Ջահ Մարիանիա
Այս պատմությունը ես լսել եմ իմ պապերից, որոնց երբեք չեմ տեսել: Նրանք էլ լսել են իրենց պապերից, որոնց նույնպես չեն տեսել: Սրանք էլ իրենց հերթին այս պատմությունը լսել են իրենց պապերից, որոնց, իհարկե, երբեք չեն տեսել: Եվ այսպես շարունակ, մինչև մեր առաջին նախապապերը:
Մեր առաջին նախապապերը այս պատմությունը լսել են մամոնտներից, որոնց տեսել են ու որոնց հետ բավականին երկար ժամանակ ապրել են մեր մոլորակի վրա: Հենց այս մամոնտներն են առաջինը պատմել այս պատմությունը:
Ես իմ պապերին, որոնց երբեք չեմ տեսել, հարցրեցի, թե ովքե՞ր են եղել մամոնտները, որոնք պատմել են այս պատմությունը, սակայն նրանք չկարողացան որոշակի որևէ բան ասել: Միայն ասացին, որ մամոնտները սկզբում շատ-շատ են եղել, իսկ հետո այս մոլորակ են եկել մեր առաջին նախապապերը: Սկզբից մերոնք եկել են փոքր խմբերով, սակայն շուտով բազմանալով կարողացել են ոչնչացնել մամոնտներին: Հիմա մենք այնքան շատ ենք, որ երևի շուտով կգան ուրիշներն ու կոչնչացնեն մեզ այնպես, ինչպես մեր նախապապերը ոչնչացրին մամոնտներին:
Իսկ ահա թե ինչպես ենք մենք ոչնչացրել մամոնտներին և ինչպես են ոչնչացող մամոնտները այս պատմությունը պատմել մեր նախապապերին: Այս մամոնտները, իմ կարծիքով, փոքր ու թույլ արարածներ են եղել: Հակառակ դեպքում մեր նախապապերը ինչպես կարող էին նրանց ոչնչացնել: Չէ որ նրանք տարածված են եղել ողջ մոլորակի վրա, իսկ մերոնք եկել են փոքր խմբերով: Ուրեմն այսպես, մեր առաջին նախապապերը սկզբում գերել են մամոնտներին, իսկ հետո պահանջել են որևէ բան պատմել այս մոլորակի վրա կատարված իրադարձություններից: Այն մամոնտները, որոնց պատմածը մեր առաջին նախապապերի կարծիքով հետաքրքիր չի եղել, իսկույն սպանվել են, իսկ ամենահուզիչ
պատմություններ անողներին' ազատ են արձակել: Որոշ ժամանակ անց մամոնտների թիվը սոսկալի կերպով կրճատվել է և ողջ են մնացել միայն ամենաիմաստուն ու ամենախելացի մամոնտները: Մի օր էլ մամոնտները հավաքվել ու որոշել են մեր առաջին նախապապերին պատժել ու այլևս ոչինչ չպատմել, որպեսզի մերոնք մութ ու անգրագետ մնան ու չկարողանան ոչինչ պատմել իրենց հաջորդ սերունդներին:
Այսպես լուռ ու անձայն ոչնչացան բոլոր մամոնտները: Իսկ ամենավերջում գերի ընկան երկու երիտասարդ ու չքնաղ մամոնտներ: Վերջինները այդ մեծ ու հզոր ժողովրդից: Մեր առաջին նախապապերը, հիացած այս երկու մամոնտներով, հասկացել են, որ այս երկուսը ամենա - ամենա իմաստուն ու ամենա-ամենա խելացիներն են: Եվ մեր առաջին նախապապերը որոշեցին նրանց չսպանել: Օրեր շարունակ մեր առաջին նախապապերը խնդրեցին մամոնտներին որևէ բան պատմել, սակայն նրանք լուռ մնացին: Հետո հասկանալով, որ մերոնք չեն պատրաստվում իրենց սպանել, մամոնտները հրաժարվեցին ուտելիքից:
Առաջինը սովից մահացավ այն մեկը, որն ավելի փոքր ու քնքուշ էր: Մահացավ օրիորդ մամոնտուհին: Մահացավ երիտասարդ մամոնտի գրկում, լուռ նայելով նրա աչքերի մեջ: Հետո նրա հայացքը սառեց, իսկ երիտասարդ մամոնտի աչքերից արցունքներ հոսեցին: Իսկ մեր առաջին նախապապերը չհասկացան, թե դա ինչ բան է, որովհետև մինչև հիմա էլ մեր աչքերից արցունքներ չեն հոսել: Անցավ մի քանի օր, և վերջին մամոնտը հասկացավ, որ իրեն հաշված ժամեր են մնացել: Նա լուռ մոտեցավ խարույկի մոտ նստած մեր առաջին նախապապերին: Մերոնք հարգանքով տեղ բացեցին նրա համար, իսկ նա մի փոքր հանգստանալով' սկսեց խոսել:
-Իմ անունը Ջահ Մարիանիա է: Ես մամոնտներից վերջինն եմ ու իմ ժամերը հաշված են և ես շուտով կհեռանամ: Երբ դուք եկաք այստեղ, մենք ձեզ հետ բարեկամացանք: Մենք կարող էինք ձեզ ոչնչացնել, սկայն մենք բարի ենք և որոշեցինք ձեզ հետ բարեկամանալ: Մամոնտների Մեծ Հոգին մեզ ասաց, որ մենք օգնենք և մեր գիտելիքները փոխանցենք ձեզ:
-Ինչ բան է Մամոնտների Մեծ Հոգին,-հարցրեցի ես իմ պապերին, որոնց երբեք չեմ տեսել:
Նրանք չկարողացան բացատրել, սակայն ենթադրեցին, որ դա մի մեծ, շատ մեծ մամոնտ է, որին սակայն նույնիսկ մեր առաջին նախապապերը երբեք չեն տեսել: Նրանք նաև ասացին, որ դա այնքնա էլ էական չէ, ու շարունակեցին պատմել վերջին մամոնտի մասին:
-…Իսկ դուք, պարզվեց, որ չար եք և սկսեցիք մեզ անիմաստ սպանել: Այդ ժամանակ Մամոնտների Մեծ Հոգին…
-Ինչ բան է բարին, և ինչ բան է չարը,-նորից ընդհատեցի ես իմ պապերին, որոնց երբեք չեմ տեսել:
Նրանք տարակուսած միմյանց նայեցին, իսկ նրանցից Ամենահամբերատարը շոյեց գլուխս:
-Դու երևի չես կարողանում լսել ու միշտ արագ հարցեր ես տալիս: Սովորիր լսել, դա շատ կարևոր է: Չէ որ ասվեց, բարին դա մամոնտներն են, իսկ չարը' մենք: Ուրեմն ուշադիր լսիր և աշխատիր այլևս չընդհատել:
Ես ցույց տվեցի, թե հասկացա ու լուռ նստեցի, սակայն, անկեղծ ասած այդ բացատրությունն ինձ չգոհացրեց:
-…Ու Մամոնտների Մեծ Հոգին մեզ ասաց, որ այս նորեկներն արժանի չեն, որ մենք նրանց հետ մնանք այս մոլորակի վրա: Նա արդեն մեզ համար գտել է մի նոր մոլորակ, սրանից էլ լավը, որտեղ չկան այս նորեկներից: Եվ եկել է ժամանակը, որ մեր հոգիները հեռանան այս մոլորակից:
Ես այդ պահին մտածեցի, եթե մամոնտների Մեծ Հոգին, դա մի մեծ, շատ մեծ մամոնտ է, ապա մամոնտների հոգիներն էլ հենց մամոնտներն են: Լավ, այդ դեքում նրանք ինչպես կարող են հեռանալ այս մոլորակից ու բնակվել մի նոր մոլորակի վրա:
-Դու նորից չես լսում մեզ, - Ամենահամբերատար պապիս ձայնն էր, որն ինձ ուշքի բերեց,- կենտրոնացիր ամենակարևորի վրա:
-Ես հենց ամենակարևորի վրա էլ կենտրոնանում էի, փորձում էի հասկանալ…
-Մենք գիտենք, թե ինչ էիր ուզում հասկանալ, այս անգամ խոսեց իմ պապերից Ամենաիմաստունը,-մամոնտները մեր նախապապերին չեն ասել, թե ինչ բան է հոգին, ինչպես է այն տեղափոխվում մոլորակից մոլորակ:
-Բայց չէ որ մենք էլ ենք եկել մի ինչ որ…
-Մենք չենք եկել, մեզ աքսորել են,-հայտարարեց իմ պապերից Ամենահպարտը,-իսկ թե ինչպես են մեզ այստեղ բերել, մեր առաջին նախապապերը չեն հիշում: Դա այնքան էլ կարևոր չէ:
-Դա հենց ամենակարևորն է,-քթիս տակ փնթփնթացի ես, սակայն իմ պապերը, որոնց ես երբեք չեմ տեսել, չլսելու տվեցին ուշարունակեցին իրենց պատմությունը:
-…Մամոնտների Մեծ Հոգին որոշել էր պատժել այս նորեկներին: Նա հրամայեց այլևս ոչինչ չպատմել ձեզ, որպեսզի դուք այդպես անգրագետ, մութ ու վայրենի էլ մնաք:
Այսպես մենք սկսեցինք լուռ ոչնչանալ, իսկ ձեզ համար փակվեցին իմաստության ու գիտելիքի դռները: Վերջինը ես և իմ ընկերուհին էինք: Մենք էինք այդ Տիեզերական Գիտելիքի վերջին կրողներն այս մոլորակի վրա: Մի քանի օր առաջ իմ ընկերուհին մահացավ: Ես նրան սիրում էի: Մի քանի օրից ես էլ կմահանամ, ու մեր հոգիները կմիանան մեր նոր մոլորակում ու մենք այլևս անբաժան կլինենք:
-Ինչ բան է սիրելը,-նորից չհամբերեցի ես:
Իմ պապերը, որոնց ես երբեք չեմ տեսել, լուռ խոնարհեցին իրենց հայացքներն, իսկ նրանցից Ամենազգայունը հատիկ-հատիկ արտասանեց:
-Մենք չգիտենք, թե դա ինչ բան է: Մենք գիտենք, որ դա բայ է և գիտենք, որ այդ բանը կարողացել են անել մամոնտները, սակայն մենք մամոնտներ չենք: Հիմա հասկացար, որ մենք կարիք չունենք այդ բանն անել:
-…Իսկ հիմա ես ձեզ կպատմեմ մի պատմություն,-հանգիստ շարունակել է վերջին մամոնտը, - սա միակ պատմությունն է, որը դուք կիմանաք մեզանից ու կպատմեք ձեր սերունդներին: Այս պատմությունը դուք անընդհատ կձեևափոխեք: Կփոխեք անուններն ու վայրերը, սակայն ձեր բոլոր պատմությունները, միլիոն տարի, կլինեն հենց այս պատմության տարբերակները: Իսկ դա նրանից է, որ դուք ուրիշ ոչինչ չեք ունենա պատմելու: Բայց ամենից սարսափելին կլինի այն, որ դուք նույնիսկ այս պատմության իմաստը երբեք չեք ըմբռնի:
Դա պատահել է շատ վաղուց: Այն ժամանակ այս մոլորակի վրա ապրել են դինոզավրերը: Մենք նրանց չենք տեսել, սակայն գիտենք, որ ի տարբերություն մեզ, մամոնտներիս, նրանք բոլորը չէ, որ բարի են եղել: Նրանցից քչերը շատ չար են եղել ու այս քիչ չարերը կերել են մնացած բարի դինոզավրերին: Իսկ երբ արդեն բարիներ չեն եղել, չարերը սկսել են ուտել…
-Մի րոպե, ես ոչինչ չհասկացա,-ընդհատեցի ես իմ պապերին, որոնց երբեք չեմ տեսել,-դուք հենց նոր ասացիք, որ բարիները մամոնտներն են, իսկ չարերը' մենք: Ուրեմն ստացվում է, որ դինոզավրերը եղել են և մամոնտներ, և…
-Ջահ Մարիանիան պատմելուց շատ հյուծված է եղել, իսկ մեր առաջին նախապապերն էլ չեն հարցրել: Մենք էլ հիմա չենք կարող քեզ բացատրել: Մենք միայն գիտենք, որ դինոզավրերը եղել եմ մեզանից առաջ: Նրանք եղել են նույնիսկ մամոնտներից առաջ: Սրանք իրար երես իսկի չեն էլ տեսել: Ահա թե որքան բան մենք գիտենք: Իսկ հիմա լսիր շարունակությունը,-բացատրեց իմ պապերից Ամենահամբերատարը:
-…Երբ դինոզավրերի ժամանակը լրացավ, մոլորակի վրա հայտնվեցին ավստրիո-հունգարիաները: Սրանք դինոզավրերին չեն տեսել, եկել են նրանցից հետո և մոլորակի վրա ստեղծել մի մեծ պետություն' Ավստրիո-Հունգարիա: Ուրիշ պետություն չի եղել: Միայն այս մեկը:
-Իսկ ինչ է պետությունը: Ինչպես են այն ստեղծում:
-Վերջապես մի խելացի հարց: Մեր առաջին նախապապերն էլ են այդ հարցը տվել Ջահ Մարիանիային: Սակայն նա, չգիտես թե ինչու, բարկացել է ու ասել, որ այդ բանը մենրոնց երբեք չի բացատրի: Նա միայն ասել է, որ դա շատ հեշտ գործ է, իսկ քանի որ մենք չար ենք, շատ արագ բազմաթիվ պետություններ կստեղծենք, ու կսկենք ավելի ու ավելի չարանալով իրար խժռել: Ահա թե ինչ է ասել Ջահ Մարիանիան:
-Ուրեմն ավստրիո-հունգարիաներն էլ են չար եղել:
Իմ պապերից Ամենահամբերատարը հանգիստ շոյեց գլուխս ու ասաց:
-Նրանք ոչ չար են եղել, ոչ բարի: Ոչ դինոզավրեր, ոչ էլ մամոնտներ: Նրանք եղել են
ավստրիո - հունգարիաներ: Կարծում եմ, որ նրանք մեզ նման էլ չեն եղել:
-Հասկանալի է,-անվստահ տոնով ասացի ես:
- Ոչինչ էլ հասկանալի չէ: Մենք ինքներս մինչև հիմա չենք հասկացել,-խոսեց իմ պապերից Ամենաանհամբերը,-սակայն դու շարունակությունը լսիր:
-…Ավստրիո-Հունգարիայում շատ տոհմեր են ապրելիս եղել, սակայն մենք անունից գիտենք, որ ամենահզորներն ավստրիոներն ու հունգարիաներն են եղել: Եվ եղել է մի անգամ, որ ողջ երկիրը կառավարել է մի երիտասարդ Արքայազն: Նա ոչ ավստրիոներից է եղել, ոչ էլ հունգարիաներից: Այդպես է եղել նրանց երկրի Օրենքը: Այս երկու հզոր տոհմերը իրավունք չունեին երկիրը կառավարելու: Դա միշտ անում էին ամենասակավաթիվ տոհմերը, որպեսզի…
-Իսկ ինչ բան է Օրենքը:
-Դա այն է, որ պետք է բերանդ փակես ու լսես քո պապերի պատմածը, եթե նույնիսկ նրանց երբեք էլ չես տեսել,-բարկացած խոսեց իմ պապերից Ամենախիստը: Իմ պապերից Ամենաիմաստունն ինձ ծածուկ աչքով արեց ու շատ հանգիստ բացատրեց:
-Եթե մենք իմանայինք, թե ինչ բան է Օրենքը, ապա մեզ մոտ ամեն ինչ այլ կերպ կլիներ,-իմ բոլոր պապերը, որոնց երբեք չեմ տեսել, մի պահ կարծես քարացան: Միշտ էլ այդպես էր լինում, երբ խոսում էր Ամենաիմաստունը,-սակայն գնանք առաջ: Իսկ դու նկատեցիր, որ այս ընթացքում, քո բոլոր հասակակիցները քնեցին:
-…Իսկ ավստրիոների հզոր տոհմն առաջնորդել է մի գեղեցիկ Պատանի, իսկ հունգարիաներին, մի չքնաղ Օրիորդ: Այս Պատանու սրտում մեծ Սեր է նստած եղել առ հունգարիաների Օրիորդը: Սա էլ, ասում են թե սիրել է Պատանուն: Իսկ Արքայազնն էլ հենց այդ պատճառով ատել է Պատանուն: Նրա սրտում էլ է մեծ Սեր նստած եղել: Այդպես են պատմել և ավստրիոները, և հունգարիաները…
-Ինչպես է Սերը նստում սրտում: Չէ որ սիրելը բայ է, իսկ հիմա դառավ գոյական ու նստեց սրտում,-դուրս թռավ իմ բերանից:
-Դա ինչպես նկարն ու նկարելը,-բացատրեց իմ պապերից Ամենաերազկոտը, և ես հասկացա, որ մեր առաջին նախապապերին այդպես է բացատրել Ջահ Մարիանիան:
-…Եվ այսպես, Արքայազնի հոգում Ատելություն կար նստած ավստրիոների Պատանու նկատմամբ, որովհետև նրա սրտում մեծ Սեր կար … Ես հասկացա, որ Ատելությունը Սիրո պես մի բան է: Սակայն անհասկանալին այն էր, որ Ատելությունը նստում էր հոգում, իսկ Սերը' սրտի մեջ: Անսպասելիորեն օգնության հասավ իմ, պապերից Ամենախորաթափանցը: Նա երևի նկատել էր, որ ես իրենց չեմ լսում:
-Ատելությունը սրտում տեղ չունի: Նրա տեղը հոգում է, կամ էլ հոգու խորքում: Սիրում են սրտով, իսկ ատում' հոգով:
Այդ ամենն ինձ շատ ծիծաղելի թվաց և ես չկարողացա ինձ զսպել:
-Բայց դուք չգիտեք, թե ինչ բան է հոգին, կամ էլ, առավել ևս հոգու խորքը: Չգիտեք, թե ինչ բան է Ատելությունը: Այդ ինչպես իմացաք, թե ինչպես կարող է մեկը նստել մյուսի խորքում: Իսկ Սերը, չէ որ դա էլ չգիտեք, թե ինչ բան է: Ասում եք նկարի պես մի բան: Ինչպես կարող է այն նստել սրտում:
-Մեր առաջին նախապապերին այդպես է պատմել Ջահ Մարիանիան,- վիրավորված խոսեց իմ պապերից Ամենահպարտը,-երբ սովից մահացել է Ջահ Մարիանիայի ընկերուհին, նա ասել է, որ մեր առաջին նախապապերը սպանել են իր Մեծ Սերը: Բայց նա սուտ է խոսել, մեր առաջին նախապապերը չեն սպանել նրա ընկերուհուն: Նա ինքնակամ սովամահ է եղել: Մեծ Սերը, երևի նրա…
-Ջահ Մարիանիան երբեք չէր կարող սուտ խոսել, որովհետև նա չգիտեր, թե ինչ բան է Սուտը, այնպես ինչպես մենք չենք չենք կարող սիրել, որովհետև չգիտենք թե ինչ բան է Սերը,- ճչացի ես:
-Դու ճիշտ ես, հանգստացիր: Ջահ Մարիանիան երբեք չէր կարող սուտ խոսել: Ուղղակի չէր կարող և վերջ: Իսկ Մեծ Սերը հաստատ անուն չի եղել, սակայն ցավն այն է, որ մենք չգիտենք, թե դա ինչ է եղել, բայց դու ուշադիր շարունակությունը լսիր,-իր ծանր խոսքն ասաց իմ պապերից Ամենաիմաստունը:
-…Պատահեց այնպես, որ ավստրիոների առաջնորդը' Պատանին, մահացավ: Եվ բոլորը սկսեցին կասկածել Արքայազնին: Իսկ սրա տոհմը փոքր էր ու թույլ և չկարողացավ ուժով հանգստացնել բոլորին: Սակայն ես, Ջահ Մարիանիաս, մեռնելուց առաջ հայտարարում եմ, որ այդ ամենը նախանձ մարդկանց հնարածն է, որ Արքայազնը ոչ մի կապ չուներ այդ դժբախտության հետ: Ու նրա հոգում ոչ մի Ատելություն էլ նստած չի եղել: Ճիշտ է, նա սիրել է Օրիօրդին, դա ճիշտ է, սակայն այդ մասին նույնիսկ Օրիորդին ոչինչ չի ասել, սակայն կարող էր: Մենք մամոնտներս գիտենք ողջ ճշմարտությունը, չնայած չենք տեսել ավստրիոներին ու հունգարիաներին: Նա մեղք չուներ, լսում եք: Հիշեք այս բանը: Հիշեք, որ նա Արդար էր ու Անմեղ,-ուժասպառ ու հևալով խոսել է Ջահ Մարիանիան: Ու մեր առաջին նախապապերը նկատել են, որ նա այդ պահին բարկությունից կարմրել է, իսկ աչքերից կայծեր են թռել: Մեր առաջին նախապապերին զարմացրել է, թե ինչու է Ավստրիո-Հունգարիայի Արքայազնի հարցը այդպես բորբոքել մեռնող վերջին մամոնտիկին:
-Որովհետև նա այդ ամենի ականատեսն է եղել, չնայած, որ մամոնտները հետո են եկել: Նա չի ստում, չգիտեմ թե ինչպես, բայց այդ ամենն ինքը տեսել է: Թե ինչպես, հաստատ չի ցանկացել բացատրել մեր առաջին նախապապերին: Թե ինչու, չգիտեմ, սակայն վստահ եմ, որ նա այդ ամենի ականատեսն է եղել,-բարձրաձայն սկսեցի մտածել ես:
-Երևի վստահ է եղել, որ մերոնք չեն հասկանա,-միտքս շարունակեց մեր պապերից Ամենախելացին:
Հետո մեր առաջին նախապապերը որոշել են խորամանկել: Նրանք առաջարկել են Ջահ Մարիանիային հանգստանալ, մի փոքր սնունդ ընդունել, իսկ հաջորդ օրը շարունակել այդ պատմությունը: Վերջին մամոնտը քմծիծաղ է տվել:
-Այո, մենք բարի ենք, բայց ոչ հիմար: Դուք սպանեցիք մեզ, սպանեցիք իմ Մեծ Սերը, իսկ հիմա էլ ցանկանում եք, որ ես ավելի երկար մնամ ձեզ հետ: Լսեք շարունակությունը, որովհետև ձեզ շատ քիչ ժամանակ է մնացել:
-Իսկ միգուցե քեզ է շատ քիչ ժամանակ մնացել, Ջահ Մարիանիա,-չարախնդացել են մեր առաջին նախապապերը:
Ջահ Մարիանիան ծիծաղելով թափահարել է գլուխն ու շարունակել:
-Դուք անուղղելի երջանիկներ եք, որովհետև անուղղելի հիմարներ եք, բայց մի օր ամեն ինչ կհասկանաք, պետք է որ հասկանաք, ես հույս ունեմ, որ կհասկանաք, հակառակ դեպքում այսքան երկար չէի մնա ձեր կողքին: Ուրեմն այսպես: Ավստրիոների առաջնորդ Պատանիի մահվանից հետո, ինքնասպան է եղել Հունգարիաների առաջնորդ չքնաղ Օրիորդը: Իհարկե, այս ամենից հետո Ավստրիո-Հունգարիայում բոլորը սկսել են ատել երկրի ղեկավար Արքայազնին: Այդ ամենը մեծ ցավ է պատճառել նրան, որովհետև նա ոչ մի առնչություն չի ունեցել կատարվածի հետ: Հետո կատարվել է մի բան, որն ավելի է ծանրացրել դրությունը: Փաստորեն բոլորն էլ սխալվել էին: Մահվան երորրդ օրը ավստրիոների Պատանին բացել է աչքերը: Բայց արդեն շատ ուշ էր: Իմանալով Օրիորդի մահվան մասին, նա էլ ինքնասպան է եղել ու միացել իր սիրելիին: Ահա թե ինչ Մեծ Սեր է եղել Ավստրիո-Հունգարիայում:
-Իսկ Արքայազնը,-անհամբեր հարցրել են մեր առաջին նախապապերը, վախենալով, որ Ջահ Մարիանիան կարող է այլևս չխոսել:
-Արքայազնը հասկանալով, որ ինքը ոչինչ չի կարող անել մեղադրանքներից ազատվելու համար, կատարել է միակ ճշմարիտ ու հուսահատ քայլը: Ավստրիո-Հունգարիայում կար մի լեռնային Աղի Լիճ, որի ափին կար մի բարձր ժայռ: Այդ ժայռի գագաթին էր գտնվում Արքայազնի ամրոցը: Դա Ավստրիո - Հունգարիայի կենտրոնն էր, աշխարհի կենտրոնն էր, մոլորակի կենտրոնը, եթե կուզեք' Տիեզերքի…
-Ջահ Մարիանիա, մենք քեզ ուշադիր լսում ենք, մի հուզվիր, մի փոքր շունչ առ,- բորբոքված մամոնտին փորձել են հանգստացնել մեր առաջին նախապապերը: Այս անգամ նրանք իսկապես ազնիվ են եղել, առանց հետին մտքերի:
-…Արքայազնը բարձրացավ…
-Տիեզերքն ինչ բան է,-կախարդածի նման շշնջացի ես: Իմ պապերը, որոնց ես երբեք չեմ տեսել, խեղճացած նայեցին ինձ, հետո միմյանց, իսկ հետո' երկնքին: Հետևելով նրանց, ես էլ հայացքս հառեցի երկնքին: Մի քանի օրական լուսինն էր, ուղղահայաց դիրքով: Ամպեր չկային, սակայն զարմանալիորեն աստղեր էլ չկային: Միայն երկու աստղ, լուսնից ներքև: Միմյանցից ու լուսնից հավասարաչափ հեռացած: Մի գեղեցիկ եռանկյունի, անամպ գիշերային երկնքում:
-Տիեզերք բառը ասել է Ջահ Մարիանիան, սակայն չի ասել, թե դա ինչ է: Երևի վստահ է եղել, որ մենք մի օր կհասկանանք: Մենք այդ բառը արտասանում ենք միայն այն ժամանակ, երբ պատմում ենք Ջահ Մարիանիայի անունից: Երբ հասկանանք, այդ ժամանակ էլ կդառնա մեզ համար հարազատ ու հասկանալի մի բան:
-Լավ, իսկ ինչ եղավ Արքայազնի հետ,-հանկարծ զգացի, որ բառերիս մեջ հրամայողի երանգներ երևացին: Ու մի ուրախ փայլ անցավ իմ պապերի աչքերով, նրանք իրենցից գոհ, շարունակեցին:
-…Նա բարձրացավ մեծ ժայռի գագաթին կառուցված ամրոցի ամենաբարձր աշտարակի վրա, ձեռքերը պարզեց դեպի երկինք ու խոսեց Ավստրիո-Հունգարիայի Մեծ Հոգու հետ:
…Դու տեսար, թե ինչ կատարվեց մեր երկրում և դու ամեն ինչ գիտես: Եթե ես մեղավոր եմ, ոչնչացրու ինձ և ամուր պահիր Ավստրիո-Հունգարիան: Իսկ եթե ես անմեղ եմ, ոչնչացրու ինձ էլ Ավստրիո-Հունգարիան էլ, ավստրիո-հունգարիաներին էլ հետը, քանզի մենք արժանի չեղանք Քեզ: Արժանի չեղանք այս մոլորակին…
Այս բառերն ասելուց հետո, նա իրեն նետել է ներքև, ու Աղի Լճի ալիքները առհավետ ծածկել են նրան: Ժայռի շուրջը հավաքված ավստրիո-հունգարիաները թոթվել են ուսերն ու քմծիծաղ տալով գնացել են իրենց գործերով: Լուրը շատ արագ տարածվել է աշխարհով մեկ, ու ավստրիոներն էլ, հունգարիաներն էլ, լսելով կատարվածի մասին, ականատեսների նման, քմծիծաղ են տվել: Նրանք բոլորն էլ վստահ են եղել, որ մեղավորը Արքայազն է ու նա ստացել է իր պատիժը:
-Եթե Արքայազնը խոսել է Երկնքի հետ, ուրեմն նա անմեղ է եղել: Չգիտեմ թե որտեղից, բայց ես վստահ եմ դրանում,-հանգիստ, առանց հուզվելու, հատիկ-հատիկ արտասանեցի ես:
Իմ պապերը, որոնց ես երբեք չեմ տեսել, ոչինչ չասացին: Միայն մի ինքնագոհ հայացք գցեցին մեկմեկու վրա ու շարունակեցին:
-…Արքայազնի մահվանից անցավ քառասուն օր, ու Աղի Լճի ջրերը սկսեցին բարձրանալ: Եվս քառասուն օր ու ողջ Ավստրիո-Հունգարիան, ողջ աշխարհը, ողջ մոլորակը մնացին Աղի Լճի հատակում: Ու կործանվեց Ավստրիո-Հունգարիա պետությունը, ու բոլոր ավստրիոներն ու բոլոր հունգարիաները ոչնչացան: Ոչ մեկը ողջ չմնաց: Ու ամբողջ մոլորակի վրա մի ժայռ էր ջրից դուրս մնացել' Ավստրիո-Հունգարիայի Արքայազնի ժայռը, որպես նրա Տիեզերական Արդարության հուշարձան: Մենք, մամոնտներս վստահ ենք, որ նրա Հոգին մինչև հիմա էլ ապրում է այդ ժայռի քարանձավներում ու հսկում է այս մոլորակի անդորրը: Եվ վայ նրան ով կխախտի այն:
Այս բառերը լսելիս մեր առաջին նախապապերը մռայլվել են, սակայն տեսնելով, որ Ջահ Մարիանիան ուժասպառ է լինում, որոշել են այլևս նրան չընդհատել: Ես էլ որոշեցի չընդհատել իմ պապերին, չնայած որ էլի հարցեր ունեի ու հայացքս գցեցի երկնքին: Աստղերն ավելի էին մոտեցել լուսնին, իսկ վերջինս հորիզոնական դիրք էր ընդունել' սուր ծայրերը վերևում, իսկ աստղերը ներքևում:
-…Հետո, հետո էլի քառասուն օրվա ընթացքում Աղի Լճի ջրերը ետ քաշվեցին ու մոլորակը ստացավ իր այսօրվա տեսքը: Հենց այդ ժամանակ էլ առաջին մամոնտները եկան այս մոլորակ: Նրանց առաջին բնակավայրը, հենց Աղի Լճի հովիտն է, որի ափին մինչև հիմա էլ կանգնած է Արքայազնի Ժայռը:
Ահա այն ամենը, ինչ ես ցանկացա ձեզ պատմել: Դուք հիմա հենց այդ հովտում էլ ապրում եք: Սակայն այս պատմությունից բացի, դուք ուրիշ ոչինչ չեք իմանա: Դուք ու ձեր ժառանգները կգրավեք ողջ մոլորակը, կհանդիպեք շատ լճերի ու ժայռերի ու կբնակվեք այդ նոր տարածքներում:
Իսկ հետո, իսկ հետո իրար կոչնչացնեք, ապացուցելու համար, որ Ավստրիո- Հունգարիայի Մեծ Սիրո պատմությունը պատահել է հենց ձեր պապերի հետ, հենց ձեր երկրամասում, հենց ձեր լճի հովտում: Ու կապացուցեք, որ ձեր Մեծ Նախապապն է եղել Արքայազնը, որն էլ իբրև թե ապրում է հենց ձեր լեռան քարանձավում: Բայց դա այդպես չէ: Ահա այստեղ է այդ ամենը տեղի ունեցել ու ձեզ հետ էլ ոչ մի կապ չունի:
Այս վերջին բառերն ասելով Ջահ Մարիանիան դանդաղ փակել է աչքերը, ու մեր առաջին նախապապերը կարծել են, թե Ջահ Մարիանիայի Հոգին հեռանում է մեր մոլորակից: Սակայն որոշ ժամանակ անց նա անսպասելի բացել է նախ մեկ աչքը, իսկ հետո մեծ դժվարությամբ' երկրորդը ու հավաքելով իր վերջին ուժերի փշրանքները, ժպտացել է մեր առաջին նախապապերին:
-…Հիշեք ամենակարևորը: Ավստրիո-Հունգարիաների Արքայազնը արդար էր ավստրիոների, հունգարիաների ու Ավստրիո-Հունգարիայի Մեծ Հոգու առաջ: Մենք, մամոնտներս նրան անվանում ենք Արդարության Ոգի: Եվ նա մինչև հիմա էլ ապրում է այդ ժայռի սրտում: Արժանի եղեք նրան, և նա ամենածանր պահին ձեզ ցույց կտա միակ Ճշմարիտ Ճանապարհը: Հակառակ դեպքում կարժանանաք կամ դինոզավրերի, կամ էլ Ավստրիո-Հունգարիայի ճակատագրին: Ես ձեզ սիրում եմ և վստահ եմ, որ մի օր …
Իմ պապերը, որոնց ես երբեք չեմ տեսել' լռեցին:
-Մի օր ինչ: Ինչ մի օր,-գոռացի ես ու իմ պապերը վախից ձգվեցին, իսկ իմ պապերից Ամենահամարձակը խոնարհեց գլուխն ու ասաց:
-Վերջին բառերն արտասանելիս Ջահ Մարիանիայի աչքերը սառել են ու նրա Հոգին այդպես ժպտալով էլ հեռացել է մեր մոլորակից:
Հիմա արդեն աստղերն էին վերևում, իսկ լուսինը' ներքևում: Աստղերը, որոնցից մեկն ավելի մեծ էր ու պայծառ, գտնվում էին նորալուսնի երկ սուր ծայրերի վերևում :
Կարծես լուսինը մի անտեսանելի շղթայով կախված էր աստղերից:
-Այսպես պատահում է միայն երկու հազար տարին մեկ,-իմ պապերից
Ամենագիտունի ձայնն էր: Նրանք էլ շլացած նայում էին երկնքին, իսկ աստղերը շարունակում էին լուռ մոտենալ իրար:
-Երևի վերջին վայրկյաններին նա հստակ տեսել է իր սիրելի մամոնտուհուն, որը նրան սպասել է իրենց նոր մոլորակում,-մեզ երկիր վերադարձրեց իմ պապերից Ամենանրբանկատը:
Ես ոտքի կանգնեցի, ու իմ բոլոր իննը պապերն էլ ոտքի կանգնեցին ու իմ առաջ կիսաշրջան կազմած քարացան:
-Ջահ Մարիանիան իր վերջին վայրկյաններին տեսել է մեր վերջին օրերը: Ահա թե ինչու է նա ժպտացել,-սառը տոնով խոսեցի ես,-ահա, տեսեք, Ջահ Մարիանայի ու նրա Մեծ Սիրո հոգիները միացան Տիեզերքում: Ու Լուսինն էլ հսկում է, որ ոչինչ չխանգարի նրանց ժամադրությանը: Հսկում է, որպեսզի այլևս ոչ ոք չկարողանա խաթարել նրանց Երկնային Սերը: Լուսաբացից առաջ նրանք լուռ կհեռանան, երկու հազար տարի հետո հանդիպելու անխախտ որոշում ընդունած: Եվ այս բաժանման առաջին մեղավորները հենց մենք ենք եղել: Մենք ենք սպանել Ջահ Մարիանիային ու նրա Մեծ Սերը: Մենք ենք Սպանել Ավստրիո -Հունգարիայի Արքայազնին:
Մի պահ ինձ թվաց, թե սիրտս ուր որ է կպայթի: Սպանելու, ոչնցացնելու ու հոշոտելու մի անսահման կիրք ծնվեց իմ ներսում ու ես արնակալած աչքերս ուղղեցի իմ պապերից Ամենաիմանտունի վրա: Այո նրանք բոլորն էլ այստեղից ողջ չէին հեռանալու: Եվս մեկ վայրկյան ու…
-Դու քեզ հազիվ ես զսպում, որովհետև մեր ներկայությամբ արտասվելու իրավունք չունես: Ու ստիպված պիտի փորձես մեզ ոչնչացնել: Եվ դա ճշմարիտ քայլ կլիներ: Իհարկե, մենք կարող էինք այստեղ միմյանց ոչնչացնել, որովհետև ոչ ոք իրավունք չունի քեզ տեսնել, քո թուլության պահին: Սակայն ճակատագրական քայլդ կատարելուց առաջ լսիր, թե ինչ կասեմ քեզ:
Արտասվելը, այն էլ Արքայազնի կամ էլ Ջահ Մարիանիայի սպանված Մեծ Սիրո համար, որոնց երբեք չես էլ տեսել' թուլություն չի: Դա Տիեզերական Շնորհ է, որից մենք զրկված ենք եղել: Ահա թե ինչու են մեզ մեկ անգամ աքսորել: Իսկ դու մեզ վերադարձրիր այդ Շնորհը: Հիմա մենք բոլորս էլ մեր անելիքը գիտենք, իհարկե բացի քեզնից: Հիմա արդեն հույս կա, որ մենք չենք արժանանա ոչ դինոզավրերի, ոչ Ավստրիո-Հունգարիայի, և ոչ էլ մամոնտների ճակատագրին: Մենք այս մոլորակը կդարձնենք այնպիսին, որ մի գեղեցիկ օր բարի դինոզավրերը կվերադառնան, Ավստրիո-Հունգրիայի Արքայազնը կվերադառնա, բոլոր մամոնտները կվերադառնան, ու Ջահ Մարանիան, իր Մեծ Սիրո հետ կվերադառնա:
Մենք ուրիշ տարբերակ ուղղակի չունենք: Մենք դատապարտված ենք շահել այս Տիեզերական Ճակատամարտը: Նահանջելու տեղ այլևս չունենք: Չափից ավելի շատ բան ենք կորցրել, վախենալու համար: Տես, Ջահ Մարիանիան ու նրա Մեծ Սերը հեռանում են: Նրանք կհանդիպեն երկու հազար տարի հետո, բայց արդեն մեզ մոտ, այստեղ, հենց այս մոլորակի վրա: Իրենց իրական Հայրենիքում: Սա է հիմա մեր միակ խնդիրը: Եվ այս խնդիրը մենք միասին պետք է լուծենք: Ուղղակի պարտավոր ենք:
Հիմա ինքդ որոշիր անելիքդ: Մենք պատրաստ ենք ու հենց այնպես մորթվելու ոչ մի մտադրություն չունենք: Մենք քեզ էլ կոչնչացնենք, մեզ էլ, որովհետև քո ուժը, հենց մեր հազարամյա զորության խտացումն է: Գրոհիր պապերիդ, որոնց երբեք չես տեսել: Բացիր մոլորակի դռները չար դինոզավրերի թափառական հոգիների առաջ, ու թող բոլորս էլ այդպիսին դառնալով արյունով ներկենք Արքայազնի Ժայռը: Ընտրությունը քոնն է ու կռիվն էլ քոնը կլինի: Միակ հարցն այն է, թե վերջում հաղթանակը ու՞մ կպատկանի' Ջահ Մարիանիային, Արքայազնին, թե չար դինոզավրերին ու տհաս ավստրիո հունգարիաներին: Կամ մեզ հետ կամ մեր դեմ, երորրդ տարբերակ ուղղակի գոյություն չունի,-ահա թե ինչպես խոսեց իմ պապերից Ամենասակավախոսը:
Ես քարացած աչքերով նայեցի իմ պապերին, որոնց երբեք չեմ տեսել ու ընդամենը մեկ գիշերվա ընթացքում ծերացած դուրս եկա Տաճարից:
Վարդան Սեդրակյան
30.11.2008թ., Երևան