենքի ստեղծմանը, ահաբեկիչները վստահեցնում են, որ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար ահռելի ֆինանսական միջոցներ ունեն, (ըստ որոշ տեղեկությունների՝ ներկա պահին առնվազն 2 միլիարդ ամերիկյան դոլար), ինչը բավարար է միջուկային զենքի ստեղծման անհրաժեշտ բաղադրիչներ գնելու համար:
Խոսելով իրենց ծրագրերի մասին, ահաբեկիչները բացեիբաց հայտարարում են, որ միջուկային զենքն իրենց պետք է ամբողջական երկրներ ոչնչացնելու համար:
Տաթև Տիգրանյան