ԷՀ, ՎԱՐՊԵՏ ՋԱՆ, ԴՈՒ ԷԼ ԳՆԱՑԻՐ...
13 տարեկան տղա էի: Սովորում էի Լենինականի Մերկուրովի անվան նկարչական դպրոցում:
Էդ տարիներին հնարավորություն չկար տեսնել, ծանոթանալ աշխարհում կերպարվեստի, գրականության և ընդհանրապես արվեստի բնագավառում տիրող բազմաձև ու բազմապիսի դրսևորումներին:
Մենք տեսնում էինք այն' ինչ հարմար էր գտնում սովետական կտրող-ծակող-խարտոցող-հարթեցնող գրաքննությունը: Այն էլ սևուսպիտակ խամրած-խանգրած թերթերի միջոցով:
...ԵՎ հանկարծ Լենինականի "Բանվոր" թերթի էջերում կարդացի, որ Ալեքսանդրիայից հայրենադարձված խմբերի հետ Հայրենիք է ժամանել գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը, որին բնակարան է հատկացվել Լենինականում, այն էլ' մեր կողքի փողոցում:
Հետագայում, երբ արդեն Գեղարվեստի ակադեմիայի ուսանող էի' նրան տեսա արդեն մայրաքաղաքում, ուր չխամրող հետաքրքրությամբ մինչև հիմա հետևում էի նրա ստեղծագործական ընթացքին:
Վերջին անգամ նրան տեսա անցած տարի էս ժամանակ: Անկեղծ ասած, դատելով նրա խոսքերից ու հատկապես նրա վերջին շրջանի գործերից, որ ես տեսա նրա արվեստանոց-բնակարանում' հնարավոր չէր մտածել, որ Մաեստրոն պատրաստվում է հեռանալ մեզնից:
Բայց մեզ տրված չէ դատել Աստծո գործերը...
Նա լուռ տքնեց ամբողջ կյանքում իր նկարակալի առջև ու թողեց արտակարգ ինքնատիպ մի արվեստ, որով կհպարտանան հետագա սերունդները:
Իսկ մեզ մնում է ասել, - ԼՈՒՅՍԵՐԻ ՄԵՋ ՄՆԱՍ, ԼՈՒՅՍԻ ՎԱՐՊԵՏ...!
Սամվել Սևադա