Գաղտնիք չէ, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Երկու երկների միջև վերջին տարիներին զարգանում են նաև տնտեսական հարաբերությունները:
Մասնավորապես' առևտրաշրջանառությունը 2014թ. կազմել է 87,4 մլն. դոլար, նախորդ տարվա նկատմամբ ավելանալով 15 մլն. դոլարով, կամ 20%-ով: 2014թ. առևտրաշրջանառության մեջ 5 մլն. դոլարը կազմել է ՀՀ-ից արտահանումը, իսկ 82.4 մլն. դոլարը դեպի ՀՀ ներմուծումը: ՀՀ-ից արտահանվող ապրանքների մեջ գերակշռել է կոստյումի և վերարկուների արտահանումը 2 մլն. դոլար և մեքենաներում կիրառվող ժապավենները 1 մլն. դոլար: Իսկ դեպի ՀՀ ներմուծման մեջ գերակշռել են' շինարարական կոնստրուկցիաները 13.6 մլն. դոլար, դեղամիջոցներ 11.4 մլն. դոլար, օծանելիք 5.1 մլն. դոլար, բուսական նյութեր 4.7 մլն. դոլար, շշեր և սրվակներ 4 մլն. դոլար:
Ինչպես տեսնում ենք, ԵՄ պետությունների մեջ, Ֆրանսիան այն առաջատար պետություններից է, որը բավականին մեծ ներդրումներ է կատարում Հայաստանում: Այնուամենայնիվ, առկա է ցուցանիշները զարգացնելու ներուժ:
Օրեր առաջ տեղի ունեցավ երկու երկների վարչապետերի միջև հանդիպում: Այն բացառիկ էր, քանի որ այդ մակարդակով վերջին հանդիպումը կայացել է ութ տարի առաջ:
Հանդիպման ժամանակ խոսվել է գիտության, կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, միգրացիայի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման մասին:
Անի Սանոսյան